Ըստ Արմեն Մովսիսյանի՝ գազային համաձայնագիրը որևէ սահմանափակում չի դնում
ԱԺ-ի արտահերթ նիստում այս պահին քննարկվում է «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը «Գազպրոմ»-ին վաճառելու մասին հարցը: Այս առնչությամբ հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու ռուսական գազի դիմաց Հայաստանի կուտակած 300 մլն դոլարի պարտքը: «Համաձայնագիրն ասում է, որ 20 տոկոսը վաճառում ենք ու 63 միլիարդ դրամը Ռուսաստանը փոխանցում է մեր բյուջե: Պարտքի խնդիրն ի՞նչ եղավ, այդ 300 մլն-ը մտնելու է բյուջե, հետո՞ ենք տալու ՌԴ-ին»,- հարցրեց նա և հետաքրքրվեց, թե արդյոք սույն պայմանագրով Հայաստանը կաշկանդվա՞ծ է լինելու հետագայում իրանական գազից օգտվելու հարցում: Ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանը կրկնեց, թե առաջացող 300 մլն պարտքի մի մասը Ռուսաստանն է մարելու, իսկ մյուս մասը Հայաստանը, և կառավարությունը հետո կորոշի՝ ինչպե՞ս է տնօրինելու 20%-ի վաճառքից ստացված գումարը: Նա նաև հավաստիացրեց, թե համաձայնագիրը որևէ սահմանափակում չի դնում, և Հայաստանը կարող է «վաղը, մյուս օրը» էժան գազի հնարավորության դեպքում դրանով փոխարինել ՌԴ ներկրվող գազի ծավալը: