Վարչապետ կդառնա ցուցակի առաջին համարը

Ապրիլի 20-ին լրանում է այն ժամկետը, երբ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը նախագահ Սերժ Սարգսյանին պետք է ներկայացնի առաջարկվող փոփոխությունների հայեցակարգը: Թե ի՞նչ հայեցակարգ է պատրաստվում ներկայացնել հանձնաժողովը, պարզ կլինի այդ հայեցակարգի հրապարակումից հետո: Բայց արդեն կան որոշ մանրամասներ, որոնք ցույց են տալիս, թե հատկապես ինչ ուղղությամբ են իրականացվելու սահմանադրական փոփոխությունները:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը կառավարման գործող կիսանախագահական համակարգի փոփոխությունն է: Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կդառնա խորհրդարանական, քանի որ ընտրովի կլինի ոչ միայն նախագահը, այլ նաև վարչապետը, որի լիազորությունների շրջանակն անհամեմատ կընդլայնվի՝ ի հաշիվ նախագահի լիազորությունների:

Վարչապետի ուղղակի ընտրություն, իհարկե, չի լինի, բայց այն անձը, ում ղեկավարած ցուցակը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կստանա առավել մեծ թվով քվեներ, կստանձնի վարչապետի պաշտոնը և իրավունք կունենա ձևավորել կառավարություն: Այսինքն՝ ընտրողները խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալով այս կամ այն ցուցակին՝ որոշելու են, թե ում են ուզում տեսնել վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ գործող համակարգի պայմաններում վարչապետը կարող է ընդհանրապես չլինել ցուցակում, և նշանակվել ցանկացած անձ, ում կցանկանա նախագահը՝ ստանալով խորհդարանական մեծամասնության աջակցությունը:

Մենք գրել էինք նաև, որ խորհրդարանական ընտրություններում կիրառվելու է քվեարկության ռեյտինգային համակարգի սկզբունքը: Այսինքն՝ ընտրողը ձայն է տալու ոչ միայն կոնկրետ կուսակցական ցուցակի, այլև այդ ցուցակում ընդգրկված կոնկրետ անձին: Եվ որքան շատ է տվյալ անձը ձայներ ստանում, այնքան նա ավելի է բարձրանում ցուցակում և հայտնվում ավելի անցողիկ տեղում:

Բայց ռեյտինգային տարբերակն ունի մի շոշափելի թերություն. ընտրության արդյունքը կարող է ցուց տալ, որ կուսակցության ֆորմալ ղեկավարն ավելի քիչ հանրային աջակցություն ունի, քան դրա որևէ այլ անդամ: Այսինքն՝ ընտրությունների արդյունքում կարող է կուսակցության ներսում ևս տեղի ունենալ իշխանափոխություն: Որևէ ժողովրդավարական երկրում սա կդիտվեր նորմալ երևույթ, քանի որ կհամարվեր, որ կուսակցությունը պետք է ղեկավարի հենց այն  մարդը, ով առավել մեծ ժողովրդականություն ունի:

Սակայն Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշել է կանխել դեպքերի նման անցանկալի ընթացքը: Ռեյտինգային քվեարկությունը չի վերաբերելու ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնողներին. նրանք մնալու են անփոփոխ: Կա նույնիսկ առաջարկություն, որ անփոփոխ մնան ցուցակի առաջին 10 տեղերը զբաղեցնողները: Բայց եթե այս սկզբունքն ամրագրվի, ապա ռեյտինգային քվեարկության իմաստն ընդհանրապես կարժեզրկվի, քանի որ կան կուսակցություններ, որոնց միայն առաջին հինգ անդամներն են մտնում խորհրդարան: Եվ այս կուսակցությունների դեպքում կստացվի, որ ընտրողը ցուցակի ձևավորման վրա որևէ ազդեցություն չի ունեցել:

Մյուս փոփոխությունը, որ ցանկանում են ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, հանրաքվեի ինստիտուտի առավել հաճախակի կիրառումն է պետության համար սկզբունքային հարցերի լուծման ժամանակ: Մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսին այս կամ այն միջազգային կազմակերպությանը միանալն է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց՝ միանալ Մաքսային միությանը: Այդ միությանը միանալը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության որոշակի սահմանափակում: Սահմանադրական իրավունքի մասնագետները համարում են, որ ինքնիշխանության սահմանափակումն ընդունելի կարող է համարվել, եթե դա արվել է ժողովրդի համաձայնությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Տեսանյութեր

Լրահոս