Ո՞ւմ են խաբում
Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսեց ամփոփել անցնող տարին և հայտարարեց, որ չհաշված լոլիկի ցեցը և տեղացած կարկուտը, մնացած մշակաբույսերի «բերքը լավ» էր ու «բոլոր ուղղություններով արտադրության աճ է եղել»: Բնական է, որ եթե տվյալ տարվա բնակլիմայական պայմանները լավն են լինում, գյուղատնտեսությունն էլ բերքատվության աճ է գրանցում: Իսկ թե ինչպես է նախարարությունը համակարգել ոլորտն ու աջակցել գյուղացուն, այդ մասին առավել լավ ու անաչառ գնահատական, թերևս, կտան ոչ պետական հատվածի ներկայացուցիչները:
Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղոլորտի վիճակագրական տվյալները հավաքվում են միայն գյուղապետերի օգնությամբ, բայց վերջինները չեն էլ կարող իմանալ, թե մեկ կովի իրական կաթնատվությունն ինչքան է, կամ կարտոֆիլի բերքը 1 հեկտարից որքան է եղել, իսկ մասնավոր արտադրողն իր հերթին՝ օրենքի բացակայության հետևանքով երբեք հաշվետվություն չի ներկայացնում. «Այստեղից բխում են մեր դժբախտությունները, որ մարդիկ, անկախ իրենց դիրքից ու մասնագիտությունից, թվեր են նկարում: Մենք ապրում ենք շուկայական հարաբերություններում, և հենց շուկան է ցույց տալիս, թե ինչ իրավիճակ է՝ մթերքի հետ կապված: Վերջերս նաև տնտեսական լծակներ են ստեղծվել գյուղապետերի վրա ազդելու համար՝ դիզվառելիքի, սերմացուի տեսքով, որ եթե անհրաժեշտ ցուցանիշները չապահովեն, չի լինի նաև այն քանակի վառելիք, պարարտանյութ ու սերմացու, որի պահանջարկը կներկայացնեն: Աշխատել է սոցիալիզմի, կոմունիստական հասարակարգի լծակը»:
Ըստ Հ.Բերբերյանի՝ ԱԱԽ հուլիսյան նիստում Սերժ Սարգսյանի հանձնարարականներից ոչինչ չի արվել, մասնավորապես՝ հակակարկտային ցանցային համակարգի կիրառման, ոռոգման համակարգի բարեփոխումների, ոռոգման կաթիլային համակարգի ստեղծման մասով, հակակարկտային ծառայությունը նորմալ չի գործել. «Այն պետք է վճարովի լինի, մեր կարծիքով, շահույթ հետապնդող կազմակերպություն պետք է դառնա, գյուղացին էլ կտեսնի դրա արդյունավետությունը՝ կվճարի, չի տեսնի՝ չի վճարի: Սա կլինի բարեփոխում»:
«Եթե չեն կարողանում կատարել էդ մարդու հանձնարարականները, ինչո՞ւ են այդ տեղը զբաղեցնում»,- ասաց միության նախագահը:
Ըստ ուղղությունների անդրադառնալով ոլորտի ձեռքբերումներին՝ Հ.Բերբերյանը նշեց, որ հացազգիների մասով կառավարության ծրագիրը վատը չէ, թեև ունի թերություններ. «Սկզբում Ուկրաինայից էին էլիտար սերմացու բերում, բայց նրանց սորտերի սերմը ՀՀ-ում ապագա չունի, դժգոհություններ եղան, գյուղատնտեսությանը վնաս հասցվեց, վարչապետի խիստ կարգադրությունից հետո շտկվեց, ու սկսեցին Ռուսաստանից ներկրել: Անցած տարի հայտարարվեց ռեկորդային բերք ու ներկրվեց 400 հազար տոննա հացահատիկ, իսկ մեր պարենի սպառումը հենց 400 հազար է: Այս տարի շուրջ 300 հազար տոննայի է մոտեցել ներկրումը, և դա կառավարւթյան ծրագրի արդյունքն է, որ ներկրումը մի փոքր պակասել է, ու գյուղացին որակով սերմ ունի: Լավ կլինի, որ ծրագիրը շարունակվի, որովհետև մենք միշտ սերմաթարմացման կարիք ունենք»:
Կարտոֆիլագործությունում վիճակը լավ է, ու չնայած ցանքատարածություններն անցած տարվա համեմատ պակասել են, բայց արտահանումն ավելացել է, քանի որ երկրից հեռացած 300 հազար մարդկանցով պայմանավորված՝ ներքին սպառումն է պակասել: Ըստ Բերբերյանի՝ կարտոֆիլագործության բարվոք վիճակը միայն ու միայն մասնավոր հատվածի ներդրումների շնորհիվ է, պետությունը վերջին 10 տարին այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արել. «Եթե չինովնիկը քիթը չի խոթում և բնագավառը չի պղծում, վիճակը լավ է լինում: Կարտոֆիլի գծով վերջին 10-15 տարին մենք ինքնաբավ ենք, բանակին ապահովում ենք ու արտահանում ենք: Արտահանման հետ կապված օլիգարխիկ տնտեսությունների ու Վրաստանում աշխատող ազերի լրագրողների պատճառով փորձ եղավ խոչընդոտելու, բայց դա կանխվեց»:
Բանջարաբուծությունում բերքի կրկնակի անկում եղավ այս տարի: Բերբերյանի խոսքով՝ մորմազգիների ցեցի մասին դեռ 2 տարի առաջ իրենք ահազանգել են, բայց ապարդյուն. «Այս տարի լոլիկի շուկայական գինը 3 անգամ գերազանցում էր նախորդ տարվա գնին, սմբուկինը՝ 2 անգամ, պղպեղինը՝ 2 անգամ: Մեր բնագավառի մասնագետների կարճատեսությունը բերեց նրան, որ մորմազգիների ցեցը հարվածեց լոլիկին, պղպեղին ու սմբուկին, որ մեր արտահանման հիմնական ուղղություններն են: 9 ամսում, անցած տարվա համեմատ՝ մոտ 8 անգամ ավելի շատ տոմատի մածուկ է ներկրվել ՀՀ, բայց մենք այն պետությունն ենք, որ վերջին 30 տարին արտահանող ենք եղել, իսկ այս տարի գործարանները չաշխատեցին ամբողջ ներուժով: «Վայ մասնագետներն» ընդամենը 20 մլն դրամի պայքար տարան, որը 60 գյուղի փոխարեն՝ 1 գյուղի պայքարի համարժեք է, չնայած Գյուղատնտեսության նախարարությունը բույսերի պաշտպանության ծրագրի գումարներ ունի: Թե ինչ է անում այդ գումարները, պետք է համապատասխան կառույցները ստուգեն»:
Անդրադառնալով անասնապահությանը՝ Հ. Բերբերյանը նշեց, որ, երբ պետական այրը հայտարարում է, որ գլխաքանակի աճ կա, նորմալ երկրում հավատում են, բայց մեզ մոտ առավել վստահելի են շուկայի ցուցանիշները, օրինակ՝ մսի գները կայուն են, ինչը տարօրինակ է երկրից հեռացած բնակչության ու 60 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունների ավելացման պայմաններում, որից 25-30 հազարը կթու կովեր են. «Ինչո՞ւ է կաթի փոշու և կաթնամթերքի ներկրումն ավելացել: Ո՞ւմ են խաբում՝ ղեկավարությա՞նը, ժողովրդի՞ն: Թռչնաբուծությունում խայտառակ վիճակ է. 9 ամսում ներկրվել է 3 մլն թև թռչուն և 2 մլն ձու, բայց մենք ձու արտահանող երկիր էինք: Ո՞վ է պատասխան տալու դրա համար: Կարելի էր տնտեսությունը պահել կայուն վիճակում, եթե մի քիչ մասնագետ լինեին: Վաղվա օրը Երևանի փողոցային շուկաները չեն, վաղվա օրը Վրաստանի, Իրանի ու Ռուսաստանի շուկաներն են: Դժբախտությունը մեր մեջ է, պատահական մարդկանցով երկիր չես կառուցելու, ֆուտբոլիստով առողջապահություն չես զարգացնելու»: