Բաժիններ՝

«Եթե ճիշտը չասեմ՝ էլ ինչի՞ եմ ասում». Անցնող գյուղատնտեսական տարին՝ անկախ փորձագետի աչքերով

Անցնող 2013 թվականը, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության համար բերքատվության առումով նորմալ տարի էր, բացի 1-2 մշակաբույսերից՝ լոլիկից ու կարտոֆիլից: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտես, անկախ փորձագետ Գագիկ Մանուչարյանը, Գյուղատնտեսության նախարարությունը բերքատվության հետ բացարձակ կապ չունի, և բարձր բերքը կապված է բնակլիմայական պայմանների հետ:

Նախարարության աշխատանքը Գ.Մանուչարյանը «բավարար» գնահատեց և միաժամանակ նշեց. «Ես այնտեղ աշխատել եմ (ԳՆ բուսաբուծության, անտառային տնտեսությունների և բույսերի պաշտպանության վարչության նախկին պետ. խմբ.), չեմ կարող շատ բան ասել, կմտածեն՝ վիրավորված եմ գնացել, եթե ճիշտն էլ չասեմ՝ էլ ինչի՞ եմ ասում: Բոլոր դեպքերում, գյուղացուն օգնելու համար շատ անելիք ունի նախարարությունը, միայն սերմացու բերելով չի կարելի գյուղացուն ոտքի կանգնեցնել: Հացահատիկի սերմից շատ մարդիկ դժգոհ էին, բայց ոչ մեկը մինչև վերջ չուսումնասիրեց՝ այդ դժգոհությունը կապված է ներկրված սերմացուի՞ հետ, թե՞ ֆերմերներից հետ ստացած ու բաժանված սերմի հետ, թե՞ այլ բանի: Դա նախարարության բացթողումն էր, բայց նախարարությունն այնպիսի քաղաքականություն պետք է մշակի, որ գյուղացու համար գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի առաջնային, ոչ թե ստիպված մշակի հողը, որովհետև մեկ է՝ հարկ է տալիս: Հող մշակելը պետք է ձեռնտու լինի գյուղացու համար»:

Ըստ Գ.Մանուչարյանի՝ ներկայումս Արարատյան դաշտավայրում մի հողակտորը 0.5 հա է, որի վրա ցանքաշրջանառություն չի կարելի կիրառել, որ բարձր բերքի ակնկալիք լինի, ու ստիպված այդ կես հեկտարն ամեն տարի մշակում են, իսկ պարարտանյութի գինն ամեն տարի բարձրանում է, դառնում է ժողովրդի համար ոչ մատչելի, արդյունքում՝ հողը սնանկանում է: Մասնագետը նշեց, որ նախարարության տրամադրած ազոտական պարարտանյութով հողը պարարտացնելու դեպքում դրա ֆիզիկաքիմիական հատկությունները վատանում են, և եթե ազոտի հետ ֆոսֆոր ու կալիում չի տրվում, հողի «հերն անիծում են»:

«Սա պետք է լինի նախարարության գործառույթը, որ բացի բերքատվությունը բարձրացնող պարարտանյութից, բերի նաև կոմպլեքս պարարտանյութեր: Օրինակ՝ կարտոֆիլը դիմացկուն չի ու ձմռան ընթացքում արագ փչանում է, որովհետև միայն միակողմանի ազոտ է տրվել դրան,- ասաց Գ.Մանուչարյանը՝ հավելելով, որ նախարարությունը պետք է զբաղվի անասանաբուծության խնդիրներով, ոչ թե թվեր նկարելով ու ասելով, որ բերքատվությունը լավն է, պետք է ձկնաբուծարանների ջրերը վատնելու դեմն առնել, էժան հակակարկտային ցանցեր բերելու մասին պետք է մտածել,- Ճամբարակում ցորենը հասունանում է՝ կոմբայն չկա, որ հավաքեն, պետք է մտածեն, որ կոմբայն ներկրեն մատչելի գնով և տան ժողովրդին, ոչ թե տան գյուղապետին՝ ինչ ուզի, անի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս