Բաժիններ՝

Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ իրավական ակտերի համաձայն` պետությունն իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ` հոգալու հանրապետության առողջապահական կարիքների մի մասը:

Այդ կարիքների մեծ մասը, որի համար, ի դեպ, ծախսվում է պետական առողջապահական բյուջեի մոտ 70%-ը, Հայաստանի բուժհաստատություններին տրվող պետական պատվերն է, որի միջոցով, այսպես կոչված, «անվճար» բուժօգնություն են ստանում հատուկ խմբերում ընդգրկված անձինք (սոցիալապես անապահով անձինք, հաշմանդամներ, կենսաթոշակառուներ և այլն), ինչպես նաև անվճար կամ համավճարով բուժօգնություն է տրամադրվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հիվանդացել են հատուկ, հանրային կարևորություն ունեցող հիվանդություններով (անհետաձգելի դեպքեր, վարակիչ հիվանդություններ, նորագոյացություններ, տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ և այլն):

Տարեկան մոտ 50 մլրդ դրամ տրամադրվում է հենց այս պետպատվերի սպասարկման համար: Բայց արդյո՞ք այդ միջոցները տեղին են ծախսվում և համամասնորեն են բաշխվում բուժհաստատությունների միջև՝ ըստ բուժհաստատությունների տեխնիկական և կադրային հագեցվածության, հիվանդներով ծանրաբեռնվածության և մատուցած ծառայությունների որակի: Բուժհաստատությունների հետ կնքված պետպատվերի պայմանագրերի թռուցիկ ուսումնասիրությունը տալիս է այդ հարցի պատասխանը:

Եվ այդ պատասխանն է. «Իհարկե ո՛չ»: Կարծում եմ, նոր նախարարի վրա մեծ պատասխանատվություն է ընկած՝ փոխելու մինչև հիմա գործող կարգը, որի հետևանքով զանազան բուժհաստատություններին (պետական և մասնավոր) պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ:

Կարդացեք նաև

Պետական պատվերի բաշխմանը կարող եք ծանոթանալ ինտերակտիվ բյուջեի վեբ-կայքից և ինքներդ համոզվել դրանում: Իսկ տարիներ շարունակ առողջապահական բյուջեի ամենամեծ ծախսեր ենթադրող մասը տնօրինվել է հետևյալ կերպ` պետական պատվերի տրամադրման կարգը սահմանվում է առողջապահության նախարարի կողմից և իրենից ներկայացնում է մի քանի տիպային փաստաթղթերի ներկայացում նախարարություն:

Իսկ դրանից հետո առողջապահության նախարարը գրեթե միանձնյա կամ իրենց բարձր պաշտոնյաների ցուցումով որոշում է, թե այդ 50 միլիարդ ՀՀ դրամն ինչպես բաշխի: Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ` ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են Առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են խղճուկ գումարներ:

Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի, ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն, եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100մլն դրամի պետական պատվեր, ապա մինչև նրա հետ պայմանագիր կնքելը, նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի և կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին: Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր:

Այս ատկատների պատճառով ոչ միայն անհավասար պայմաններ են ստեղծվում բուժհաստատությունների միջև, այլև փաստացի կրճատվում է այն գումարը, որի միջոցով պետք է ուղղակիորեն բուժօգնություն ցուցաբերվեր դրա կարիքն ունեցող հիվանդներին: Եվ նաև վերջինիս պատճառով է, որ տարվա կեսին պետպատվերն ավարտվում է, և մարդիկ մնում են առանց բուժօգնության:

Վերջերս պարզ դարձավ, որ 2014 թվականից առողջապահության բյուջեին է գումարվելու նաև պետական ծառայողների բժշկական օգնության համար տրամադրվող մոտ 10մլրդ դրամը, որը նույնպես բաշխվելու է նույն սկզբունքներով` կա՛մ յուրայիններին, կա՛մ ատկատ տվողներին: Եվ եթե ինչ-որ բուժհաստատություն չունի պետական պատվեր, ապա հիվանդները, որոնք այդ պետպատվերի պայմաններին բավարարում են, չեն կարողանալու սպասարկվել այդ բուժհիմնարկում:

Սրանով խախտվելու է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված` հիվանդի կողմից բժիշկ և բուժհաստատություն ընտրելու իրավունքը: Վերոնշյալ խնդիրների պատճառով է, որ դժվար թե գտնես որևէ հիվանդ, ով գոհ կլինի պետական պատվերով ստացված ծառայություններից և ով հավելյալ գումարներ տված չի լինի բուժաշխատողներին` իրեն բարեխղճորեն բուժելու համար: Այս արատավոր և կոռուպցիոն մեխանիզմի պատճառով է, որ պետպատվեր ունեցող բուժհաստատությունները բացարձակ շահագրգռված չեն որակյալ ծառայություններ մատուցելու մեջ, քանի որ գիտեն, որ նախապես ամեն ինչ վճարված է, և իրենք մյուս տարի էլ նույն կերպ կստանան իրենց գումարները:

Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ որևէ բուժհաստատության հետ կնքված պետպատվերի պայմանագիրը խզվի` վերջինիս կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով:

Այս ֆոնին Առողջապահության նախարարության աշխատակիցների հավաստիացումները, թե իրենք ցանկացած քայլի կգնան, որ ստիպեն պետպատվեր ունեցող բուժհաստատություններին լավ աշխատել, դատարկ խոսքեր են և ոչ ավելին: Չթերագնահատելով առողջապահության նոր նախարարի կողմից կատարվող աշխատանքը՝ ոլորտը կարգի բերելու հարցում, հարկ եմ համարում նշել նաև մի մտահոգիչ փաստ. առողջապահության նախարարի «2014թ. բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանելու» 03.12.2013թ. թիվ 3125-Ա հրամանի հսկողությունը դրված է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի վրա, ով, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` 2010թ. ազատվել է իր նախկին պաշտոնից (Բուժօգնության կազմակերպման վարչության պետ) ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի պահանջով, քանի որ վերջինս հիմնավոր կասկածներ է ունեցել կազմակերպության կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարների հասնող դրամաշնորհի գումարներն այդ պաշտոնյայի կողմից ոչ նպատակային ծախսելու և յուրացնելու վերաբերյալ:

Ի դեպ, այդ ազատումից հետո նրա պաշտոնը մինչ օրս միայն բարձրացվել է: Հնարավոր է՝ Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ իր ազգակցական կապերի շնորհիվ: Այսպիսով, մինչև պետական պատվերի տրամադրման կարգը չլինի մրցակցային և թափանցիկ, պետպատվերով մատուցվող բուժծառայությունները լինելու են անորակ, և հիվանդները ստիպված են լինելու դրանց համար նորից վճարել, ինչպես դա եղել է վերջին տարիներին:

Իսկ փոխել այս արատավոր համակարգը հնարավոր է և անհրաժեշտ, եթե կա կա՛մ համապատասխան հրահանգ կառավարությունից, կա՛մ քաղաքական կամք նախարարությունում: Առաջիկայում կանդրադառնամ նաև առողջապահության ոլորտում առկա այլ խնդրահարույց երևույթներին, և լիահույս եմ, որ ոլորտում կիրականացվեն իրական, որակական փոփոխություններ:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս