ԵՄ-ն այսուհետ Հայաստանին չի դիտի` որպես համագործակից
Անկեղծորեն խոստովանենք, որ Հայաստանը երբեք չի գտնվել և մինչ օրս էլ չի գտնվում կայուն և տնտեսապես զարգացած երկրների ցանկում, ինչը կհրապուրեր եվրոպական երկրներին՝ ներդրումներ անել Հայաստանում: Բայց բելգիական գործարար շրջանակները, արդեն մի քանի տարի է, առանձնակի հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի ուղղությամբ, ինչը, անխոս, պայմանավորված է ոչ թե Հայաստանի իշխանություների վարած հմուտ և հեռատես քաղաքականությամբ, այլ պարզապես սփյուռքահայերի գործուն նախաձեռնությամբ:
Բելգիական գործարար շրջանակներն անհամբերությամբ էին սպասում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «աղը շուտ հասավ, քան մատաղը»: Հայաստանն ընտրեց Մաքսային միությունը: Թե այսուհետ որքանով իրական կլինեն նախատեսված ծրագրերը և ի՞նչ ուղղություն կստանան, իհարկե, ժամանակը ցույց կտա:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բելգիական կապիտալով գործում են 30 կազմակերպություններ: Միայն 2012 թվականին Բելգիա-Հայաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 200 մլն դոլար:
«Ցավով եմ ընդունում Հայաստանի հրաժարումը Ասոցացման համաձայնագրից. հետաքրքիր է՝ ի՞նչ կտա Մաքսայի միությունը Հայաստանին»,- ասաց Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:
«Որքանո՞վ է ճիշտ՝ լինել մի միության մեջ, ուր կան երկրներ, որոնք միևնույն միջազգային կոնվենցիայից դուրս են: Հայաստանը եթե ԵՄ-ի հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, ապա Բելգիան Հայաստանին կդիտեր՝ որպես տնտեսապես համագործակից երկիր: Ցավոք, Հայաստանը նախընտրեց Մաքսային միությունը, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայաստանը Բելգիայի համար դառնում է՝ որպես արտահանող տարածք: Այս հանգամանքներում անորոշ է համագործակցությունը, քանի որ կա անհամապատասխանելիություն, ինչը, թերևս, եվոպական գործարարներին հնարավորություն է տալիս Հայաստանով անցում կատարել հարևան երկրներ»,- ասաց հայ գործարարը:
Փոքր և միջին բիզնեսը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեր հայրենակիցը դեռևս լավատես է, քանի որ, ըստ նրա՝ Հայաստանը բաց երկիր է, ցանկացած նախարարի հետ հանդիպելը դժվար չէ, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի դեպքում:
Պաշտոնական տվյալներով՝ 30.000 հայ է ապրում Բելգիայում, ինչը հայ-բելգիական հարաբերությունները զարգացնելու կարևոր հիմք է: Եթե մինչ օրս Բելգիացի գործարարներն էին հետաքրքրված Հայաստանով, ապա այսուհետ Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ առաջին անգամ նախատեսվում է հայ գործարարներին ներկայացնել Բելգիայում,
Արդեն 10 տարուց ի վեր Բելգիայից Հայաստան պաշտոնական որևէ այց չի եղել: Ըստ Վ.Սաֆարյանի՝ առաջիկայում նախատեսվում է Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռանդեյի այցի նախապատրաստումը Հայաստան: Այս ուղղությամբ կկազմակերպվեն բելգիական օրեր Հայաստանում: Բելգիահայ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրչյանի, հայտնի դերասանուհի Բարբարա Սարաֆյանի և ծագումով հայ այլ նշանավոր անձանց միջոցով ներկայումս աշխատանքներ են տարվում՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու բելգիական լայն խավերին:
Մեզ հետ զրույցի ընթացքում մեր հայրենակիցը հաճախ էր ափսոսանքով անդրադառնում ԵՄ համաձայնագրի ձախողմանը: «Եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա եվրոպական ներդրողները մեծ վստահություն կունենային, բայց չեմ կարծում, որ սա կխանգարի հայ-բելգիական համագործակցությանը, նաև չեմ կարծում, որ, եթե ստորագրվեր ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա անմիջապես խոշոր ներդրումներ կլինեին Հայաստանում: ԵՄ համաձայնագրի ստորագրումն այնքանով էր կարևոր, որ մոնոպոլ վտանգը կվերացվեր Հայաստանում: Ռուսաստանր ևս ծայրահեղ մրցակից չի կարող լինել: Անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ, ինչը կօգնի Հայաստանին իջեցնել գները»,- նշեց հայ գործարարը՝ լավատեսորեն հավելելով, որ այսուհետ ևս կարվի հնարավորը՝ զարգացնելու հայ բելգիական հարաբերությունները:
Արաքս Սաֆարյան
Բրյուսել