Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում ՀՀՊ համակարգ ստեղծելու պլանից. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում հակահրթիառային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ ստեղծելու պլանից՝ չնայած նրան, որ ի հայտ են եկել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հեռանկարներ:

Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչ Լորա Լուկաս-Մագնուսոնը պարբերականին հայտնել է, որ անփոփոխ են մնում Եվրոպայում ՀՀՊ-ի համակարգ ծավալելու և ՆԱՏՕ-ի երկրների ՀՀՊ-ի համակարգերում ներդրում ունենալու վերաբերյալ իրենց պլանները:

Սպիտակ տանը կարծում են, որ Իրանի հարցում դեռ շատ քայլեր կան, որոնք պետք է ձեռնարկվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում, և որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վերահսկողության տակ առնելու համար անհրաժեշտ է «Վեցյակի» ու Իրանի միջև լիարժեք երկխոսություն:

Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստի արդյունքներով ունեցած ելույթում նշել է, որ եթե ամբողջովին իրագործվեն Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ապա ամբողջովին կվերանա Իրանի միջուկային ծրագրի հարցը, ինչն էլ իր հերթին կվերացնի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի ստեղծման հիմքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս