Պարգև Օհանյան. Կան բազմաթիվ դեպքեր, երբ մեղադրյալից ցուցմունքը կորզվում է ճնշումների ազդեցության տակ, փակ կաբինետային պայմաններում

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օրերս նշել է, որ օրենսգիրքը ԱԺ քննարկմանը կներկայացվի գարնանային նստաշրջանում: Այս ընթացքում մի խումբ փաստաբաններ հասցրել են իրենց մտահոգությունները հայտնել Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի մի քանի դրույթների առնչությամբ: «168 Ժամը» նոր օրենսգրքի նախագծերի որոշ հարցերի շուրջ զրուցել է նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ:

– Պարո՛ն Օհանյան, փաստաբաններն արդեն հասցրել են մտահոգություններ հայտնել օրենսգրքի նախագծի որոշ դրույթների շուրջ: Դուք մտահոգություններ ունե՞ք` կապված նախագծի հետ:

– Այն մտահոգությունները, որ ունեն փաստաբանները, հատկապես` կապված մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման հետ, կիսում եմ, որովհետև դա լրացնում, հիմնավորում է իմ մտավախությունը՝ այն ցավալի փաստը, որ նախաքննությունն ինքը նույնպես արդարադատություն է իրականացնում այն դեպքում, որ համաձայն Սահմանադրության և օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները: Օրինակ՝ հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքը: Քննիչն արդարադատություն է իրականացնում, գտնում է, որ անձանց գործողություններում հանցակազմ չկա, անհրաժեշտ պաշտպանություն է, կամ գտնում է, որ չկան բավարար ապացույցներ, և կարճում է գործը: Սա արդարադատության իրականացում է այն դեպքում, որ դա պետք է անի դատարանը: Կան բազմաթիվ դեպքեր, երբ մեղադրյալից ցուցմունքը կորզվում է տարբեր տեսակի ճնշումների ազդեցության տակ՝ լինի դա ֆիզիկական թե հոգեբանական խոշտանգում… Կորզվում են ցուցմունքներ փակ կաբինետային պայմաններում՝ խախտելով կոնվենցիայի, մեր Սահմանադրության և օրենքների պահանջները մասնավորապես այն մասին, որ յուրաքանչյուր ոք ունի իր գործի՝ անկախ, անկողմնակալ դատարանի կողմից հրապարակային քննության իրավունք:

Քննիչի կողմից գործի քննությունը կարո՞ղ է լինել հրապարակային: Իհա՛րկե՝ ոչ: Եթե ոչ հրապարակային քննությունը ավարտվում է, քրեական գործը կարճվում է, որովհետև ասում է՝ անհրաժեշտ պաշտպանություն է, որովհետև ապացույցները բավարար չեն, արդարադատություն է իրականացնում քննիչը:

Կարդացեք նաև

Ենթադրենք, անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորման միջնորդություն է արվում, այդ անձին էլ բերում են դատարան արդեն ձերբակալված վիճակում կամ թեկուզ ազատության մեջ: Բնականաբար, այդ անձի մոտ արդեն ճնշված վիճակ է, կամ համոզել են՝ սուս կմնաս, կամ վախեցրել են, կամ էլ պարզ չի՝ ինչ են արել: Դատավորը կամ չի տեսնում, կամ… դատավորը փորձագետի հետ չի զննելու անձին, կամ առանձին, ինչպես «Джентльмены удачи» ֆիլմում է ասում՝ Я тебе не прокурор, чтоб поговорить по душам, մի ժամանակ ընդունված էր, որ դատախազներն էին կալանքի սանկցիան տալիս ու իբր թե զրուցում էին կալանավորվողի հետ: Հիմա այդ նույնը իբր պետք է դատարանն անի: Այս դեպքում էլ կարծում եմ՝ ոչ էլ անելու են: Ինչ ցուցմունք որ ինքը տվեց, պիտի դեպոնացվի: Ու վերջացավ. այդ մարդն ինքը ստորագրեց իր դատավճիռը:

Այն հավաստիացումը, որ Հրայր Թովմասյանն ասել է, թե ըստ այս օրենսգրքի՝ խոստովանական ցուցմունքը բավարար չի լինի, ես չգիտեմ՝ այդ հայեցակարգով իսկապես այդպես ամրագրվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե այդպես է, հրաշալի կլինի: Եթե խոստովանական ցուցմունքը հիմք չլինի, բավարար չհամարվի, ես ուղղակի շատ ուրախ կլինեմ: Դա արդեն մեծ քայլ կլինի` դեպի արդարադատության իրականացում: Այդ իմաստով, եթե այդպես լինի, կողջունեմ:

Մյուս կողմից էլ` կիսում եմ Հայկ Ալումյանի կարծիքը, որ այդքան շատ օրենք էլ փոխել չի կարելի: Մարդիկ կրթություն են ստանում, հետո նորից ջնջում՝ նոր օրենք, նոր իրավակիրառ պրակտիկա: Պատկերացրեք` վճռաբեկ դատարանի ինչքան նախադեպեր, պարզաբանումներ են եղել, այդ բոլորը պետք է ջնջվի, նորից սկսվի:

– Խոսեցիք բռնությամբ մեղադրյալներից ցուցմունք կորզելու մասին: Քրեական դատավարության օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը մի առիթով նշել է, որ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի ներդրման նպատակներից մեկը ոչ իրավաչափ եղանակներով խոստովանական ցուցմունքների ստացման երևույթը կանխելը կամ նվազագույնի հասցնելն է: Ի՞նչ եք կարծում` դեպոնացումը ներդնելուց հետո բռնությամբ կամ սպառնալիքով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու երևույթը կվերանա՞:

– Մինչև դա պրակտիկայում չկիրառվի, չանցնեն տարիներ, օրենքը փորձարկման չենթարկվի, միանշանակ ոչինչ ասել չի կարելի: Բայց, ցավոք, ես այստեղ լավատես չեմ և կարծում եմ, որ ավելի վատ է լինելու, քան հիմա է, որովհետև դրա հեռահար նպատակն, իմ կարծիքով, «այս գլխից անձի նկատմամբ դատավճիռ կայացնելն է», խոստովանական ցուցմունքի «նոտարական» հաստատումը, վավերացումն է:

Հնարավոր է` որոշ դեպքերում անձը համարձակություն ձեռք բերի, ասի` հարգելի դատարան, այսպես չէ, բայց մինչև դատարան տանելը նրա վրա տարբեր օպերատիվ ծառայություններ այնքան կաշխատեն, այնքան կճնշեն: Այդ առումով ես քիչ լավատես եմ:

– Որոշ փաստաբաններ մտահոգություն են հայտնել նաև օրենսգրքի նախագծի դրույթներից մեկի շուրջ, ըստ որի՝ սուտ ցուցմունք տալու համար մեղադրյալը պետք է պատասխանատվության ենթարկվի: Ի՞նչ եք կարծում այս դրույթի մասին:

– Դրա իմաստն այն է, որ մեղադրյալն իրավունք ունի ցուցմունք չտալու, բայց եթե նա ցուցմունք է տալիս, պարտավոր է ճիշտն ասել, չխաբել: Ես համամիտ եմ, բայց պրակտիկայում սա չի կիրառվելու, որովհետև սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության նորմն ընդհանրապես չի կիրառվում: Չկա պրակտիկա, չի կիրառվում: Ով ինչ ուզում ասում է, ինչպես ուզում` խաբում է, վերջին հաշվով, եթե որևէ ատյանի դատարանում այդ ցուցմունքը հերքվում է, հետապնդում չի հարուցվում:

Նույնիսկ ավելին ասեմ ձեզ. դեռ մեխանիզմներն էլ հստակ չեն, թե ինչպե՞ս պետք է լինի, ո՞վ պետք է գործ հարուցի, դատարա՞նը պետք է միջնորդի, թե՞ մեղադրողը: Ըստ պրակտիկայի՝ դատավճիռը պետք է մտնի ուժի մեջ, հետո դրա հիման վրա հարուցեն: Ոչ էլ նման պրակտիկա գիտեմ, որ արվում է: Մինչդեռ ակնհայտ շատ դեպքեր կան, երբ ակնհայտ հիմնավորվում է, որ առաջին ատյանի դատարանում մարդը մի բան է ասում, վերաքննիչում` ուրիշ, տրամագծորեն հակառակ բան է ասում:

– Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գլխավոր փոփոխություններից մեկն այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումն է համարում՝ տնային կալանք, վարչական հսկողության հանձնել, և այլն: Նա նաև հույս է հայտնել, որ այլընտրանքային խափանման միջոցների ներմուծումից հետո կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները, իսկ կալանավորումը կկիրառվի, եթե կիրառելի չլինեն խափանման մյուս միջոցները: Ձեր կարծիքով՝ օրենսգրքի ընդունումից հետո կալանավորումը կմնա խափանման հիմնական միջո՞ցը, թե՞ դատարանները կկիրառեն այլընտրանքային միջոցները:

– Ես կարծում եմ, որ նորից դեր չի խաղալու: Ամենահարմար այլընտրանքային խափանման միջոցը գրավն է, որը, սակայն, չի կիրառվում: Այսինքն՝ մենք օրենքի փոփոխությունից չպետք է արդյունք ակնկալենք այս հարցում, այլ քաղաքական և այսպես ասած՝ դատական կամք պետք է լինի, կամ որդեգրվի մարտավարություն, որ կալանավորումը որպես խափանման միջոց այսուհետև կիրառվի բացառիկ դեպքերում: Իմ կարծիքով՝ նոր օրենքը ոչ մի ազդեցություն չի ունենալու դրա վրա: Եթե այդ կամքը կա, ու որոշված է, այսպես ասած, ցուցումը տրված է, որ կալանավորումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, դատարանների գործը կհեշտանա այն առումով, որ ոմանց դեպքում կկիրառվի գրավ, ոմանց դեպքում՝ տնային կալանք, ոմանց դեպքում՝ մեկ այլ բան: Հիմա էլ գործում են այլ խափանման միջոցներ, որոնք հիմա էլ հանգիստ կարելի է կիրառել:

– Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ են խափանման մյուս միջոցները քիչ կիրառվում:

– Պատճառը հետևյալն է: Քրեական հետապնդում իրականացնող մարմինները՝ կլինի Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանության Քննչական ծառայությունը, Դատախազության հսկողության տակ մի տեսակ արդարադատություն իրականացնողի չբավարարված ձգտում ունեն՝ գիտակցված թե չգիտակցված: Իրենք կա՛մ լավ չեն հասկանում, կա՛մ էլ հասկանալով` ուզում են, որ իրենց ձեռքում լինեն որոշակի ռեալ լծակներ: Ասում են՝ դու հանցագործ ես, դու պիտի կալանավորվես, վերջ:

Միջնորդություններն էլ այդ ոգով գրվում են, որ այսինչը կատարել է այսինչ հանցանքը, փոխանակ գրեն, որ ձեռք են բերվել որոշակի ապացույցներ, որոնք հիմք են տալիս որևէ մեկի որևէ հոդվածով մեղադրանք առաջադրել: Խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, և քրեական հետապնդման մարմինն, ըստ էության, անձանց կալանավորելով՝ ուզում է ցույց տալ, որ ինքն է գործի տերը, որ ինչպես ինքը ուզի` կլինի, ինքը երբ ուզի` բաց կթողնի:

Հետաքրքիր է օրենքի այն դրույթը, որ, թեև անձին կալանավորվում են դատարանի որոշմամբ, բայց կարող են ազատ արձակվել քննիչի որոշմամբ: Շատ են եղել դեպքեր, որ ամեն կերպ դատարանին համոզելուց հետո, որ խափանման միջոց կալանավորումն անհրաժեշտություն է, անձին երեք օր հետո բաց են թողել մինչգ ինչ-ինչ պատճառներով:

Հաշտվելով այն մտքի հետ, որ նախաքննություն կոչված փուլը չի վերանալու, պիտի մնա, թեև ես այն կարծիքին եմ, որ միայն հետաքննությունը լրիվ բավարարում է, և դրանից հետո պետք է միանգամից դատաքննության փուլ լիներ, պետք է բարդացվի նախաքննության և հատկապես կալանավորման ժամկետների երկարացումը: Նախ ինքը՝ կալանավորումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, իսկ դրա ժամկետի երկարացումը, իմ կարծիքով, նույնիսկ կարելի է արգելել, և դրանից քննությունը չի տուժի: Այդ դեպքում քրեական հետապնդման մարմինը ստիպված կլինի, այսպես ասած, հաշվարկել, պլանավորել, որ ինքն իր գործողություններն անի, քանի դեռ անձին չի կալանավորել, հետո կալանավորելուց հետո 2 ամսում հասցնի ավարտել:

Ընդհանրապես նրանք, ովքեր ասում են, որ հնարավոր չէ երկու ամսում նախաքննությունն ավարտել, ճիշտ չեն ասում: Այլ հարց է, որ քննիչը կարող է իր վարույթում 15 գործ ունենալ, բայց դա անձին չպետք է վերաբերի: Չէ՞ որ մարդն անազատության մեջ է, նրան չի հետաքրքրում՝ դու քանի գործ ունես քո վարույթում:

Բարի՛ եղիր օրենքով սահմանված հիմնական ժամկետում՝ երկու ամիս, ավարտի՛ր գործիդ քննությունը, ուղարկի՛ր դատարան, ես քո գերին չեմ: Բայց փաստը մնում է փաստ, որ դարձնում են իրենց գերին:

Ասելիքս հետևյալն է՝ եթե կա նախաքննության փուլ, ապա այն պետք է խստորեն սահմանափակվի իր ժամկետների մեջ` հատկապես անձանց ազատությանը վերաբերող հարցում: Երկու ամսից ավելի կալանքի ժամկետի երկարացումը պետք է լինի շատ բարդ՝ ծայրահեղ բացառիկ դեպքերում, ծայրահեղ լուրջ հիմնավորումների առկայության դեպքում:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս