Գերմանիայի նախագահը բոյկոտել է Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերը. Der Spiegel
Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը բոյկոտել է Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Թերթի անանուն աղբյուրները հայտնել են, որ նախագահի բոյկոտը կապված է Ռուսաստանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Գերմանիայի նախագահի աշխատալազմն արդեն իսկ Ռուսաստանի իշխանություններին պաշտոնապես իրազեկել է կայացված որոշման մասին: Պարբերականը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Ռուսաստանում ուժի մեջ է մտել երեխաների շրջանում միասեռականության քարոզչության արգելքի մասին օրենքը:
Ընդգծվում է, որ Գերմանիայի նախագահն իր քայլը չի համարում որպես անհարգալից վերաբերմունք գերմանացի մարզիկների նկատմամբ: Նա խոստացել է Սոչիից վերադառնալուց հետո մարզիկներին հանդիսավոր կերպ ընդունել Մյունխենում:
Յոահիմ Գաուկը Գերմանիայի նախագահ է դարձել 2012 թվականի մարտին: Գերմանիայում նախագահը հիմնականում իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ, մինչդեռ լիազորությունների մեծ մասը գտնվում է կանցլերի ձեռքում: