«Քոչարյանը որևէ բան ցանկանալու պարագայում դրա մասին ասում է առանց միջնորդավորվածության»

168.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հետ

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում խիստ քննադատեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասելով, թե թերարժեք վարչապետը ճոխություն է երկրի համար, որ պատասխանատվությունից խուսափոխը դեգրադացիա է ապրում և այլն: Ըստ Ձեզ` ինչո՞ւ երկրորդ նախագահը որոշեց հիմա քննադատել Տիգրան Սարգսյանին: Ի՞նչն է նման գնահատականների պատճառ դարձել:

– Հարկավ ես հարցադրումը կոռեկտ չեմ համարում, որովհետև նման հարցեր կարելի է ուղղել անձամբ Ռոբերտ Քոչարյանին կամ նրա գրասենյակին, բայց որովհետև հարցը հնչել է, և Քոչարյանի հետ համատեղ աշխատանքի ժամանակահատվածում նաև ինձ մոտ ձևավորված է Ռոբերտ Քոչարյան մարդ, քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ կերպարը, կասեմ հետևյալը. եթե նկատել եք` Ռոբերտ Քոչարյանը հազվադեպ է անդրադառնում այլոց ասածներին, իր նախագահության ժամանակաշրջանի մասին անհիմն քննադատություններին, ինչպես նաև իր անձի դեմ ուղղված «հարձակումներին»: Բայց այս պարագայում, երբ մեկ ուրիշը փորձում է իր ներկայիս ձախողումները բարդել մի մարդու վրա, ում ղեկավարության օրոք ինքը զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոն, և գոնե ինձ մեր հանդիպումների ժամանակ մի քանի անգամ ասել է, որ իր համար զարմանալի է, թե ոնց է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարողանում շատ արագ ընկալել ու տիրապետել կոնկրետ ոլորտ իր ողջ խորությամբ ու մանրամասնություններով (ընդ որում՝ այդպես ասողներն այն ժամանակ շատ էին), այժմ իր մեղքը բարդում է կոնկրետ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանի և նրա կողմից ձևավորված Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարության սխալ տնտեսական քաղաքականության վրա: Քաղաքականություն, որի ճարտարապետներից եղել է նաև Տիգրան Սարգսյանը:

Այս պարագայում, ըստ իս, եթե պարոն Քոչարյանը չարձագանքեր, Տիգրան Սարգսյանի ասածը կընկալվեր այլևս որպես բացարձակ ճշմարտություն, որը, սակայն, իրականության հետ որևէ եզր չունի:

Կարդացեք նաև

– Տեսակետներ կան, որ Ռ. Քոչարյանի քննադատությունը հայտ էր` վարչապետի աթոռի համար: Համամի՞տ եք հնչող կարծիքներին:

– Ես բավականին շատ առիթներ եմ ունեցել տարբեր իրավիճակներում ուղղակի գտնվել պարոն Քոչարյանի կողքին: Ասեմ հետևյալը, որ ինձ մոտ ձևավորված կարծիքով Քոչարյանը որևէ բան ցանկանալու պարագայում դրա մասին ասում է ուղղակի և առանց միջնորդավորվածության: Ընդ որում, նրա համար որպես չափանիշ միշտ եղել է հնարավորության և իրականության ճշգրիտ գնահատումն ու համապատասխանությունը:

Նրան բնութագրող հիմնական հատկանիշը, կարծում եմ, ոչ միայն իր ծառայությունների անհրաժեշտության գնահատումն է, այլ նաև տվյալ ժամանակահատվածի աներկբա պահանջը: Իսկ կոնկրետ այս պարագայում պարոն Քոչարյանը տվել է մի գնահատական, որի հետ առարկություն ունեցողները կարող են ներկայացնել իրենց հակափաստարկները, եթե այդպիսիք կան:

Տեսանյութեր

Լրահոս