Բաժիններ՝

Ջուրծեծոցի` ջրի խնայողության թեմայով

Այսօր խորհրդարանում ներկայացված և իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունները, այլընտրանքային ԲՀԿ-ի հետ, կարող էին վիժեցնել կառավարության և ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների կողմից առաջարկված օրենսդրական 18 փոփոխությունների ընդունումը: Քվեարկության ժամանակ խորհրդարանի դահլիճում ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների անդամ պատգամավորները 56-ն էին, իսկ քվորումի համար անհրաժեշտ է, որ քվեարկությանը մասնակցի 66 պատգամավոր: Այսինքն, եթե ոչ իշխանամետ պատգամավորները չմասնակցեին քվեարկությանը, ապա ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը չէին կարող ինքնուրույն անցկացնել կառավարության համար այդքան ցանկալի օրենքների ընդունումը: Բայց միայն ՀՅԴ խմբակցությունը սկզբունքային գտնվեց, և Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, և դահլիճում ներկա ՀՅԴ երեք անդամները չմասնակցեցին քվեարկությանը: «Ժառանգություն» խմբակցության բոլոր ներկա անդամները դեմ քվեարկեցին, ՀԱԿ խմբակցություն անդամների մի մասը դեմ էր, մի մասը՝ ձեռնպահ, իսկ այլընտրանքային ԲՀԿ-ն, իր անվանը հավատարիմ, քվեարկեց ազատ ռեժիմով, որի արդյունքում` ԲՀԿ-ականների մի մասը կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերին, մյուսները՝ դեմ կամ ձեռնպահ: Այսինքն՝ խորհրդարանական, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերն իրենց դեմ, ձեռնպահ, նաև` կողմ քվեարկությամբ, օգնեցին, որ կառավարությունը խուսափի խորհրդարանում տապալվելուց: Պարզ է, որ ՀՀԿ խմբակցությունը կարող էր մի կերպ բերման ենթարկել պակասող 10 պատգամավորներին և ապահովել անհրաժեշտ քվորումը, բայց ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ականներն իրենց նեղություն տան, եթե դահլիճում կան նրանց արժանի փոխարինողներ: Երեկ քվեարկված և ընդունված ամենավիճահարույց օրենքի նախագիծը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն էր: Կառավարությունն առաջարկում էր 10 անգամ ավելացնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի դիմաց վճարվող գումարի չափը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ 2011թ. ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունները վճարել են 29 միլիոն դրամ: Քանի որ օրենքն ընդունվեց, և այն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից, ապա 2014թ. կվճարեն 290 միլիոն դրամ: Այս փոփոխության միջոցով կառավարությունը հավելյալ պետբյուջե կմուտքագրի 260 միլիոն դրամ: Կառավարությունը լուծում էր բացառապես այս քառորդ միլիարդի հարցը, թեև Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երկու օր շարունակ ԱԺ-ում փորձում էր ապացուցել, որ սա բնապահպանական նշանակություն ունեցող փոփոխություն է. իրենք թանկացնում են ջրի գինը, որպեսզի տնտեսվարողներն ավելի խնայողաբար օգտագործեն այն: Այս պնդմանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե Արամ Հարությունյանն ինքն էլ չհերքեր ինքն իրեն՝ ներկայացնելով մեկ այլ թիվ ևս: Ըստ նրա՝ մեկ կիլոգրամ ձուկ արտադրելու համար ձկնաբուծարաններն օգտագործում են 50-60 խ/մ ջուր և գործող սակագնով դրա համար վճարում են ընդամենը 2,5 դրամ գումար: Ըստ Հարությունյանի՝ ձկան ինքնարժեքի մեջ 1000-1200 դրամը կերի գինն է, իսկ ջրի գինը երկուսուկես դրամ է: Հիմա այն 10 անգամ բարձրացնելով՝ դարձնում են 25 դրամ: Մի՞թե դա կարող է ստիպել ձկնարտադրությամբ զբաղվողներին` խնայել ջուրը, մանավանդ, որ ջուրը խնայողաբար օգտագործելու համար պետք է ներդրվեն բավական թանկ տեխնոլոգիաներ. դրանք էներգատար են և պահանջում են սպասարկում, մինչդեռ ինքնաշատրվանող ջուրը ոչ մի հավելյալ ծախս չի պահանջում, և 50-60 խորանարդի համար 25 դրամը, միևնույն է, մեծ գին չէ: ՀՀԿ-ականների մի մասը կարծես թե դեմ էր օրենքի այս տարբերակին: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասում էր, որ կառավարությունը պետք է պատշաճ հիմնավորումներ ներկայացներ, թե ինչ ազդեցություն կունենա այս փոփոխության ընդունումը գործարար միջավայրի վրա: Նա առաջարկում էր, որ փոփոխությունը լինի աստիճանական և ոչ միանգամից, որը կարող է սթրես առաջացնել ձկնաբուծությամբ զբաղվողների շրջանում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ պնդում էր, որ այս փոփոխությամբ չի լուծվում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման հարցը, քանի որ տնտեսվարողները կսկսեն ավելի վճարել իրենց օգտագործած ջրի փոխարեն, և ընդամենը: ԱԺ նախագահն անիմաստ է համարում քննարկել այն հարցը, թե ջրի գնի բարձրացումն ինչպե՞ս կազդի ձկան արտադրության ինքնարժեքի վրա, եթե իրենց խնդիրը ջրօգտագործման սահմանափակումն է: Հովիկ Աբրահամյանը ասում է, որ տարեկան ձկնաբուծարանների կողմից արդյունահանվում է 1 միլիարդ 600միլիոն խ/մ ջուր, մինչդեռ թույլատրելի սահմանը 900 միլիոնն է: Ստացվում է, որ տարեկան 700 միլիոն խ/մ ջուր ավելի է արդյունահանվում, այսինքն՝ այդքան ջուր եղած պաշարներից չի վերականգնվում: «Չեմ ուզում անդրադառնալ այն խնդրին, թե ինչո՞ւ են տրվել այդ ջրօգտագործման թույլտվությունները, եթե մեր հնարավորությունը 900 միլիոնն է»,- ասում է Հովիկ Աբրահամյանը և առաջարկում, որ կառավարությունը ներկայացնի համալիր ծրագիր, թե ինչպես հասնել նրան, որ սահմանափակվի ջրի օգտագործումը, և այն հասցվի թույլատրելի սահմանին: Նախարար Արամ Հարությունյանն ասում է, որ նման առաջարկ ներկայացնելու համար, 20 տարվա մեջ առաջին անգամ, իրականացվում են համալիր ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կպարզվի, թե որքան է ջրի պաշարը, որքա՞ն ջուր է տարեկան օգտագործվում, և որքա՞նն է վերականգնվում, որից հետո կներկայացնեն առաջարկներ ջրային ռեսուրսները կառավարելու վերաբերյալ: ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ջրի խնդիրը համարում է ազգային անվտանգության հարց, հիշում է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին, ով ի պատասխան Սիրիայի Եփրատի և Տիգրիսի ջրերը համատեղ օգտագործելու պահանջին՝ պատասխանել էր, որ քանի որ իրենք էլ Սիրիայի նավթային պաշարները համատեղ օգտագործելու պահանջ չեն դնում, կնշանակի` հիշյալ գետերի վրա կարող են բազմաթիվ ջրամբարներ կառուցել: Գեղամյանը հիշատակում է նախագահ Սերժ Սարգսյանին, ով ևս շատ խիստ է դրել այդ խնդիրը, և տեղեկացնում է, որ նախագահի հանձնարարականը կատարելու նպատակով ձկնաբուծարաններ է այցելել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Լավ է, որ ԱԺ պատգամավորները և կառավարությունը հասկանում են, թե ինչ կարևորություն ունեն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները: Բայց մի՞թե նրանք նոր են սկսել հասկանալ, թե ինչ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, ամեն րոպե և ամեն վայրկյան, քանի որ հենց այս պահին ու անընդհատ այդ ջուրը դուրս է բերում երկրի ընդերքից ու լցվում Արաքս գետը՝ հոսելով Կասպից ծով: Պարզ է, որ նոր չեն իմացել դրա մասին և նոր չեն գիտակցել դրա վտանգավորության աստիճանը: Բայց խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր այդ ջրի միջոցով եկամուտ են ստանում, և որևէ նախարար կամ պատգամավոր չի ցանկանում հարաբերություն փչացնել այդ մարդկանց հետ՝ առաջարկելով փակել նրանց պատկանող ձկնաբուծարանների հորերը: Չեն ասում, որովհետև նրանք իշխանության մեջ են, նրանք իշխանություն են: Իսկ իշխանության մեջ լինելով՝ նրանց թույլատրված է ամեն ինչ, այդ թվում՝ ջրի անսահմանափակ օգտագործում: Հնարավոր է, որ Բնապահպանության նախարարությունը մի քանի ցամաքած հոր փակի, կամ գտնի մի քանի «անտեր» ձկնաբույծներ և նրանց կողմից շահագործվող հորերը հայտարարի ապօրինի շահագործվող և փակի նաև դրանք: Բայց դա կարվի միայն հանուն այն բանի, որ խոշոր ձկնարդյուաբերողների ջրի քանակը չնվազի, նրանք ֆինանսական կորուստներ չունենան: Բոլորը հասկանում են, որ այս քանակով ջուրն արդյունահանելու դեպքում կցամաքեն բոլոր ձկնաբուծարանների հորերը` անկախ իշխանությանը մոտ գտնվելու հանգամանքից: Հենց այդ վտանգն է ստիպում խոսել հորերի քանակը սահմանափակելու անհրաժեշտության մասին: Բայց նույնիսկ ջրի սպառման գիտակցումը չի կարող թույլ տալ, որ ջուր արդյունահանողները կանգ առնեն: Ամենահավանականն, այնուամենայնիվ, այն է, որ ջուրը հոսելու է այնքան, մինչև այն վերջնականապես սպառվի: Պետք է հուսալ, որ այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունը միջոցներ կհատկացնի ցամաքած հորերը կոնսերվացնելու համար, որպեսզի ստորերկրյա ջրային ավազանը վերականգնվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս