Բաժիններ՝

Երբ և ինչու պետք չէ զանգահարել շտապօգնություն՝ «1-03»

«Շտապօգնության երեք հոգանոց բրիգադը գնում է կանչի, և հիվանդի հարազատը նրանց է տալիս դեղատոմսն ու խնդրում ներարկում անել: Մի՞թե այդ հիվանդը չունի որևէ մեկը, որը նրան կօգնի այդ հարցում: Ես հասկանում եմ, որ այսօր մենք ունենք միայնակ մեծահասակներ, որոնք օգնության, խնամքի կարիք ունեն, և մենք բարեգործություն էլ պետք է անենք, բայց կան բաներ, որ շտապօգնության խնդիրը չէ, մենք ունենք լուրջ կանչեր, որոնք կարող ենք հանկարծակի բաց թողնել: Ճիշտ է, շտապօգնությունն այսօր դեղորայքի խնդիր չունի, շատ հարցեր, իսկապես, լուծված են, բայց չի կարելի այդ ծառայությանը շահագործել, պետք է շտապօգնությունը կանչել այն դեպքերում, երբ այդ կանչը շատ կարևոր է մարդու համար»,- մեզ հետ զրույցում ներկայացնելով շտապօգնություն ծառայության առաքելությունը` «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նաև այսպիսի կոչ արեց հանրությանը: Ըստ նրա, ծառայությունը ստանում է կանչերի մի քանակ, որն ընդհանրապես իրենց չի առնչվում:
ՀՀ առողջապահության նախարարության «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանի խոսքերով, ՀՀ կառավարության 2010 թվականին հաստատած «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշմամբ` մեծ ուշադրություն է դարձվել ծառայությունում մշտադիտարկման համակարգի ներդրմանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին», ուղղակի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Ն. Բեգլարյանի տեղեկացմամբ` դրամաշնորհային ծրագրի կողմից արդեն իսկ մշակվել է որակի կատարողականի գնահատման շուրջ 80 ցուցանիշ, որոնցից առաջին տարվա ընթացքում համակարգում կներդրվի 17-ը։ Շտապ օգնության ծառայության աշխատանքը գնահատելու նպատակով իրականացվել է ոլորտի ուսումնասիրություն ինչպես` միջազգային խորհրդատուի, այնպես էլ` ծրագրի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ շտապ օգնության կանչերի գրեթե 30%-ը ոչ շտապ կանչեր են, որոնք կարող են սպասարկվել առողջապահության առաջնային օղակում: Ներկայումս ծրագրի պատասխանատուներն աշխատում են շտապ և ոչ շտապ կանչերի դասակարգման ուղղությամբ, ինչը, տիկին Բեգլարյանի վստահեցմամբ, շատ կարևոր հարցերից մեկն է: Ըստ նրա, միջազգային փորձը ցույց է տալիս, որ ընդունված է` 3, իսկ որոշ երկրներում` շտապօգնության կանչերի 4 դասակարգում. կյանքին վտանգ սպառնացող դեպքերը՝ ուշագնացություն, սրտի կանգ և այլն, առողջությանը վտանգ սպառնացող դեպքերը և շտապօգնության ոչ անհետաձգելի կանչեր և նաև այն կանչերը, որոնք ընդհանրապես բնորոշ չեն շտապօգնության կանչին: Դրանք այն կանչերն են, որոնք, Ն. Բեգլարյանի խոսքերով, պետք է սպասարկվեն առաջնային բուժօգնության օղակի շրջանակներում. «Այդ ժամանակ շտապօգնության բժիշկները հնարավորություն կունենան դասակարգել, որ եթե «ա» տիպի կանչ է, ուրեմն, շտապօգնության մեքենան պիտի անհապաղ մեկնի, եթե «բ» տիպի կանչ է` շտապօգնությունը կարող է 20 րոպեի ընթացքում այն սպասարկել, և այդպիսի խնդիրներ այլևս չենք ունենա: Երբ դիսպետչերը կանչը ստանա, մի քանի ուղղորդող հարցեր կտա և մոտավորապես կկողմնորոշվի, թե որ կանչի մասին է խոսք գնում, և հնարավորինս կկանխվեն այդ բարդ դեպքերը»:
Մեր զրուցակցի ներկայացմամբ` ռեսուրսների պլանավորման և կառավարման հարցերը բարելավելուց, ծառայության մշտադիտարկման մեխանիզմի ներդրումից բացի, ծրագրի նպատակն է` նաև շտապ բուժօգնության ծառայության անձնակազմի հմտություններն ու կարողությունները զարգացնել, բարձրացնել հանրային իրազեկվածությունը:
Այդ նպատակով ծրագրի կողմից ներկայումս մշակվում են տեղեկատվական կայք-էջ և շտապ օգնության կանչերի ավտոմատ գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը։
Շտապ օգնության կայքում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի բարձրացնել հանրության իրազեկվածությունը շտապ օգնության ծառայությունների, առավել հաճախ հանդիպող իրավիճակներում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, կպարզաբանի, թե որ վիճակներում է պետք դիմել շտապ օգնության ծառայությանը, և որ դեպքում՝ առողջապահության առաջնային օղակին և այլն։
Ըստ տիկին Բեգլարյանի` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շտապ օգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը (ՏՀԱՊՀ) ներդնելու նպատակով, «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի կողմից պետական գնումների ընթացակարգին համապատասխան` ներկայումս ձեռք են բերվում սերվերներ՝ ՏՀԱՊՀ, համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև 78 համակարգիչներ, տպիչներ, կապի միջոցներ, որոնք կտրամադրվեն շտապ օգնություն ցուցաբերող բուժհաստատություններին։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում ներդնել էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգ, որը ենթադրում է նաև ՀՄԴ-10-ով հիվանդությունների կոդավորված տարբերակի ներմուծումը համակարգ։ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի կողմից ընտրվել են շտապ օգնության ծառայությունում առավել հաճախ հանդիպող իրավիճակների վերաբերյալ դասերը, և դեկտեմբերի 6-ից իրականացվում է շտապ օգնություն տրամադրող բուժհաստատությունների բժիշկ/դիսպետչերների համար վերապատրաստման դասընթացներ՝ ՀՄԴ-10 հիվանդությունների կոդավորման վերաբերյալ։
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս