
Թուրքիայում ԱԱԽ-ի նիստն առաջին անգամ կարող է անցկացվել առանց ներքին գործերի նախարարի

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հրաժարական են տվել այն երեք նախարարները, որոնց որդիները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը գնում է ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և շրջակա միջավայրի պահպանման նախարար Էրդողան Բայրաքթարի մասին:
Թերթը հայտնում է, որ վաղը՝ կեսօրից հետո, Անկարայում գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որում քննարկվելու են նախարարների հրաժարականից բխող հարցեր: ԱԱԽ-ի նիստը նախագահելու է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ներքին գործերի նախարարը հանդիսանում է ԱԱԽ-ի անդամ, սակայն վաղը նրա տեղը թափուր կմնա, եթե այսօր Գյուլերի փոխարեն չնշանակվի մեկ ուրիշը: Դա նշանակում է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ԱԱԽ-ի նիստում կարող է թափուր մնալ ներքին գործերի նախարարի տեղը:
ԱԱԽ-ի նիստին կառավարական թևից մասնակցում են երկրի վարչապետը, նրա տեղակալները, արտաքին ու ներքին գործերի նախարարները, պաշտպանության ու արդարադատության նախարարները, իսկ զինվորական թևից՝ գլխավոր շտաբի պետը, 4 զորատեսակների (ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային զորքեր ու Ժանդարմերիա) հրամանատարները: Նրանք բոլորն էլ հանդիսանում են ԱԱԽ-ի բնական անդամներ: