Մեր հույսը Ռուսաստանի փլուզումն է և Նազարբաևի սկզբունքայնությունը

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանի հետ

– Պարոն Արզումանյան, «գազային համաձայնագրի» վավերացման դեմ ուղղված ելույթներում անընդհատ նշում էիք, որ այդ անընդունելի համաձայնագիրը վերաբերելու է ոչ միայն ներկա սերնդին, այլև այն վավերացնողների երեխաներին և թոռներին: Իսկապես որևէ հնարավորություն չի՞ լինելու հրաժարվել այդ անընդունելի դրույթներից:

– Հնարավորություններ ոչ միայն կան, այլ դրանք բազմաթիվ են, ուղղակի դրա իրականացման համար մի քանի նախադրյալներ են անհրաժեշտ: Առաջին՝ Հայաստանում պետք է ձևավորվի ժողովրդի վստահության քվեն ստացած լեգիտիմ իշխանություն, որը միջազգային հանրությանը կարող է ներկայանալ` որպես անկախ Հայաստանի ընտրողների կամքը ներկայացնող իշխանություն:

Ճիշտ է, այդ համաձայնագրում կա դրույթ, որ ազգայնացում չի կարող տեղի ունենալ, սակայն կա միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի մասին միջազգային կոնվենցիա, որի մի գլխում գրված է, թե ինչպես կարելի է դենոնսացիայի ենթարկել, չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը: Այդտեղ կան մի քանի կետեր, որոնք մենք կարող ենք մատնանշել համաձայնագիրը չեղյալ ճանաչելու ժամանակ: Մասնավորապես, որևէ պայմանագիր, որը ստորագրվել է ուժի կիրառման, կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, կարելի է միակողմանիորեն չեղյալ համարել: Կարելի է չեղյալ համարել այն համաձայնագիրը, որի ստորագրման հիմքում կան փողերի լվացման կամ կոռուպցիոն ռիսկեր:

Օրինակ, կարելի է ապացուցել, որ համաձայնագիրը ստորագրած կառավարություններից մեկի ներկայացուցիչը կաշառված է եղել: Վերոնշյալ բոլոր հանգամանքները մեր դեպքում առկա են, և եթե մենք դրանք ներկայացնենք, միջազգային հանրությունն ըմբռնումով կմոտենա մեր ներկայացրած փաստերին: Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կբացահայտվի նաև այս ողջ գործընթացի քրեական տարրը, որ այս համաձայնագրի ստորագրման հիմքում կան փողերի լվացման գործընթացներ, կոռուպցիոն ռիսկեր: Երբ այդ ապացույցները մեր ձեռքի տակ լինեն, որևէ բարդություն չի ներկայացնի` դիմել միջազգային դատարան և չեղյալ համարել վերոնշյալ համաձայնագիրը:

– Իսկ ինչպե՞ս պետք է ապացուցվի, որ կան փողերի լվացման գործընթացներ կամ կոռուպցիոն ռիսկեր:

– Երբ նոր իշխանություն կձևավորվի, ապա այն անպայման պետք է ուսումնասիրի համաձայնագրի կնքման քրեական բաղադրիչը. պարտքի գոյացումը, ինչ սխեմաներ են օգտագործվել դրա կուտակման և հետագա մարման համար: Համոզված եմ, որ ի հայտ կգան բազմաթիվ քրեական մոտիվներ պարունակող փաստեր, կլինեն այսօրվա իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ցուցմունք կտան այն մասին, որ եղել է ուժի կիրառման սպառնալիք, եղել է կոռուպցիոն բաղադրիչ:

Բացի այդ էլ, ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանն աշխատում է շանտաժի միջոցով, ինչի մասին անթաքույց հայտարարել են Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները` ասելով, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ են կիրառվել: Միայն Հայաստանի ղեկավարներն են, որ դրա մասին չեն հայտարարել: Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության համար ընկալելի կլինի, եթե Հայաստանի նոր իշխանություններն ասեն, որ նախորդներն այս համաձայնագիրը ստորագրել են պարտադրանքի պայմաններում:

– Այս համաձայնագրի ամենաստորացուցիչ կետը համարվում էր այն, որ սահմանափակվում էր ԱԺ-ի՝ որոշումներ ընդունելու և նախագահի՝ հրամանագրեր ստորագրելու սահմանադրական լիազորությունը: Սա և՞ս կարող է հիմք լինել համաձայնագիրն անվավեր ճանաչելու համար:

– Միանշանակ. համաձայնագրում առկա այդ պահանջն այնքան անհեթեթ, այնքան աբսուրդային դրույթ է, որ որևէ մարդ, ով ծանոթ է միջազգային իրավունքին, կարող է հավաստել, որ նման հոդվածներ պարունակող համաձայնագիրը կարող էր կնքվել միայն ճնշման արդյունքում: Ես զարմանում եմ մեր Սահմանադրական դատարանի վրա, որն այս համաձայնագրի սահմանադրականության մասին եզրակացություն է տվել: Լավ, հասկացանք, որ այն իշխանության կամակատարն է, բայց այդ դեպքում այդ կառույցն ընդհանրապես մեզ պետք չէ, քանի որ իր գործողություններով կասկածի տակ է դնում մեր անկախությունը:

Պարզ է, որ պետությունը պետք է երաշխավոր կանգնի ներդրումների համար, կարող էր նշվել, որ յուրաքանչյուր փոփոխությունից առաջ պետք է բանակցություններ վարվեն, որ պետությունը փոխհատուցում կվճարի ընկերության գործունեության պայմանների վատթարացման դեպքում, բայց ոչ թե նշել նորմեր, որոնք հակասում են Սահմանադրությանը և սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը:

– Դուք մեր զրույցի սկզբում նշեցիք, որ համաձայնագիրը կարող է չեղյալ համարվել նոր իշխանության ձևավորման դեպքում: Կա տեսակետ, որ այս և նման պայմանագրերն ուղղված են նրան, որ Հայաստանում նոր իշխանություն չձևավորվի, որ իշխանության ձևավորումը ևս դառնում է Ռուսաստանի մենաշնորհը: Ռուսաստանը պետք ձևավորի այնպիսի իշխանություն, որն ընդմիշտ կպաշտպանի ռուսական շահերը: Դուք նման վտանգ չե՞ք տեսնում:

– Բայց Ռուսաստանն ինքը պետք է ընդմիշտ լինի, որպեսզի ընդմիշտ շահեր ունենա կամ պաշտպանի դրանք:

– Լավ, ընդմիշտ չէ, բայց առնվազն առաջիկա 30 տարիներին:

– 30 տարին Ռուսաստանի պատմության համար շատ մեծ ժամանակահատված է: Եթե մեր օրերից հետ գնանք 30 տարի, կհասնենք Անդրոպովի ժամանակները և կտեսնենք, թե ինչ փոփոխություններ, ինչ կատակլիզմներ են եղել այս 30 տարիներին Ռուսաստանում: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի ամբողջ պատմության համար, եթե այն բաժանենք 30 տարիների. չի եղել 30 տարի, որի ընթացքում Ռուսաստանում կայուն վիճակ լինի:

Օրինակ, վերցնենք միայն 20-րդ դարը. 1900-1930թթ. Ռուսաստանը պատերազմի մեջ է մտել Ճապոնիայի հետ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, տեղի է ունեցել երկու հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվիզացիա: 1930-1960թթ. եղել են մասսայական ռեպրեսիաներ, Գուլագ, անասելի սով, Երկրորդ համաշխարհային պատերազմ, հետո, երկրի ապաստալինիզացիա, ձնհալ, 1960-1990թթ. եղել է Բրեժնևյան լճացումը, պատերազմը Աֆղանստանում, տնտեսական ահավոր ճգնաժամը, և ի վերջո, ԽՍՀՄ փլուզում: Այնպես որ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանն ունի այդպիսի 30-ամյա հեռանկար, որ կարողանա այդքան ժամկետով մեզ ինչ-որ բան պարտադրել:

– Ստացվում է, որ մեր կարգախոսը պետք է լինի` Հայաստանի փրկությունը Ռուսաստանի կործանումն է:

– Մեր փրկությունը Ռուսաստանի պատմությունից եկող օբյեկտիվ դասերն են: Կարծում եմ` Ռուսաստանն այդ դասերի մասին պետք է հիշի:

– Չնայած Ձեր նշած 30-ամյա, 50-ամյա կատակլիզմներին` Հայաստանը և հայ ժողովուրդը վերջին 200 տարում եղել են Ռուսաստանի ազդեցության տակ. եթե մեղմ արտահայտվենք: Հայաստանի և հայ ժողովրդի համար, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել:

– Դա շատ ցավալի փաստ է, որովհետև, ի տարբերություն վրացական մտավորականության, որը մշտապես քարոզել է ազատություն, անկախություն, միշտ փառաբանել են իրենց անկախ գոյության պատմական էջերը, հայ մտավորականությունն այս 200 տարիների ընթացքում փառաբանել է ռուսական զենքի փառքը և այդ փառքի միջոցով հայ ժողովրդի փրկության և պաշտպանության գաղափարը: Սուրբ Գրքում Մովսեսն իր ժողովրդին գերությունից փրկելուց հետո 40 տարի պահեց անապատում, որպեսզի ծնվի մի նոր սերունդ, որը չի տեսել գերություն, այնպես էլ պետք է ևս 18 տարի, որպեսզի գա մի սերունդ, որը չի հիշում խորհրդային «դրախտը», որը կառաջնորդվի ազատ և անկախ Հայաստանի շահերով:

– 18 տարի հետո կլինի մի սերունդ, որը կապրի Մաքսային միության «դրախտի» տեսլականով:

– Հուսանք, որ Մաքսային միությունը նույնպես հեռանկար չունի: Բացի այդ, այնտեղ կան հայ ժողովրդի շահերի պաշտպաններ` ի դեմս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Հուսանք, որ նա իր սկզբունքային դիրքորոշմամբ թույլ չի տա, որ Հայաստանը մտցնեն Մաքսային միություն:

Տեսանյութեր

Լրահոս