Բաժիններ՝

«Վա՜այ, մամա ջան, որ իմանաք՝ ինչ եմ տեսել» (ֆոտոշարք)

Տիգրանը պատմում է Ձմեռ պապի անհավանական արկածի մասին:
Ողջ մանկության ընթացքում Ձմեռ պապ տեսնել երազող Տիգրանն, անցյալ տարվանից սկսած, ծնողներից պահանջում է այլևս իր և Ձմեռ պապի հանդիպումից խուսափել: Ձմեռային բարի, ժպտերես ու հրաշքներ գործող ծերուկի մասին պատկերացումները հօդս են ցնդել, երբ անցալ տարի իր և Ձմեռ պապի «առճակատումը» կատարվել է: Ասում է՝ «Ես իրան էդքան սպասել, սպասել եմ, պատկերացրել եմ իրան, բայց մեր տուն մտավ թե չէ, հասկացա, որ էլ չեմ ուզում տեսնել Ձմեռ պապ»: «Բայց ինչո՞ւ»,- հարցնում եմ: Ամաչելով ու ծնողներից խոսելու թույլտվություն ստանալուց հետո անկեղծանում է՝ «Գիտե՞ք ինչ փնթի Ձմեռ պապ էր: Մորուքը՝ կեղտոտ, թելով կապած, որ խոսում էր, քիչ էր մնում թելը պոկվեր: Համ էլ ո՞վ ա տեսել ծխող Ձմեռ պապ: Ինքը որ դուրս եկավ, երեխեքով հետևից գնացինք: Մեկ էլ գիտե՞ք ինչ տեսանք: Վա՜յ, մամա ջան, որ հիշում եմ (սկսում է բարձրաձայն չարաճճի ծիծաղել): Որ իմանաք՝ ինչ տեսանք»: Տիգրանն այնքան բարձր ու վարակիչ է ծիծաղում, որ ամբողջ ընտանիքը սկսում է ծիծաղից «փլվել» ու ամբողջ ընտանիքն այնպես է ծիծաղից թուլանում, որ Տիգրանն ուզում է շարունակել տեսածը պատմել, բայց ծիծաղից կամաց-կամաց «հալվում» է հատակին: «Վա՜յ,- ասում եմ,- դե պատմի՝ ես էլ իմանամ»: Ասում է՝ «Մի րոպե լրջանամ, մի րոպե, վա՜այ մամա ջան, որ հիշում եմ»,- նորից սկսում է կչկչալով ծիծաղել ու որքան փորձում է իրեն զսպելով լրջանալ, այնքան ավելի ու ավելի բարձր է ծիծաղում, ու պատմությունն առանց իմանալու՝ Տիգրանի զվարճալի ծիծաղից սկսում ենք բոլորս «ուշաթափվելու» աստիճան ծիծաղել:

001 002 003 004

005

Ասում է՝ «Մի րոպե դուրս գամ, կարող ա ցրտից լրջանամ»: Մի քանի րոպեից ներս է մտնում 8 տարեկան, Ձմեռ պապից խոր հիասթափություն ապրած Տիգրանն ու իրեն «հավաքած» պատմում է՝ «Մենք՝ երեխեքով, հետևից գնացինք, մեկ էլ տեսնենք՝ Մալաթիայի շուկայի մոտ Ձմեռ պապիկի շորերը հանեց, բանվորական շորերը հագավ, կաշկեն վերցրեց ու գնաց ապրանք տեղափոխելու: Դու մի ասա՝ ինքը Մալաթիայի շուկայի կաշկա քշողն ա: Ես տենց փնթի, քրջոտ Ձմեռ պապ չէի պատկերացնում»: Պատմությունն ավարտին հասցնելուց հետո Տիգրանի ժպիտը վերածվում է տխրության, իսկ հայրը՝ Հարությունը, ծխելով դուրս է գալիս, որովհետև «Էլիտար» Ձմեռ պապերը թանկ են, իսկ իր հնարավորությունները՝ «կաշկա քշող» Ձմեռ պապին համապատասխան: «Ծիծաղի, ծիծաղի, էս տարի էդ էլ չես տեսնի»,- ասում է տղայի մայրը՝ Նելլին, ով մի փոքր էլ վիրավորված տղայի վերաբերմունքից՝ հայտարարում է, որ այս տարի Նոր տարին չեն նշելու, որովհետև տարին շատ ծանր է եղել, ամուսինը՝ գործազուրկ, և հիմա հազիվ օրվա հացն են հայթայթում: «Հույս չունենք, որ կկարողանանք գոնե հանուն երեխաների մի փոքր նշել»,- ասում է երկու երեխաների մայրը, որին անակնկալ մատուցելու, իր գաղտնիքը հրապարակելու ճիշտ պահը որսալով՝ Տիգրանը հրճվանքով հայտարարում է. «Ես հույս ունեմ, մամ ջան: Ես փող ունեմ հավաքած»:

012 007 009 010 011 008

Շնչակտուր վազում է սենյակ՝ իր հետ բերելով մի երկաթե տարա ու ոգևորությունից դողալով այն շրջում է՝ սեղանին շաղ տալով 10, 20, 50-անոց մետաղադրամները: «Հաշվել եմ, 5000 դրամ ունենք: Էն որ դպրոց գնալուց ինձ 100 դրամ էիք տալիս, 50-ով բուլկի եմ առել, իսկ 50-ը պահել եմ: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան եմ հավաքել, սրանով Նոր տարի կանենք»: Հայրը՝ Հարությունը, տղայով մի քիչ՝ հպարտ, մի քիչ էլ՝, զարմացած, ասում է՝ «Տո՛ դու դրանով սկի կաշկա քշող, կեղտոտ մորուքով էն Ձմեռ պապուն չես կարա տեսնես»: Տիգրանը «հարստությունը» կրկին թաքստոցում պահելուց հետո «տղամարդավարի» հայտարարում է՝ «Մենք ամեն տարի էլ ուրախ ենք անցկացնում, ինչ էլ լինի՝ կուրախանանք»:

«Այ սենց աբսուրդ իրականություն»

Հարություն Տեր-Պետրոսյանն, ով ներկայանալուց պարտադիր նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի կապ չունի ու առհասարակ պաշտոնյա, հարուստ քեռի, հորեղբայր, բարեկամ չունի, կնոջ, երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Մալաթիա վարչական շրջանի Քեսաբցիների փողոցի մի զարմանալի տնակում: Երկու փոքրիկ սենյականոց «տան» պատերն ու տանիքը կարտոնից են. այն կառուցվել է Հարությունի ձեռքերով: Տանտիրոջ ձեռքերով են կառուցվել նաև երկաթյա վառարանն ու էլեկտրական վառարանը ու շատ այլ կենցաղային իրեր, որոնք պատրաստված են ճիշտ այնպես, ինչպես վաճառվում են խանութներում: Ասում է՝ «Ձեռքիցս ամեն ինչ էլ գալիս ա, մենակ չեմ բաշարում ինձ համապատասխան մի աշխատանք գտնեմ»: 1993-ին զինվորական ծառայությունն անցկացնելու ժամանակ կամավոր մեկնել է Հորադիս՝ սահմանում կռվելու: Պատմում է՝ «Ես փոքրամարմին էի, իսկ սահման տանում էին ջանով, հաղթանդամ, պինդ տղերքին: Սկզբում հրաժարվում էին տանել, բայց, երբ շատ պնդեցի՝ զորամասից տարան Հորադիս, էն թեժ կռիվների ժամանակ էր: Շատ զոհեր ու վիրավորներ էին լինում, մեկ տարի կռվելուց հետո ոտքից ծանր վիրավորվեցի: Ուղղաթիռով տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ»: Այնուհետև Հարությունը ենթարկվել է բազում վիրահատությունների, սակայն՝ անարդյունք: Կոնքերի, մարմնի այլ մասերի ոսկորները «պոկել» և փորձել են ոտքի վրա պատվաստել: Ոտքը փրկել են, բայց բեկորները մնացել են, և առ այսօր պարբերաբար թարախակալման, գերաճի և այլ հետևանքների պատճառով՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինում է: 3-րդ կարգի հաշմանդամության համար մինչև 2010թ. ստացել է 40.000 դրամ թոշակ, մինչդեռ այսօր հաշմանդամությունը հաստատող պետական կառույցը համարում է, որ Հ. Տեր-Պետրոսյանը կենսագործունեության սահմանափակում չունի:

017 013 014 015 016

«Ես էն մարդկանցից չեմ, որոնք նստում, պետությունից բան են սպասում, բայց էդ թոշակի իրավունքն ինձ պետությունն ա տվել, բայց, քանի որ ես անձնագրիս մեջ փող չեմ դրել որպես կաշառք իրանց աշխատողներին տվել՝ զրկել են: Խնդիրն էն ա, որ ես էս ոտքով ծանր աշխատանք չեմ կարում անեմ: Էնպես չի, որ պարապ նստած եմ, կոշիկի գործ էի անում, մարդիկ մատերիալը բերում էին, ես կարում էի, բայց հիմա պատվեր չկա: Գնացի թաղապետարան, աշխատատեղերի մի ցուցակ առաջարկեցին, որտեղ մենակ բանվորության հարյուր հատ գործ էր: Եթե ֆիզիկապես ի վիճակի չես շինարարության վրա աշխատելու, ուրեմն՝ Հայաստանում ուրիշ գործ չկա»,- ասում է Հարությունն, ով ՀՀ իշխանություններին հորդորում է ենթակաների տված փաստաթղթերը համադրել և արձանագրել դրանց բովանդակության աբսուրդը: Նա այս հարցով նաև դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով իրեն ադեկվատ պատասխան տալ: Նամակը վերահասցեագրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ, որտեղից Հ. Տեր-Պետրոսյանը ստացել է հետևյալ բովանդակությամբ պատասխանը. «1997, 1999, 2000, 2001թթ. փորձաքննությունների արդյունքում Ձեզ սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ, «վիրավորումը ստացել է ՀՀ սահմանները պաշտպանելիս» պատճառական կապով, մեկական տարի ժամկետով»: Այնուհետև հաջորդող տարիներին ԲՍՓՀ-ի փորձաքննության արդյունքում Հ. Տեր-Պետրոսյանը մի տարի ճանաչվել է հաշմանդամ՝ կենսագործունեության սահմանափակման պատճառով, իսկ մյուս տարի չի ճանաչվել, քանի որ ԲՍՓ-ն համարել է, որ կենսագործունեության սահմանափակում չկա: Այդպես շարունակ, մինչև 2011թ., որի ընթացքում, պետք է ենթադրել, որ նրա ոտքը առողջացել, այնուհետև՝ վիրահատությունների ենթարկված, բեկորներով ոտքի է վերածվել: Այնուամենայնիվ, Հարությունը վստահեցնում է, որ իրեն հաշմանդամության կարգ չսահմանելու որոշումը ոչ թե օրենքի, կարգ ու կանոնի հարց է, այլ՝ «Ախր բոլորս էլ գիտենք, որ կաշառքով ա: Շատերին գիտեմ, որ փաստաթղթերի մեջ գումար են դնում ու տալով էդ աշխատակիցներին՝ ճանաչվում են հաշմանդամություն ունեցող: Եթե ես էլ նման բան անեի, կշարունակեին ճանաչել, կամ մի ուրիշ ձև էլ կա՝ պայմանավորվում ես, որ մի քանի ամսվա հաշմանդամության թոշակը կթողնես իրենց»: Երկու երեխաների հայրը հավատացնում է, որ հաշմանդամության թոշակն իրենց նման ընտանիքների համար կենսական անհրաժեշտություն է, քանի որ իրեն ծանր աշխատանք չեն վստահում, իսկ այլ աշխատանք գտնելը դժվար է: «Աղքատության նպաստ էլ չեն տալիս, պատճառաբանում են, թե «շոչիկը» հորս անունով ա, պիտի առանձնացնենք: Հայրս նույն բակում ա ապրում: «Շոչիկ» առանձնացնելու համար առնվազն 90.000 դրամ ա պետք: Այ սենց աբսուրդ իրականություն»,- ասում է Հարությունը, ով նաև դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով աշխատանքի տեղավորել: Վերջինս Հարությունին ուղարկել է «Նուբարաշենի» զորամասում՝ որպես դիպուկահար, պայմանագրային ծառայության: «Ես սև նետի վրա էի, որը 32կգ է: Էդ ծանրությունն ինձ լրիվ սպանում էր, ոտքս ամբողջությամբ թարախակալեց: Խնդրեցի՝ ավելի թեթևացնել պարտականությունս, բայց ասեցին՝ էս ա մեր մոտ: Չկարողացա»,- ասում է Հ. Տեր-Պետրոսյանը, ով այս կյանքում ունի մարտական գործողությունների համար Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի կողմից ստացած երկու մեդալ, մի կարտոնե պատերով տուն ու բեկորներով ոտք: Բայց, որն ամենակարևորն է՝ ունի երկու երեխա, որոնցից փոքրը՝ Տիգրանը, հորը, մորն ու շանը սիրում է հավասարաչափ: Երեխաների կրթության հարցում նախանձախնդիր է, քանի որ իր փորձից գիտի՝ ուսում չստացած մարդու ապագան բանվորությունն է, բանվորության ապագան էլ՝ Ամանորին «կաշկա քշող», փնթի, քրջոտ, էժան Ձմեռ պապ հրավիրելով՝ երեխաների միջի հեքիաթը «սպանելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս