
Նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել է նաև դասակի հրամանատարը

ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող զորամասերից մեկից զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել է դասակի հրամանատար Հրաչ Մնացականյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ Հ. Մնացականյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 3581 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Նշենք, որ երեկ նույն կասկածանքով այս գործով ձերբակալվել էին նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը, ինչպես նաև բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Թադևոսյանը: Մեզ հետ զրույցում Մերի Սարգսյանն ասաց, որ վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ նորակոչիկ Մհեր Խլղաթյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով: