Չհավատաք, չի փոխվելու
2013-ի ավարտին մնացել են հաշված օրեր, և արդեն պարզ է, որ Հայաստանի տնտեսության համար 2013-ը լավագույն տարին չէր։ Մեղմ ասած:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալներով` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել է 3.1%։ Սա նվազագույն ցուցանիշն է։ Մինչդեռ տարին բավականին լավ էինք սկսել, և տարեսկզբին տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցում էր 8%-ը: Կառավարության լավատեսությունը թուլացել է։ Եթե այս տարվա բյուջեով նախատեսված էր 6.2% տնտեսական աճ, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ապահովել 7%, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ աճը չի գերազանցելու 4.1%-ը։ Իրականություն չդարձած կանխատեսումների և տխուր ցուցանիշների շարքն այսքանով չի սահմանափակվում։
Օրինակ` մշտապես խոսվում էր այն մասին, որ աշխատավարձերը պետք է աճեն ավելի արագ, քան գները։ Սակայն տեղի է ունեցել հակառակը` անցած 11 ամիսների ընթացքում գներն աճել են շուրջ 6%-ով, իսկ աշխատավարձերը` ընդամենը 4.4%-ով։ Այսինքն` բնակչության գնողունակությունն անկում է ապրել։ Ու այսքանի հետ մեկտեղ` կառավարությունը ցանկանում է պարտադիր կենսաթոշակային վճարների միջոցով բնակչության աշխատավարձը կրճատել ևս 5%-ով։
Շինարարության ոլորտում անկումը շարունակվում է։ Այս տարվա առաջին 11 ամիսների տվյալներով` շինարարությունը նվազել է 8.5%-ով։
Խոսվում էր Հայաստանի բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելու մասին, փայլուն ցուցանիշներ ենք գրանցում Doing Business-ում, սակայն օտարերկրյա ներդրումները և հատկապես ուղղակի ներդրումները խայտառակ անկում են ապրել։ Օրինակ` այս տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 62.1%-ով (շուրջ 3 անգամ)` 409.6 միլիոն դոլարից հասնելով 155.1 միլիոն դոլարի։
Արտահանման աճի տեմպը թեպետ գերազանցում է ներմուծմանը, սակայն արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն արդեն գերազանցում է 2.6 միլիարդը։
Արտագաղթի տեմպերն ահագնանում են։ Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից մեկնած և ժամանած ՀՀ քաղաքացիների թվի բացասական հաշվեկշիռը կազմել է 122 հազար մարդ։ Դա արտագաղթի ռեկորդային ցուցանիշ է։ Փաստորեն, ներկայիս կառավարության օրոք Հայաստանը դատարկվել է շուրջ 250 հազար հոգով։
Պետական պարտքը` պաշտոնական տեղեկագրերի համաձայն, գրեթե չի փոխվել, սակայն հանկարծ իմացանք, որ Հայաստանը «Գազպրոմի» նկատմամբ կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք։ Որի դիմաց հանձնում է «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնետոմսերը։
Միակ խոստումը, որը կատարվել և գերակատարվել է` բյուջետային տնտեսումն է։ Դեռ այս տարվա մարտին Սերժ Սարգսյանն ասել էր, որ տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում։ Այս պահի դրությամբ` խնայվել է ավելի քան 60 միլիարդ դրամ, որովհետև բյուջեն կատարվել է մոտ 76 մլրդ հավելուրդով (հունվար-սեպտեմբերին)` նախատեսված 9.5 միլիարդի փոխարեն։ Իսկ այդ զսպողական քաղաքականությունը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության վրա։
Սա ներկայիս կառավարության տնտեսական «ձեռքբերումների» միայն մի մասն է: Այսքանից հետո մեր հարգարժան պաշտոնյաները նեղվում են, երբ նրանց հարցնում են` հրաժարական տալո՞ւ եք տնտեսական 7% աճ չապահովելու համար, ինչպես հրահանգել էր Սերժ Սարգսյանը։
Ընդ որում, եթե 3-4 ամիս առաջ կառավարությունը խորհուրդ էր տալիս չշտապել և ժամանակից առաջ չընկնել, հիմա արդեն հնչում է այլ պատասխան` նախագահի ասածը հորդոր էր։ Ասել է թե` սա պլանային տնտեսություն չէ, որպեսզի դրվի հստակ պլան և գերակատարվի, իսկ չկատարվելու դեպքում` պատիժ լինի։ Սա ընդամենը նշաձող է, որը նշանակում է` մենք պետք է ջանքեր գործադրենք` 7% աճ ապահովելու համար։ Ստացվեց` լավ, չստացվեց` հո մեզ չե՞ք կախելու։
Այսինքն` կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է, որ պետք չէ լուրջ ընդունել հնչած բոլոր խոստումներն ու հանձնարարականները։ Ամեն ինչ ասվում է` ընդամենն ասվելու համար։
Իհարկե, ոչ մի կանխատեսում վերին ատյանի ճշմարտություն չէ։ Տնտեսությունը չի կարող ամբողջությամբ կանխատեսելի լինել։ Սակայն, եթե դրված նշաձողն իրականություն չի դառնում, ապա հարկավոր է վերլուծել պատճառները։ Սակայն նման փորձ անգամ չի արվում։ Պատասխանատվության մասին լսելիս տնտեսությունը ձախողած մարդկանց մոտ քմծիծաղ է հայտնվում։
Կարճ ասած` իշխանությունն ասում է, որ իրեն պետք չէ հավատալ։
Այդ մեսիջը տեղ է հասցվում ոչ միայն վերը նշվածի միջոցով, այլ նաև մյուս իրադարձություններով։ Օրինակ` 3 տարի խոսվում է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի մասին, աշխատանքներ են տարվում, հետո հայտարարվում է, որ անդամակցում ենք Մաքսային Միությանը։ Հայտարարությունից հետո ասվում է, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է, հետո ստորագրվում է կես էջանոց մի հայտարարություն։ Էներգետիկայի նախարարը 2 տարի կրկնում է, որ սահմանի վրա գազը չի թանկացել, հետո պարզվում է, որ թանկացել է։ Ու ամենացավալին` այս ամենն արվում է առանց խղճի խայթի, առանց մեղքի գիտակցման։ Այս ամենը համարվում է նորմալ երևույթ։
Ու քանի որ նույն իշխանությունը ժամանակին կոչ էր անում հավատալ, որ փոխենք, ապա ստացվում է` ոչ մի բան էլ չի փոխվելու։