Ռոբերտ Քոչարյանի առաջարկը Սերժ Սարգսյանին

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև հեռակա բանավեճը սպառնում է դառնալ ընթացիկ քաղաքական սեզոնի ամենահիթային սերիալը: Բայց՝ ինչպես բնորոշ է գոնե հայկական սերիալներին: Այսօր Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել Տիգրան Սարգսյանին ուղղված հերթական հարցազրույցով՝ ի պատասխան վերջինիս շաբաթ օրվա հրապարակման: Պետք է նկատել, որ Քոչարյանի ու Սարգսյանի փոխադարձ նամակներն արդեն սկսում են նմանվել իրար՝ ինչպես ծավալային, այնպես էլ՝ բովանդակային առումով: Թեև առանց աղյուսակների, սակայն Քոչարյանի այսօրվա հարցազրույցը մոտավորապես նույն ծավալն ունի, ինչ Տ. Սարգսյանի շաբաթօրյա հրապարակումը: Ինչ վերաբերում է բովանդակություններին, ապա երկուսն էլ գրեթե հավասարապես անհետաքրքիր են: Հատկապես այն իմաստով, որ դրանք ոչինչ չեն տալիս հասարակությանը և ոչնչով չեն փոխում մեր իրականությունը: Սակայն այս նամակներն ունեն շատ ավելի կարևոր մի ընդհանրություն: Երկուսն էլ բավականաչափ ճշմարտացի են, չնայած դրանց հեղինակների՝ ճշմարտությունը սեփական շահերին ծառայեցնելու անթաքույց մղումներին: Իսկ դա նշանակում է, որ ինչպես Քոչարյանն է իրավացի Սարգսյանին ուղղված իր քննադատության մեջ, այնպես էլ վերջինս է իրավացի՝ Քոչարյանին պատասխանելու իր ոչ այնքան համարձակ փորձերում: Այս փոխադարձ մեղադրանքներից Քոչարյանի կողմնակիցների միակ հետևությունն այն է, որ Տ. Սարգսյանը պետք է հեռանա: Քանի որ վերջինս նույնչափ համարձակ կողմնակիցներ չունի, նրանցից որևէ մեկը չի հանդգնում պատասխանել՝ այդ դեպքում պետք է հեռանա նաև Քոչարյանը: Վերջինիս պարագայում հեռանալ ասածը, իհարկե, պետք է հասկանալ այն իմաստով, որ նա չպետք է մտածի քաղաքականություն վերադառնալու մասին՝ դրա հիմքում դնելով Տ. Սարգսյանի ձախողումների միջոցով ռեաբիլիտացվելու մարտավարությունը: Եվ սա՝ այն դեպքում, երբ նույն Տիգրան Սարգսյանն ավելի քան 10 տարի ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն էր և մեծ վնասներ հասցրեց ՀՀ բանկային համակարգին, հետևաբար՝ տնտեսությանը: Այն ժամանակ էլ շատերն ահազանգում էին այդ մասին (թե՛ հրապարակային ելույթներում, թե՛ մամուլում), և որևէ ուշադրության Ռ. Քոչարյանի կողմից չէին արժանանում:  Այո՛, Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, ձախողել է Հայաստանի տնտեսության կառավարումը՝ այն հասցնելով, մեղմ ասած, խայտառակ վիճակի: Դրա համար արդարացիորեն նա արժանանում է գրեթե բոլորի քննադատությանը: Բայց մյուս կողմից՝ երբ մարդը, ում նախագահության օրոք  Հայաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27 ու Մարտի 1, ում ղեկավարությամբ սկսվել է Հայաստանը Ռուսաստանին հանձնելու քաղաքականությունը, և այլն, փորձում է դրական լույսի ներքո ներկայանալ՝ քննադատելով այսօրվա քաղաքականությունն իրականացնողներից մեկին, ազնիվ չէ: Ռ. Քոչարյանն ասում է, թե անիմաստ ու անհույս է համարում բանավիճելը մի վարչապետի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է նա ի սկզբանե բանավեճի մեջ մտել այդ վարչապետի հետ՝ վստահաբար մինչ այդ էլ իմանալով, որ դա անհույս զբաղմունք է: Ինչո՞ւ Քոչարյանն իր քննադատությունը չի ուղղում այդ վարչապետին 6 տարի շարունակ իր պաշտոնում թողած նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Իրականում սա է միակ ու ամենակարևոր հարցը, որն առաջանում է Քոչարյան-Սարգսյան (Տիգրան) այս բանավեճից: Այս հարցին անուղղակիորեն պատասխանել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա հարցազրույցում: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր հարցազրույցները մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ են, նա ասել է. «Ես արտահայտվել եմ և արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի և ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից»: Այսինքն, Քոչարյանը չի հերքել քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունը, այլապես այդ մասին ուղիղ որևէ նախադասություն կասեր՝ փակելով այդ հարցի շուրջ քննարկումները: Հակառակը՝ նա պատասխանը ձևակերպել է այնպես, որ այդ քննարկումները շարունակվեն հնարավորինս երկար: Միևնույն ժամանակ, նա հստակ հասկացրել է, որ հավակնությունը ներկայումս վարչապետի պաշտոնն է, որը զբաղեցնողի հետ էլ ինքը մտել է անիմաստ բանավեճի մեջ: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին այսպիսով առաջարկում է (կամ գուցե հիշեցնում է նախկին պայմանավորվածությունները)՝ իրեն տալ վարչապետի պաշտոնը՝ ուղղակի առճակատումից խուսափելու կամ «զինադադար» կնքելու դիմաց: Սակայն Ս. Սարգսյանի համար դա կնշանակի՝ իշխանությունը հանձնելու փուլային տարբերակ: Հատկապես, որ նման փորձ կա. 1998 թվականին Ռ. Քոչարյանը հենց վարչապետի պաշտոնում լինելով է Լևոն Տեր-Պետրոսյանից վերցրել իշխանությունը: Ի դեպ, Ս. Սարգսյանի անմիջական աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս