Բաժիններ՝

Վերջապես 30 տարի անց Բյուրականի 2.6 մետրանոց դիտակի մեծ հայելին ալյումինապատվեց

2013 թվականի ամենակարևոր ձեռքբերումը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի`կապված է 2.6 մետրանող դիտակի մեծ հայելու այլումինապատման հետ: Նրա խոսքով՝ իրենք դրա անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին 30 տարի շարունակ, սակայն այդ գործն իրականացնել այդպես էլ չէր հաջողվում: «Այս տարի վերջապես դա կատարվեց և փաստորեն այսպիսով մեր դիտողական հնարավորություններն, այսպես ասած, վերածնունդ ունեցան դրանով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրենը` նշելով, որ ընդհանրապես Բյուրականի աստղադիտարանն աշխարհում շատ հայտնի էր նաև որպես դիտողական աստղագիտության կենտրոններից մեկը, որտեղ հայտնաբերված օբյեկտներն ուսումնասիրում են ամբողջ աշխարհում:

«Դիտողական աստղագիտությունն ավելի շատ է կապված ֆինանսական ներդրումների հետ, քան տեսական գործերը: Հիմա վերջին շրջանում մենք չունեինք այդ հնարավորությունները, իսկ հիմա կարծեք թե վերածնունդ է սկսվում և հույս ունեմ որ առաջիկայում դիտակները կսկսեն աշխատել«,- ասաց Հ. Հարությունյանը:

168.am-ի հարցին, թե ի՞նչ միջոցներով և որքան գումարով հնարավոր եղավ այդ ամենը կյանքի կոչել, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Դեռևս գումարների մասին չենք խոսքում, այն ծախսվել է և բյուջեից և ՀՀ ԳԱԱ-ի գիտության զարգացման ֆոնդից, ինչպես նաև մասնավոր ներդրողների գումարներով»:

Ըստ բանախոսի`Բյուրականը 2.6 մետրանոց դիտակը ստացել էր դեռևս 1988 թվականին, որից հետո անմիջապես սկսվեց երկրաշարժը, այնուհետև պատերազմը, տնետսական ճգնաժամ և այդպես էլ ոչ մի կերպ չէին չկարողանում այն բերել կարգին վիճակի: Նրա խոսքով՝ դիտակը վերանորոգելու հարցում Բյուրականի աստղադիտարանին մեծապես օգնել են նաև Ղրիմի աստղադիտարանի աշխատակիցները, ովքեր մոտ 1 ամիս աշխատել են Բյուրականում: Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ նրանց աշխատանքը շատ կարևոր էր, քանի որ նրանք դրա մասնագետներն էին:

Հ. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ռուսական «Ռոսկոսմոս» գործակալության կապալառու ընկերության հետ համատեղ՝ աստղադիտարանում կառուցվում է նոր դիտակների կայան, որտեղ աշխատելու են հայ մասնագետները: Այդ ծրագրի իրականացման շնորհիվ աստղադիտարանը կունենա նոր ընդունիչ սարքեր, որոնք շատ թանկ արժեն:

««Ռոսկոսմոսի» դիտակները վերջապես արդեն գտնվում են Բյուրականում, այժմ ընթանում է դրանց մոնտաժի աշխատանքները` հայ և ռուս մասնագետների կողմից»,- ասաց Հ. Հարությունյանը` նշելով, որ այս ծրագրով մոտ 15 մարդ, այդ թվում` 8-10 գիտաշխատողներ, և նաև սպասարկող անձնակարզմ կներգրավվեն աշխատանքի:

Ինչ վերաբերում է 2014 թվականին, ապա որպես կարևոր նախագիծը Հ. Հարությունյանը առանձնացրեց հետևյալը. «2.6 մետրանոց դիտակի էլեկտրոնաիկայի կառավարման համակարգի վերջնական պատրաստումը, նոր լուսաընդունիչի ձեռքբերումը և մետրանոց դիտակի արդիականացման ավարտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս