Մարդը գնում է, անունը՝ մնում
Սրտի խոր կսկիծով լսեցինք ժամանակակից հայ արձակի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը: Այլևս մեզ հետ չէ մեր ընկերը, հայրենակիցը, զգայուն ու ազնիվ հայը, փայլուն գրողն ու մտավորականը: Նախախնամության կամոք մարդկային մտքի ու ոգու մի հզոր ընթացք կասեցվեց, մի լուսավոր նպատակ խաթարվեց, որի կրողն իր կառավար թափի մեջ դեռ շատ ասելիք ու անելիք ուներ: Ավաղ, մեզ մնաց եղածով, ստեղծվածով բավարարվելու մխիթարությունը, իսկ մնացածը նա իր հետ երկինք տարավ` Աստծո տվածը վերադարձնելու:
Ջավախքում էր ծնվել, հպարտ էր, որ ջավախքցի է, Ջավախքը հպարտ էր, որ նման պայծառ զավակ ուներ:
Բայց լինելով փառահեղ ջավախքցի, նա, այնուամենայնիվ, զերծ մնաց էժանագին գավառական հայրենասիրության տարփողումից, նրա հոգում ապրող լայնախոհ հայը իր մեջ ընդգրկուն ու ամբողջական պահեց Հայաստան աշխարհի հոգսն ու ուրախությունը, խինդն ու դառնությունը, և պետական ու ազ•ային արժեքները բացառապես համահայկական շահերի համատեքստում արժևորեց: Արցախում պատերազմ էր` ինքը զենքը ձեռքին զինվոր էր, ապա խաղաղություն էր` ինքը դարձյալ զինվոր էր` այս անգամ գրասեղանի առաջ ու հասարակական կյանքում: Նրա տեսակը երկրի սահման պահող տեսակ էր, հող ու հայրենիք շենացնող և վեհացնող, ազգ ու ժողովուրդ պաշտող տեսակ էր:
Պղնձի փափկությունը իր վարքով ու նկարա•րով էր մերժում, ինքը երկաթի կարծրության մեջ էր: Ուժեղի ճակատագիր է` նրանք ձիու վրա ու մտրակը ձեռքերին են գնում: Միտքն անընդհատ բառ ու տողի կախարդանքով էր հմայված, գրականության, գրական տեքստի հանդեպ ինչ-որ վերերկրային պաշտամունք ուներ, բծախնդիր մի սևեռում, ինչն էլ նրա արձակը դարձնում էր ջղուտ ու անխոցելի: Զարմանալի հոտառություն ուներ գրական տեքստի ընկալման և գնահատման հարցում, իր նկարագրածը տեսանելի դարձնելու անվրեպ աչք ուներ, իր մտքով տեսածը մեզ աչքով տեսցնելու անուրանալի տաղանդ: Եվ դա նրա գրողական խաչն էր, հավատամքը, նրա այրումն ու մոխրացումը: Վարպետ էր արձակի մեջ, ճշմարիտ արձակի այդ հրեղեն թափի սանձը ձեռքին էր, բայց, ափսոս, ապրած կյանքը մի տեսակ տերյանական խոհով ու տխրությամբ ամփոփվեց. «Ինչ մնաց ինձ` ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ…»: Մնաց գիրը, մաշկազերծ իրականությամբ վավերացված գիրը, վարպետ արձակագրի աջով կնիքավորված գիրը…
Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով մենք մեր վշտակցությունն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Ինքն այլևս չկա, բայց կա իր ծանրակշիռ վաստակն ու թողած բարի անունը: Ուրեմն կա նաև մխիթարվելու խոհեմությունն ու խոնարհումի արժանապատվությունը: Աստված հոգին լուսավորի, և ինչպես Ջավախքում են ասում` թող որ լույսի փայ դառնա:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահություն