
Այս տարի համայն աշխարհում սպանվել է 71 լրագրող. Reporters Without Borders

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders, RWB) կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, որում նշված է, որ 2013 թվականին իրենց պարտականությունները կատարելիս համայն աշխարհում սպանվել է 71 լրագրող:
Լուսաբանման համար աշխարհի ամենավտանգավոր վայրը վերստին դարձել է Սիրիան, ուր այս տարի սպանվել է 10 լրագրող: «Առաջատար» հնգյակում են ընդգրկվել նաև Սոմալին ու Պակիստանը, Հնդկաստանն ու Ֆիլիպինները:
RWB-ի տվյալներով՝ իրենց կյանքն ամենաշատը ռիսկի են ենթարկում տպագիր մամուլի ներկայացուցիչները՝ 37 տոկոս, ապա գալիս են ռադիոյի ու հեռուստաալիքների թղթակիցները: Դեպքերի մեծ մասն առնչվել է տղամարդկանց՝ 96 տոկոս:
2013 թվականին աշխարհում սպանվել է 71 լրագրող և 39 բլոգեր, մինչդեռ 2012 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 88 և 47 մարդ: Ներկա դրությամբ աշխարհում ազատազրկման մեջ է գտնվում 178 լրագրող: «Առաջատարը» Սիրիան է, ապա գալիս են Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Էրիթրեան:
Այս տարի ավելի քան երկու անգամ աճել են ԶԼՄ-ների աշխատակիցների առևանգման դեպքերը: Կազմակերպության տվյալներով՝ այս տարի գրանցվել է լրագրողի առևանգման 87 դեպք, մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 38: Այդ պրակտիկան հիմնականում տարածված է Սիրիայում ու աֆրիկյան երկրներում (Հյուսիսային ու Արևադարձային Աֆրիկա):
Հիշեցնենք, որ Լրագրողների պաշտապանության կոմիտեն (Committee to Protect Journalists, CPJ) նույնպես հրապարակել է իր զեկույցը, որի համաձայն, Թուրքիան ու Իրանը վերջին երկու տարում զբաղեցնում են առաջին երկու տեղերը բանտերում պահվող լրագրողների քանակով: