Ովքե՞ր են Ռոբերտ Քոչարյանի «հավատարիմ» զինվորները. ԳԱԼԱ
Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
– Տարեվերջին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ոչ պաշտոնական կայքէջին տված հարցազրույցում հանդես եկավ քննադատական շեշտադրումներով՝ կապված գործող վարչապետի հետ: Այս հարցազրույցի վերաբերյալ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է: Քոչարյանն արդյոք քաղաքականություն վերադառնալու իր հավակնություննե՞րը դրսեւորեց…
– Պուտինի վերադարձից հետո միշտ այդ հնարավորությունը կա, որ Քոչարյանը վերադառնա քաղաքական բեմի վրա: Այսպես ասենք` Քոչարյանը քար է Սարգսյանի կոշիկի մեջ: Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություններ արեց եւ հարցազրույց տվեց, որպեսզի ցույց տա, որ ինքը ներկա է եւ ալտերնատիվ տարբերակն է, եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները փոխվեն:
Պուտինն, անշուշտ, ավելի լավ հարաբերությունների մեջ է Քոչարյանի հետ, բայց կարծես թե քաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններ չկան, որպեսզի Քոչարյանը վերադառնա: Կարող են լինեն միայն դիվանագիտական գործոններ Քոչարյանի վերադարձի համար, բայց դա դեռ չի նշանակում, որ դա էլ կարող է լինել բավարար պայման:
Սեպտեմբերից սկսած Հայաստանի իշխանությունը կորցրեց իր անկախության որոշակի տոկոսներ: Ռուսաստանը կարծես թե ուզում էր ավելի «խփել» Սարգսյանին, «ապտակ տալ»: Բայց քանի որ Քոչարյանը չկարողացավ Ռուսաստանի աչքին ներկայացնել այլընտրանք, բավարար պայմաններ էլ չկային, այդ իսկ պատճառով սեպտեմբերին եղավ այն, ինչ եղավ:
– Քոչարյանը իր վերջին հարցազրույցով նետերն ուղղեց գործող վարչապետի ուղղությամբ, թեև խոսեց այնպիսի խնդիրներից, որոնց առաջացման առումով Սերժ Սարգսյանը չէր կարող անմասն լինել: Ինչո՞ւ:
– Որովհետեւ իմ կարծիքով, եթե բան փոխվի, վարչապետի մակարդակով պիտի փոխվի: Երերուն է վարչապետի աթոռը:
Սերժ Սարգսյանի ընտրությունը տեղի ունեցավ անցյալ տարի: Նա դեռ ունի պաշտոնավարման բավականին ժամանակահատված: Հետեւաբար, եթե ինչ-որ բան փոխվի, ապա վարչապետի մակարդակով կսկսվի: Բացի այդ, գիտենալով, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իշխանությունը նախագահից կփոխանցվի վարչապետին, դա նշանակում է՝ վաղվա վարչապետը, ապագայի վարչապետը ավելի իշանություն պետք է ունենա, քան վաղվա նախագահը:
– Ուզում եք ասել, որ Քոչարյանն «աչք ունի՞» վարչապետի աթոռի վրա:
– Քոչարյանն աչք ունի, որովհետեւ փորձում է ունենալ լծակ, որպեսզի վերադառնա որպես քաղաքական դեմք: Եւ տեսանք, որ քաղաքական բեմի վրա չկան շատ «քաղաքական մարտիկներ», Սերժ Սարգսյանը նախագահ է, Տիգրան Սարգսյանը որոշակի առումով հոգնած է, կամ ծերացած է՝ որպես վարչապետ, Ծառուկյանը լուրջ մարդ չէ, Օսկանյանը նախագահ կամ վարչապետ դառնալու ամբիցիաներ չունի, Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ մեկն է, որովհետեւ իր գլխավորած ուժը եւս հուսախաբություն ստեղծեց հայաստանյան քաղաքական հասարակության մեջ, Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ բան չի ներկայացնում այլեւս եւ Վահան Հովհաննիսյանը, ով դեսպան գնաց Հայաստանից դուրս: Ուրեմն ո՞վ մնաց… Տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ, բայց արդյոք հասարակությունը պատրա՞ստ է ընդունել Քոչարյանին հայաստանյան քաղաքական կյանքի մեջ: Արդյոք իր շուրջ կա՞ մեծամասնություն, թիմ, որ քաջալերի կամ օգնի, որ ինքը մեջտեղ գա…
– Խոսեցիք Քոչարյանի թիմի մասին: Ովքե՞ր են այսօր նրա թիմակիցները, ո՞ւմ վրա հենվելով կամ ո՞ւմ ռեսուրսն օգտագործելով Քոչարյանը կկարողանա մտնել ասպարեզ: Պարզ ասած՝ ովքե՞ր են նրա զինվորները:
– Քոչարյանին սատարող ուժերն են «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ Հանրապետական կուսակցության մի մասը: Եթե փոխվում է վարչապետը, ինքնաբերաբար կփոխվի նաեւ կառավարությունը:
Քոչարյանի թիմակիցներից Վարդան Օսկանյանը այդ պարագայում կարող է ետ գալ որպես արտաքին գործոց նախարար, բայց այդ պաշտոնի առումով շատ կարեւոր է, որ նախագահն ու վարչապետը բանակցությունների մեջ մտնեն, որովհետւ այդ պաշտոնը «պատկանում է» նախագահին, այլ ոչ թե վարչապետին:
Ընդհանուր առմամբ, եթե խոսենք Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց մասին, ինչպես արդեն նշեցի, մրցունակ անձերից շատ մարդ չի մնացել: Եթե Քոչարյանը մեջտեղ գա, Ծառուկյանը, Օսկանյանը պիտի թողնեն իրենց տեղը: Նրանք այլեւս պետք է կողմնորոշվեն՝ ում ուղղությամբ թեքվել կամ գործել: Այժմ էլ որոշակի անուղղակի ծառայություններ նրանք մատուցում են Քոչարյանին, բայց եթե վերջինս ռեալ հավակնություններ ներկայացնի վերադառնալ քաղաքականություն, Օսկանյանն ու Ծառուկյանը վերջնականապես պետք է կտրվեն իշխանություններից: Հատկապես Ծառուկյանը հիմա փորձում է հնարավորինս չեզոք երեւալ, երկխոսել իշխանությունների հետ, Օսկանյանն այդ առումով ավելի արմատական է փորձում երեւալ… Քոչարյանի վերադարձի պարագայում այլեւս հնարավոր չի լինի լարախաղացի կերպարում հանդես գալ՝ կամ այս կողմ, կամ այն կողմ:
ԲՀԿ-ի ներսում էլ կան թեւեր, ինչպես արդեն նշեցի, Գագիկ Ծառուկյանը փորձում է չեզոք երեւալ, ավելի ռուսամետ է, Օսկանյանը՝ եվրոպամետ: Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու պարագայում պետք է փորձի նաեւ կարգի հրավիրել այդ թեւերին, միավորել նրանց: Կլինի դա, թե ոչ՝ դժվար է ասել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: