
Տնտեսական ակտիվության աճը դանդաղել է ներդրումների նվազման պատճառով. տնտեսագետ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպի անկումը հիմնականում հետևանք է վերջին տարիներին ներդրումային ակտիվության նվազման: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը: Նա նշեց, որ ներդրումները նվազել են նաև 2013 թվականին, ինչն արտահայտվել է տնտեսական ակտիվության վրա և, սպասվում է, որ 2013 թ. ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի մոտ 21%, ինչը ցածր ցուցանիշ է:
Հարցին՝ որքանո՞վ է արդարացված 7% տնտեսական աճ չապահովելը, Ս.Ավագյանը պատասխանեց. «Ճիշտ չէ, երբ նախագահը հրապարակավ նման առաջադրանքներ է հնչեցնում: Ե՛վ նա, և՛ կառավարությունը պետք է առաջնորդվեն բյուջեի մասին օրենքով, իսկ այնտեղ կանխատեսումը 6.2% է»:
Տնտեսագետի կարծիքով՝ տնտեսական աճը պետք է դիտարկել որպես կանխատեսում, ոչ թե որպես պլան և 7%-ից ցածր աճի դեպքում կառավարության հրաժարական սպասել պետք չէ. «Միայն պլանային տնտեսությունների ղեկավարներն են պարտադիր հրաժարական տալիս պլանները չկատարելու համար: Իսկ շուկայական համակարգերում կանխատեսումները ճշգրիտ լինել չեն կարող: Դա ամենուրեք էլ հասկանում են, ուստի Արևմտյան երկրներում կանխատեսումների չիրականացման համար հրաժարականներ չեն լինում, որպես կանոն: Սակայն եթե վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսական դանդաղման պատճառների մեջ նաև կառավարության մեղքը կա, օրինակ՝ ներդրումների ոչ բավարար խթանումը, կամ չափից ավելի զսպողական բյուջետային քաղաքականությունը, ապա հրաժարականի հարց կարող է առաջանալ»: