Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում կործանվում է. ՓՄՁ հիմնադրամի նախկին ղեկավար
ՀՀ կառավարությունը տարբեր միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար: Սակայն ՓՄՁ ներկայացուցիչների գնահատականով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ՀՀ-ում կործանվում է: 168.am-ի հետ զրույցում Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամի նախկին ղեկավար, ձեռնարկատեր Նարինե Մայիլյանը նշեց, որ հայտարարվող ոչ մի աջակցություն բիզնեսը չի զգում, ու կյանքը չի դյուրանում:
«Վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ կարելի է ինքնասպանության հետ համեմատել: Եթե բիզնեսը մաքուր է, կողմնակի ֆինանսական ռեսուրս չունի, գործող տոկոսադրույքներով վարկ վերցնելը բիզնեսի համար ինքնասպանություն է»,- ասաց Ն.Մայիլյանը:
Խոսելով ՓՄՁ զարգացման աջակցության կենտրոնի մասին՝ Ն.Մայիլյանը նշեց, որ այդ կառույցը փոշիացնում է իրեն հատկացված գումարները, քանի որ միաժամանակ բազմաթիվ ծրագրեր է փորձում իրականացնել. «Չի կարելի փոքր ռեսուրսներն ուղղել բազմաթիվ ծրագրերի, որովհետև հնարավոր չէ սուղ միջոցներով բազմաթիվ ծրագրեր իրականացնել և լավ արդյունք ստանալ: Լավ կլիներ՝ ունենար ռազմավարություն, միջոցառումների ծրագիր և փորձեր խնդիրները լուծել հերթականությամբ»:
Ն.Մայիլյանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող աջակցությունն էլ նպատակային չէ և ձեռնարկատերերին առանձնապես մեծ օգնություն չի: Ըստ նրա՝ առանց համակարգման և առանց ընդհանուր ռազմավարության, կոսմետիկ միջոցառումներով խնդիր չի լուծվի, իսկ ՓՄՁ-ն կործանվում է: Վերջինի համար նպաստավոր պայման ստեղծվեց նաև 1000 դոլար արժողությամբ նոր ՀԴՄ-ների պարտադրանքից հետո:
«Մեկ պատուհան է ներդրվում, հաշվետվություններն են կրճատվում, ժամանակ ու ռեսուրսներ են ծախսվում, բայց բիզնեսը դրանից չի զարգանում»,- նշեց Ն.Մայիլյանը: