Հոգևոր արժեքների նվեր՝ տոներին ընդառաջ
Դեկտեմբերի 22-ին «Ոսկե դար» արվեստի կենտրոնի (Սպենդիարյան 5) բավականին հետաքրքիր ճարտարապետական լուծումներով ցուցասրահում կմեկնարկի «www.hi-artonline.com» նախագծի հերթական ցուցահանդեսը:
Այն բազմաշերտ և ինքնատիպ կոնցեպցիայով մի նախագիծ է, որտեղ միևնույն տարածքում կներկայացվի միանգամից երեք ցուցահանդես` համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ (Սարյան, Քոչար, Թութունջյան և այլք), Եղիշե Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը և ժամանակակից թվով երեք մինիմալիստ աբստրակցիոնիստների նոր ստեղծագործությունները: Նշենք, որ «www.hi-artonline.com» նախագծի նոր շենքը` «Ոսկե դար» երկհարկանի գալերեայի տարածությունը, սրահների էսթետիկ բնույթը թույլ է տալիս էքսպոզիցիոն ընդունված սահմանները կոտրել և նկարչությունն ու քանդակը ցուցադրել միանգամայն նոր ձեռագրով: Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակել էինք արվեստի ոլորտում արձանագրված այս կարևորագույն իրադարձության վերաբերյալ մանրամասներ:
Հիշեցնենք, որ կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանը ֆրանսիական խոշոր գալերեաների հետ համագործակցության արդյունքում ձեռք է բերել և Հայաստան է տեղափոխել Լևոն Թութունջյանի յուղաներկ կտավները, որոնք տեսնելու հնարավորություն հայ հասարակությունը երբեք չի ունեցել: 1990թ. հունիսի 19-ին Փարիզում իմպրեսիոնիստների և մոդեռնիստների ցուցահանդեսում Պիկասոյի, Շագալի, Դալիի, Ռենուարի և այլ համաշխարհային մեծությունների հետ ցուցադրված Լ. Թութունջյանի 1930թ. ստեղծած կտավը կոլեկցիոներ Ս. Գրիգորյանը տրամադրել է «www.hi-artonline.com»-ին` երկու ամիս ցուցադրելու:
Համաշխարհային հանճարները` Թութունջյանի անվան սրահում
«Ոսկե դար» արվեստի կենտրոնի մի սրահը հռչակվել է Լևոն Թութունջյանի անվամբ, ընդ որում` ցուցադրվելու է ոչ միայն նրա` Հայաստանում առաջին անգամ գտնվող յուղաներկ կտավը, այլ նաև` քանդակը: Թութունջյանի անվան սրահում ցուցադրվելու են նաև Ե. Քոչարի, Մ. Սարյանի փառահեղ նկարչությունը, որը կրկին տրամադրել են մասնավոր կոլեկցիոներները, և հայ հասարակության համար այդ ստեղծագործությունները պետք է նոր բացահայտվեն:
Վերոնշյալ ցուցասրահի առանձնահատկությունն այն է, որ ներկայացվում են մոտ 5-6 համաշխարհային մեծության հեղինակներ: «Անշուշտ, Լ. Թութունջյանն այդ ցուցասրահի գոհարն է, որովհետև առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում է նրա յուղաներկ կտավը: Այն ազդեցությունը, որը մարդու վրա գործում է այդ կտավը` դա մի անբացատրելի բան է: Մեր ֆանտաստիկ մոդեռնիստները` Քոչարն ու Թութունջյանը, միևնույն սրահում, մյուս հանճարների հետ միասին, այնպիսի էներգետիկ դաշտ են ստեղծել, որն անպայման կզգան մեր այցելուները:
Չեմ վախենա ասել, որ Հայաստանում սա արտառոց դեպք է, որովհետև Թութունջյանի կտավն աշխարհի լավագույն թանգարանում ցուցադրվելու արժանի նկար է, որն աշխարհում համարվում է սյուրռեալիզմի ամենատպավորիչ կտավներից մեկը»,- վստահեցնում է ««www.hi-artonline.com» նախագծի հիմնադիր-տնօրեն Աննա Գրիգորյանը` ընդգծելով, որ առհասարակ համաշխարհային դասի արվեստաբանները Թութունջյանին համարել են սյուրռեալիզմի առաջատարներից մեկը:
Հիշեցնենք, որ Լ. Թութունջյանն ընդգրկված է եղել տաշիզմի հիմնադիր կազմում և եղել է այն 5-6 սյուրռեալիստ մեծությունների շարքում, ովքեր Փարիզում ստեղծել են Սյուրռեալիստների միությունը: «Բավականին հետաքրքիր տեղեկատվություն կա, համաձայն որի` աշխարհի արվեստի քննադատները չեն կողմնորոշվել Թութունջյանին մեկ ուղղության մեջ դասակարգելու հարցում: Սկզբում նա դրսևորվել է տաշիզմի մեջ, հետո` սյուրռեալիզմի, այնուհետև` այլ ուղղություններում:
Նա գրել է` «Իմ կյանքի նպատակն է` գտնել այն ձևը, որի մեջ արվեստը մաքսիմալ կարտահայտվի»: Նա երբեք կառչած չի եղել ուղղություններից, որովհետև իր համար կարևորը շարժը, ֆորմայի փոփոխությունն է եղել»,- ասում է Ա. Գրիգորյանը` Լ. Թութունջյանին բնութագրելով այսօրվա յուրաքանչյուր ժամանակակից նկարչից ժամանակակից նկարիչ: «www.hi-artonline.com»-ի հիմնադիրը խոստանում է այս ցուցահանդեսից հետո էլ շարունակել պարբերաբար ցուցադրել համաշխարհային ճանաչում ունեցող նկարչություն:
Կցուցադրվի իմպրեսիոնիստական մաներայի վարպետ Եղիշե Թադևոսյանը
Մեկնաբանելով ցուցահանդեսի բովանդակությունը` Ա. Գրիգորյանն ընդգծում է. «Մեր առաջին` Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի որդեգրած ուղղությունը, որի խորագիրն էր` «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն», մենք շարունակելու ենք` ներկայացնելով և՛ մոդեռնիզմի, պոստմոդեռնիզմի ներկայացուցիչներին, և թե՛ Արևելքից, թե՛ Արևմուտքից: Դասական նկարչությունն այս անգամ կներկայացնի Եղիշե Թադևոսյանը` իր յուղաներկ, գրաֆիկական և արխիվային նյութերով:
Ե. Թադևոսյանի ցուցահանդեսը հազվագյուտ, բացառիկ և գրավիչ է նրանով, որ ներկայացված ստեղծագործություններն առաջին անգամ են ցուցադրվում»:
Ի դեպ, Ե. Թադևոսյանի ցուցահանդեսին ներկայացված այդ արժեքավոր ամբողջ ստեղծագործություններն ու արխիվային նյութերը հայ կոլեկցիոներ, արվեստի սիրահար Վահագն Գրիգորյանի սեփականությունն են: Նա իր մասնավոր հավաքածուից Ե. Թադևոսյանի 80-ից ավելի էտյուդները, էսքիզները, գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև` արխիվային նյութերը երկու ամիս ցուցադրելու համար տրամադրել է ցուցահանդեսի կազմակերպիչներին:
Կոլեկցիոներ Վ. Գրիգորյանը երկար փնտրտուքի և մեծ ջանքերի գնով Թիֆլիսում գտել է Ե. Թադևոսյանի կենսագրական փաստագրություններն ու արժեքավոր ստեղծագործությունները և տեղափոխել է Հայաստան: «Ե. Թադևոսյանը Մոսկվայում է սովորել և եղել է ճանաչված պեյզաժիստ Վասիլի Պոլենովի աշակերտը, հետևաբար ինքը` Ե. Թադևոսյանն էլ համարվում է հայկական պեյզաժի գիգանտներից: Նա համարվում է առաջատար, շրջադարձային նկարիչ, ով մշտապես նաև ՌԴ-ում ցուցադրվել է առաջատար նկարիչների հետ:
Գալով Թիֆլիս` 1916 թվականին հիմնադրել է Հայաստանի Նկարիչների միությունը` դառնալով միության նախագահ, ընդ որում` անգնահատելի մեծ աշխատանք է կատարել այդ ոլորտում: Ե. Թադևոսյանը համարվում է իմպրեսիոնիստական մաներայի վարպետ: Իրեն չենք կարող համարել մաքուր իմպրեսիոնիստ, քանի որ նա ռեալիստ նկարիչ է, միայն գույնի, լույսի հետևից չի ընկել: Սակայն, միևնույն ժամանակ, իմպրեսիոնիստական տեխնիկայով նա հասել է կատարելության»,- ասում է Ա. Գրիգորյանը` վստահեցնելով, որ նրա ստեղծած 500 էտյուդներից 40-ը կցուցադրվեն մինչև փետրվարի 28-ը` ցուցահանդեսի փակման օրը:
Ցուցահանդեսի կազմակերպիչը հավաստիացնում է, որ սա լինելու է պատմական ցուցահանդես, քանի որ հայ հասարակությունը տեսնելու է այնպիսի շեդևրներ, որոնք մեր իրականության մեջ երբեք չեն ցուցադրվել:
Աբստրակցիոնիստները կոտրում են էքսպոզիցիոն կարծրատիպերը
Ժամանակակից արվեստի` պոստմոդեռնի անդրադարձը ցուցահանդեսում լինելու է երեք շատ հետաքրքիր, յուրօրինակ ձեռագիր ունեցող մինիմալիստ աբստրակցիոնիստների` քանդակագործ Աշոտ Հարությունյանի և նկարիչներ Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի ստեղծագործություններով: Ա. Գրիգորյանը խոստովանում է, որ նույնիսկ ինքը չի պատկերացնում, թե իրեն ինչ է սպասվում, քանի որ էքսպոզիցիոն ազատությունը վերապահել է արվեստագետներին:
«Իրենք հիմա էքսպերիմենտներ են անում, որն ինձ ժամանակակից արվեստի ցուցադրության պարագայում շատ գրավում է: Կարծում եմ` ստեղծվել է մի միջավայր, համաձայն որի` նկարիչները, քանդակագործները կարող են իրենց մտքերն արտահայտելով մեկտեղ` շփում ստեղծել ժամանակակից հանրության հետ, հետևաբար` արձանագրել շփման արդյունքը: Ինձ` իբրև art-մենեջերի, աուկցիոների, որն այս ստեղծագործությունները պետք է վաճառի, աճուրդ կազմակերպի` շատ հետաքրքիր է այցելուների և արվեստագետների շփումը, էմոցիաները, ռեակցիան»,- ասում է «www.hi-artonline.com»-ի հիմնադիր Ա. Գրիգորյանը` շեշտելով, որ ցուցահանդեսի մասնակից ժամանակակից նկարիչները, քանդակագործները փորձում են ավանդական ֆորմաներից դուրս գալ` վերցնելով տարածությունն ու շարժումը: Ի դեպ, նա կոչ է անում այցելել ցուցահանդես` ոչ միայն արվեստ տեսնելու, այլ նաև` գնելու, քանի որ այս անգամ լինելու է ցուցահանդես-վաճառք:
«Հաճախ ամերիկյան սերիալներ դիտելով` տեսնում եմ Բևեռլի Հիլզի` մեծահարուստների, աստղերի, պաշտոնյաների տանն ու աշխատասենյակներում կախված աբստրակտ նկարչությունը, շատ ուրախանում եմ ու երազում եմ, որ հայերը նման օրինակները վերցնեն: Բացի նատյուրմորտից, պեյզաժից, ճանաչված անուններից` պետք է ձեռք բերել նաև աբստրակցիա, որն առաջին հայացքից կթվա անհասկանալի, բայց ամեն օր նրան մոտենալով` մի նոր գործ կբացահայտի նկարի սեփականատերը»,- ասում է նա: Ա. Գրիգորյանը համոզված է, որ հնարավոր է աբստրակտ արվեստը կոմերցիոն դարձնել, ինչն ուղղակիորեն կապված է ոլորտի զարգացման հետ: Վերջինս վստահ է, որ շուտով կոտրվելու է հասարակության մեջ բևեռացված այդ կարծրատիպը, ընդ որում` ցուցահանդեսում ներկայացված աբստրակտ նկարներն ու քանդակները շուտով կդրվեն աճուրդի:
Նշենք, որ «www.hi-artonline.com»-ի այս ցուցահանդեսից հետո մարտ ամսի սկզբին տեղի կունենա նաև աճուրդ: Իսկ հունվարի 15-ից «www.hi-artonline.com» և «www.auction.am» կայքերում տեղադրված կլինեն լոտերը և մասնակցության, հայտերի պայմանների մասին ամբողջ տեղեկատվությունը: «Հետաքրքրվողները կարող են զանգահարել, գալ, և մենք կներկայացնենք աճուրդի կոնցեպցիան, վաճառքի գներն ու վաճառք կատարելու բոլոր պայմանները, լոտերը: Իսկ փետրվար 10-12-ից «Ոսկե դարում» կցուցադրվեն բոլոր լոտերը: Յուրաքանչյուր հետաքրքրված անձ կարող է գալ, հայտ ներկայացնել, նայել, տեսնել, քննարկել և այլն: Մինչև մարտի 8-ը կազդարարենք կենդանի աճուրդ` դասական, ժամանակակից արվեստի, ինչպես նաև` հնաոճ իրերի»,- ասում է Ա. Գրիգորյանը: