
Հովիկ Աբրահամյան. Զարմանալի է, որ լրագրողներին արգելեցին լուսաբանել Տ. Մարգարյանի թեզի պաշտպանությունը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իր համար էլ զարմանալի էր, որ լրագրողներին չթույլատրեցին լուսաբանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը: «Պետական, քաղաքական չինովնիկը պիտի աշխատի բաց ու թափանցիկ, և շատ զարմանալի է, որ լրագրողներին արգելեցին լուսաբանել թեզի պաշտպանությունը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երևանի տնտեսակագիտական հալասարանում Տարոն Մարգարյանը պաշտպանում էր ատենախոսություն, որը բուհի որոշ ուսանողներ, ուսխորհրդի անդամներ, երիտհանրապետականներ, ինչպես նաև բուհի ռեկտորը խոչընդոտեցին լուսաբանել:
Հովիկ Աբրահամյանը նշեց, թե դեռ իրենք պետք է ուրախ լինեին, որ լրագրողները մասնակցեին, լուսաբանեին Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Տարոն Մարգարյանը գուցե սխալ խոսեր, ուստի դրա համար լրագրողների մուտքն արգելվեց, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Դե ին՞չ է եղել, Տարոն Մարգարյանը սխալ կխոսեր, թող մի պահ էլ սխալ խոսեր: Սխալվում է նա ով աշխատում է, չի սխալվում նա, ով չի աշխատում ու ոչինչ չի անում: Սխալ են արել, որ խչընդոտել են լրագրողներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ո՞վ կարող էր նման դիմադրություն կազմակերպել, Հովիկ Աբրահամյանը տարակուսեց. «Ի՞նչ, ռեկտորը պիտի կազմակերպեր, որ չգնա՞ն: Ես ազնվորեն, անկեղծ պիտի ասեմ, ես միշտ անկեղծ եմ լինում, որ սխալ են իրենց պահել, եթե նման քայլի են գնացել: Արգելել են լրագրողների մուտքը` սխալ են արել. իրենք իրենց են ստվերել: Իրենց գործը, իրենց մտադրությունը ինչի՞ են թաքցնում հանրությունից: Դա հո գաղտնիք չի՞: Ես դատապարտում եմ ու փորձելու եմ անպայման ինչ-որ ձևով պարզել»: