Բաժիններ՝

Ամանորը մարդուն խորասույզ է անում կենցաղի մեջ, Սուրբ Ծնունդը՝ պոկում կենցաղից. Տեր Շմավոն

Tert.am-ը զրուցել է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ այն մասին, թե ինչու ի տարբերություն կաթոլիկ աշխարհի` Ամանորի և Սուրբ Ծննդի տոներում որպես գլխավոր խորհուրդ ընկալվում է Նոր տարին: Ըստ հայ հոգևորականի՝ հիմնական պատճառը խորհրդային կարգերից մնացած ավանդույթի ուժն է, և այսօր մենք ակամայից այդ իներցիայով շարունակում ենք ավելի մեծարել դա, ավելի շատ հույսեր կապել Ամանորի հետ, քան` Սուրբ Ծննդի: «Եթե Սուրբ Ծնունդը կոչված է մարդկանց կենցաղից վեր բարձրացնելուն, Ամանորը, հակառակը, մարդուն ավելի խորասույզ է անում կենցաղի և աշխարհիկ ինչ-որ հոգսերի մեջ»,- ասում է քահանան:

Տեր Շմավոն, ինչո՞ւ Հայաստանում Ամանորն ու Սուրբ Ծնունդն ավելի շատ ընկալվում և տոնվում են որպես Նոր տարի` ի տարբերություն, օրինակ, կաթոլիկ աշխարհի:

– Պատճառներից ամենաառաջինը, որը տևեց մոտ 7 տասնյակ տարի, Խորհրդային Միությունն էր, որն ամեն կերպ ջանաց քրիստոնեական տոնը` Քրիստոսի Սուրբ ծնունդը, նսեմացնել մարդկանց աչքում և դրան որպես հակակշիռ ուռճացրեց և ճոխացրեց Ամանորը: Եվ Ամանորն ստացավ սուրբծննդյան բոլոր ատրիբուտները, բոլոր խորհրդանիշները: Զորօրինակ` տոնածառը, որ ամբողջ աշխարհում կոչվում է Christmas Tree, այսինքն՝ սուրբծննդյան ծառ, հայերի մոտ, չգիտես ինչու, սկսեց կոչվել «տոնածառ» և կապվել Ամանորի հետ: Նվերներ տալը, որ մշտապես և ողջ աշխարհում, սկսած վաղ քրիստոնեական հնագույն ժամանակներից, համարվել է քրիստոնեության ատրիբուտ, որովհետև առաջին նվիրատուն եղել է Սուրբ Նիկողայոսը, ով նաև եղել է հայրապետ, հոգևորական և ինքն է դրել այդ ավանդույթը՝ Քրիստոսի ծննդի նախօրեին մարդկանց նվերներ տալ կամ նույն Santa Claus–ը, ով հենց Նիկողայոս սքանչելիարգործն է, դարձավ Ձմեռ պապ և սկսեց Ամանորին այցելել մարդկանց: Այսինքն՝ ամեն ինչը փոխարինվեց, անգամ` սուրբծննդյան ծառի աստղը, որը Բեթղեհեմյան աստղն է, որ ճանապարհ ցույց տվեց մոգերին: Այդ աստղը դարձավ հնգաթև, Խորհրդային Միությունը խորհրդանշող աստղ: Այսինքն՝ փորձ կատարվեց աղճատել արժեքները և փոխարինել դրանք, որովհետև այն ժամանակ կար վտանգ, որ մարդիկ, հետևելով Սուրբ Ծննդի խորհրդին, այն իրենց մեջ պահելով` պիտի ըմբոստանային և չենթարկվեին Խորհրդային Միությանը: Ու այսօր սովորության ուժի պատճառով մարդիկ շարունակում են նշել Ամանորը և դրա մեջ ավելի շատ խորհուրդ են դնում, քան այն իր մեջ պարունակում է: Ի՞նչ է Ամանորը. պարզապես` օրացուցային փոփոխության օր, որն ազդարարում է տարեմուտը և մատնանշում Նոր տարվա սկիզբը: Բայց քրիստոնյաների համար Նոր տարին և, առհասարակ, նոր բանն սկսվեց Քրիստոսի ծնունդով: Չէ՞ որ մենք անգամ ժամանակագրությունն սկսեցինք թվարկել մինչև Քրիստոս և Քրիստոսից հետո: Նույն այդ ժամանակագրության փոխարինումը տեղի ունեցավ սովետական կարգերի ժամանակ, երբ օգտագործվեցին «Մեր դարաշրջան» և «Մեր դարաշրջանից առաջ» հասկացությունները։ Այսինքն՝ ինչո՞ւ նոր, ինչո՞ւ հին` ոչ ոք հարց չէր տալիս: Բայց որպեսզի մարդկանց միջից հանեին այդ մտածումները, մեկը փոխարինվում էր մյուսով:

Բայց չէ՞ որ Խորհրդային Միությունը 20 և ավելի տարի է` գոյություն չունի, ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա պահպանվում է սովորության ուժը:

– 70 տարվա մեջ երեք սերունդ փոխվեց, ես մտածում եմ՝ դեռ մի երեք սերունդ էլ պետք է փոխվի, և մենք ցանկանանք փոխել այդ ամենը: Ժողովուրդը չի ջանում փոխել. լավ է, հարմարավետ է, ուրախ է, հակառակ դեպքում պիտի պահք պահեն, չուրախանան: Այսինքն՝ ամեն դեպքում` մարդկանց կենցաղային վիճակն ավելի դուր եկավ: Եթե Սուրբ Ծնունդը կոչված է մարդկանց կենցաղից բարձրացնելու դեպի վեր, Ամանորը, հակառակը, մարդուն ավելի խորասույզ է անում կենցաղի և աշխարհիկ ինչ-որ հոգսերի մեջ. ինչպես կոկորդիլոս գնենք, ինչ առնենք-դնենք սեղանին, ով չի առնում, տառապում է, ով առնում է՝ ուզում է մյուս տարի ավելի շատ առնել:Վերջում բոլորն էլ էդ ամենը թափում են, իսկ աղքատները մնում են սոված:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս