
Բեյրութի ահաբեկչության հետևանքով վիրավորվել է ավելի քան 70 մարդ

BBC-ի փոխանցմամբ՝ ավելի քան 70 մարդ է վիրավորվել այսօր Բեյրութի կենտրոնում գրանցված ուժգին պայթյունի հետևանքով: Պայթյունը գրանցվել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի նստավայրի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև երկրի ֆինանսների նախկին (2008) նախարար Մուհամմեդ Շաթահը:
Չի բացառվում, որ թիրախում եղել է հենց նա: France-Presse լրատվական գործակալության տվյալներով՝ ահաբեկչության պահին Շաթահը մեկնում էր հակասիրիական «Մարտի 14-ի դաշինքի» հետ հանդիպմանը: Այդ շարժման մասնակիցները հանդես են գալիս «Հզբոլլահի» դեմ և աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմությանը: