Ճապոնական գերհամակարգիչը 144.000 անգամ ավելի դանդաղ է գործել մարդու ուղեղից
The Telegraph-ի փոխանցմամբ՝ գերհամակարգիչների (սուպերհամակարգիչներ) արտադրողականության ցուցանիշով աշխարհում չորրորդ տեղը զբաղեցնող Fujitsu K ընկերությունը մոդելավորել է «մարդկային ուղեղի աշխատանքի վայրկյանը»: Վայրկյանի մոդելավորման համար գերհամակարգչից պահանջվել է 40 րոպե, այսինքն 144.000 վայրկյան:
Աշխատանքի շրջանակներում մոդելավորվել է նեյրոնային ցանց, որը բաղկացած է ավելի քան 50 միլիարդ նեյրոնից: Վստահեցվում է, որ համակարգի բարդությունը համադրելի է «իրական ուղեղի բարդության հարյուրերորդ մասնաբաժնի» հետ:
Գիտնականները, սակայն, չեն հայտնում, թե նեյրոնային ցանցը որչափ ճշգրիտ կարող է փոխանցել այդ մարմնի աշխատանքը. նեյրոնների ու ուղեղի միջև կապերի հստակ սխեման անհայտ է: Հետազոտողների խոսքերով՝ նոր արդյունքը լավատեսություն է ներշնչում:
Նրանք կարծում են, որ առաջիկա տասնամյակներին հնարավոր կդառնա առանձին նեյրոնների մակարդակով մարդկային ողջ ուղեղի աշխատանքի մոդելավորումը: Այդպիսի մոդելավորումը կոչվում է «վարից վեր»:
Մոդելավորումն իրականացվել է 2013 թվականի օգոստոսին՝ գերմանացի ու ճապոնացի հետազոտողների միջազգային խմբի կողմից: Նշվում է, որ ճապոնա-գերմանական նախագիծը մարդու ուղեղը «վարից վեր» մոդելավորելու միակ նախագիծը չէ: Շվեյցարիայում նույնպես իրականացվում են այդօրինակ աշխատանքներ: