Միասնական քննչական մարմնի գաղափար լավն էր, բայց…

Սեպտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել Միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին:

Կարգադրության մեջ նշվում էր, որ Միասնական քննչական մարմին պետք է ստեղծվի ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա: Սակայն վերջերս հայտարարվեց, որ քննչական կոմիտեի կազմում մտնելու են միայն Ոստիկանության և Պաշտպանության նախարարության կառուցվածքում գործող քննչական մարմինները: Երեկ մենք Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Պետական եկամուտների կոմիտեի կազմում գործող քննչական մարմինը դուրս մնացել քննչական կոմիտեի կազմից: «Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ էլ հնչեց դա: Այսինքն՝ այսօր մեր պետության մեջ քաղաքականություն է իրականացվում՝ ստեղծելու միասնական քննչական մարմին: Սա առաջին քայլն է. ձևավորվում է Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների հենքի վրա: Քրեական գործերի շուրջ 95 տոկոսը քննվում է Ոստիկանությունում, և եթե դրան միացնենք նաև ՊՆ քննչական ապարատում քննված գործերը, այսօր ՀՀ-ում շուրջ 96-97 տոկոս գործերը քննվում են այդ երկու կառույցներում»,- ի պատասխան` ասաց Ա. Հովսեփյանը:

Խոսելով քննչական կոմիտեի կազմավորման ժամկետի մասին՝ Ա. Հովսեփյանն ասաց. «Ոմանք, իրոք, այն կարծիքին են, որ ձգձգվեց, բայց ես ճիշտ հակառակ կարծիքին եմ, որ շատ արագ հանձնաժողովը և բոլոր շահագրգիռ կառույցներն ու անձինք, ովքեր միտված էին աշխատելու այդ կառույցը ստեղծելու ուղղությամբ, շատ արդյունավետ և արագ ներդրում ունեցան, և այսօր արդեն ձևավորված է օրենսդրական ողջ փաթեթը, գտնվում է կառավարությունում: Մենք արդեն իսկ քննարկում ենք, աշխատում ենք, որպեսզի ձևավորվի ապագա քննչական կոմիտեի աշխատանքային սկզբունքներն ու մոտեցումները, և կառույցը, կառուցվածքը, վերահսկողական մեխանիզմները, քննիչների անկախության մեխանիզմները»: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նա նշեց, որ քննչական կոմիտեի նախնական կառուցվածքն արդեն մշակված է:

Ա. Հովսեփյանն ասաց, որ ակնկալում են ունենալ խիստ մասնագիտացված քննիչներ: «Մենք պրակտիկայից շատ լավ գիտենք, որ սպանության գործը քննող քննիչները դժվարանում են քննել տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերը և` հակառակը: Տնտեսական հանցագործությունների վերաբերյալ քննող քննիչները, որոնք սովորաբար աշխատում են փաստաթղթերի հետ, հաշվապահության հետ, ավելի դժկամությամբ են քննում սպանության, մարմնական վնասվածքների հետ կապված քրեական գործերը: Դրա համար ապագա քննչական կոմիտեում մենք պետք է ունենանք խիստ մասնագիտացում»,- ասաց նա՝ հավելելով, թե մտադիր են ստեղծել առանձին աշխատասենյակներ` քննչական գործողություններ կատարելու համար: Այսպես, ըստ նրա՝ կձևավորվեն անձին ճանաչման ներկայացնելու, առերես հարցաքննության, ձայնագրառման համար նախատեսված աշխատասենյակներ:

Կարդացեք նաև

Լրագրողների հարցին՝ արդյոք այսօր կա՞ն կադրեր, ովքեր կարող են ապահովել քննության բարձր որակ, Ա.Հովսեփյանը պատասխանեց. «Այսօր մենք ունենք քննիչների լավագույն բազա թե՛ Ոստիկանության համակարգում, թե՛ ՊՆ-ի քննչական ապարատում: Իհարկե, կան նաև լուրջ աշխատանքներ այս ուղղությամբ կատարելու: Նկատի ունեմ, որ առ այսօր որևէ քննիչ աշխատանքի ընդունվելուց առաջ` չի ուսուցվել, ուսուցանվել նրան քննչական հմտությունները: Նախնական ուսուցում չի կազմակերպվել, հետո, ասենք, ընդունվի որպես քննիչ աշխատելու: Բնականաբար, ուսանողական աթոռից նշանակվել են քննիչներ, և արդեն իսկ քննչական աշխատանքի ընթացքում սովորել առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկան: Ենթադրում եմ, որ դուք էլ գիտեք, որ դրանց արդյունավետությունը չէր լինի այն, քան, եթե այդ քննիչներին նախօրոք կրթես, որակավորես, հետո նոր հանձնարարես այս կամ այն քրեական գործը քննելու»:

ԵՄ հրավիրված փորձագետ Արենդ Վասթն էլ ասաց, որ Ա. Հովսեփյանի հետ հանդիպումից իմացել է, որ քննչական կոմիտեն ունենալու է օմբուդսմեն, ով արձագանքելու է մարդու իրավունքների խախտմանը, որոնք կարող են տեղի ունենալ գործերի քննության ընթացքում:

«Եթե թխվածքն ուտում են, ուրեմն այն համեղ է»,- ասաց ԵՄ հրավիրված փորձագետը: Ա. Հովսեփյանն էլ ավելացրեց, թե թխվածքն իրենց աշխատանքն է, համեղությունը՝ հասարակական կարծիքը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Միասնական քննչական մարմնի ստեղծման գաղափարը լավն էր, սակայն առանց ՊԵԿ քննչականի` այդ մարմնի գոյությունն անիմաստ է:

«Միասնական քննչական մարմնի գաղափարն ունեցավ այն վախճանը, ինչ վախճան Հայաստանում ունենում են գրեթե բոլոր դրական նախաձեռնությունները: Միասնական քննչական մարմնի ստեղծումը, բնականաբար, դրական երևույթ է, քանի որ այսօրվա դրությամբ նախաքննական մարմինները, լինելով ՊՆ-ի, Ոստիկանության, ՊԵԿ-ի ենթակայության տակ, ստացվում է մի իրավիճակ, երբ նախաքննական մարմինը ենթակա է հետաքննական մարմնին, այսինքն՝ դատավարության իմաստով՝ ինքը պետք է լինի վերադաս, բայց ինքն իրականում սուբորդինացիոն առումով ենթակա է:

Ստեղծվում էր մի իրավիճակ, երբ նախաքննական մարմինները ստիպված կատարում էին հետաքննական մարմինների պատվերը, ինչը, փոխաբերական ասած, պիտի լինի իրականում հակառակը: Օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու նախադրյալներից մեկն էր, որ այդ մարմինները լինեն անկախ:

Գաղափարը լավն էր. ի՞նչ տեղի ունեցավ իրականում: Իրականում պաշտպանության նախարարության և Ոստիկանության քննչական մարմինները դուրս եկան այդ համակարգերից, և վերջ: Առանց Պետեկամուտների կոմիտեի` քննչական ծառայության պետեկամուտների կոմիտեի ենթակայության տակից դուրս գալու՝ այս գաղափարը մեռելածին է դառնում, անիմաստ է դառնում այլևս այդ կառույցի գոյությունը: Եթե ԱԱԾ պարագայում կարող են բերվել ինչ-որ փաստարկներ, որոնք կարելի է քննարկել՝ ընդունելի՞ են, թե՞ ոչ, եթե ՀՔԾ-ի պարագայում պարզ է, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է անկախ լինի, որ կարողանա քննի նաև այս Միասնական քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ հանցագործությունների դեպքերը, ապա ՊԵԿ-ի պարագայում ակնհայտ է, որ տեղի է ունենում մանիպուլյացիա»,- ասաց Ե. Վարոսյանը: Նա նշեց, որ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել, բավական է միայն ուսումնասիրել գործերի քննության կարգը: «Այնտեղ քրեական գործերն, ըստ էության, չեն քննվում: Այնտեղ տեղի է ունենում հետևյալը: Դու տալիս ես փող, ինչքան որ մենք ասում ենք, մուծում ես բյուջե, գնում ես ձեր տուն, չես տալիս փող, գնում ես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Ե. Վարոսյանը:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս