Հայաստանը նահանջել է տնտեսական ազատության ցուցիչում
«Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի տվյալների համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝ հավաքելով 68,9 միավոր:
Անցյալ տարվա համեմատությամբ, ըստ «Heritage Foundation»-ի հրապարակված տվյալների, Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով:
Հայաստանը, ըստ հիմնադրամի, եվրոպական տարածաշրջանի 43 պետություններից զբաղեցրել է 18-րդ տեղը: Իր հավաքած միավորներով Հայաստանը գերազանցել է աշխարհի, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների տնտեսական ազատության ցուցանիշները:
«Ցուցիչի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26,7 կետով է բարելավել տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանն առաջխաղացում է ապրել 20 տարի առաջ եղած տնտեսական ճնշվածությունից մինչև այսօրվա տնտեսապես «չափավոր ազատ» պետության՝ գրանցելով ցուցանիշների բարելավում տնտեսական 10 ազատություններից ութի մեջ, այս թվում՝ «ֆիսկալային ազատություն», «պետական ֆինանսական միջոցների կառավարում», «առևտրի ազատություն» և «ֆինանսական ազատություն» ցուցանիշներում: Տնտեսական ազատության ընդհանուր առաջխաղացման շնորհիվ տնտեսական հիմքի դիվերսիֆիկացումը բարելավել է Հայաստանի տնտեսական դինամիզմն ու նվազեցրել աղքատությունը», – նշված է զեկույցում:
Heritage Foundation հիմնադրամի զեկույցի տվյալների համաձայն Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 30 միավոր, «ազատություն կոռուպցիայից»՝ 26,7 միավոր, «ֆիսկալային ազատությունը»՝ 86,5 միավոր, «պետական ծախսերը»՝ 81,3 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 83,1 միավոր, «աշխատանքի ազատությունը»՝ 78,5 միավոր, «դրամական ազատությունը»՝ 77,0 միավոր, «առևտրի ազատությունը»՝ 85,5 միավոր, «ներդրումային ազատությունը»՝ 70,0 միավոր, «ֆինանսական ազատությունը»’ 70,0 միավոր:
Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, դեռևս մնում են զգալի դժվարություններ, մասնավորապես տնտեսական ազատության հիմքը հզորացնելու համար կարևորագույն նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ և համակարգային խորը բարեփոխումների իրականացման հարցում:
«Ինչպես գույքային իրավունքները, այնպես էր ազատությունը կոռուպցիայից միջազգային չափանիշներից զգալիորեն ցածր են մնում, թույլ է մնում նաև իրավական բազան», – ասված է Հայաստանի տնտեսության ազատության վիճակի վերաբերյալ զեկույցում: