Դեպի ծերացող Հայաստան
«Հայկական Ժամանակը» գրում է, որ 2017-2018 թթ. Հայաստանը կհատի ծերացող երկրների սահմանագիծը և կդաոնա ծերացած երկիր։ Այս ինչպես ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, դա անխուսափելի է։ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում Գ. Հայրապետյանն մանրամասնել Է, որ երկրները ծերացած են համարվում, եթե ազգաբնակչության 14 և ավելի տոկոսը 65 և ավելի տարիք ունեցող մարդիկ են։ Արդեն 2050 թվականին Հայաստանում մեծահասակների քանակը կկազմի 33 տոկոս։
Նշենք, որ այս հեռանկարը, ըստ ամենայնի, քաջ հայտնի է նաև ՀՀ կառավարությանը։ Ու հենց դրանով է պայմանավորված, որ իշխանությունները անդրդվելի են ներկայիս բաշխողական կենսաթոշակային համակարգը կուտակայինով փոխարինելու հարցում։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշել էր, որ բնակչության ծերացման խնդիր ունեցող երկրների մեծ մասը կանգնած են միևնույն խնդրի առջեւ` ինչպես ֆինանսավորել ապագա կենսաթոշակառուների թոշակները: Հետխորհրդային երկրներում, այդ թվում` Հայաստանում, խնդիրներ են ստեղծվել մեկ աշխատողին բաժին ընկնող կենսաթոշակառուների հարցում: Մեր այսօրվա համակարգը լավ էր աշխատում այն ժամանակ, երբ երեք-չորս աշխատողին բաժին էր ընկնում մեկ կենսաթոշակառու։