Բաժիններ՝

Թուրքիան ու Իրանը երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն են զբաղեցնում բանտարկված լրագրողների քանակով. CPJ

Լրագրողների պաշտապանության կոմիտեի (Committee to Protect Journalists, CPJ) պաշտոնական կայքի (www.cpj.org) փոխանցմամբ՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում բանտարկված լրագրողների ցուցանիշով՝ գերազանցելով անգամ Իրանին ու Չինաստանին:

Այս մասին նշված է CPJ-ի պատրաստած զեկույցում: Դրանում նշված է, որ վերջին մեկ տարում աշխարհում որոշակիորեն նվազել է բանտարկված լրագրողների քանակը, սակայն այն շարունակում է մոտ գտնվել պատմական «ռեկորդին»:

CPJ-ի հետազոտության համաձայն, աշխարհում ազատազրկում կրող բոլոր լրագրողների կեսից ավելին բաժին է ընկել Թուրքիային, Իրանին ու Չինաստանին: 2013 թվականին դատապարտվել և բանտ է նետվել 211 լրագրող, ինչը մի փոքր զիջում է 2012 թվականի ցուցանիշին՝ 232 լրագրող:

Իշխանությունների քննադատների հանդեպ իրենց անհանդուրժողականությամբ հայտնի Թուրքիան, Իրանն ու Չինաստանն ընդհանուր առմամբ բանտ են նետել 107 լրագրողի, բլոգերի, խմբագրի: Նրանց հիմնականում մեղադրել են պետության դեմ հանցանքներ գործելու մեջ:

Թուրքիան ու Իրանն արդեն երկրորդ տարին անընդմեջ «առաջատար» են լրագրողներին բանտ նետելու հարցում՝ չնայած նրան, որ այս տարի նրանք ազատ են արձակել մի շարք լրագրողների: Չինաստանում բանտարկված լրագրողների քանակը մնացել է նախկին մակարդակի վրա:

Մեկ տարում թուրքական բանտերում գտնվող լրագրողների քանակը 49-ից իջել է 40-ի, քանի որ նրանցից ոմանց ազատ են արձակել՝ կապված նրանց գործերով դատավարությունների չսկսվելու և նոր օրենքի հետ, որը տևական ժամկետով արդեն իսկ ազատազրկման մեջ գտնվող լրագրողներին հնարավորություն է տվել հայտնվել ազատության մեջ:

Եվ այնուամենայնիվ, թուրքական բանտերում դեռ պահվում են տասնյակ քուրդ լրագրողներ, որոնց մեղադրել են ահաբեկչության և հակապետական ենթադրյալ դավադրություններին մասնակցելու մեջ:

Իրանում բանտարկված լրագրողների քանակը 45-ից նվազել է 35-ի, իսկ Չինաստանի բանտերում, 2012 թվականի համեմատ, չի փոխվել նրանց քանակը՝ 32 լրագրող, խմբագիր ու բլոգեր:

Բանտարկված լրագրողների քանակով «առաջատար» տասնյակում են ընդգրկվել նաև Էրիթրեան (22 լրագրող), Վիետնամը (18 լրագրող), Սիրիան (12 լրագրող), Ադրբեջանը (8 լրագրող), Եթովպիան (7 լրագրող), Եգիպտոսը (5 լրագրող) և Ուզբեկստանը (4 լրագրող):

imprisoned_2013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս