Բաժիններ՝

Փայծաղը զտում է արյունը և վերահսկում իմունային համակարգի աշխատանքը

Փայծաղը, եթե օրգանիզմում չկան արատավոր փոփոխություններ, գտնվում է որովայնի ձախ` լյարդին տրամագծորեն հակառակ կողմում։ Փայծաղի զանգվածը 150-200 գ է։
Փայծաղը կարող է ունենալ շատ զարմանալի արատներ.

  • այն կարող է «բացակայել» ի ծնե,
  • օրգանիզմում կարող են միաժամանակ «գոյատևել» երկու և ավելի փայծաղներ,
  • եթե փայծաղը պահող հյուսվածքները թույլ են, այն կարող է տեղաշարժվել. նման երևույթն ավելի բնորոշ է կանանց մոտ։
  • Ֆուտբոլասերները հաճախ ականատես են լինում, որ սպորտսմենը կտրուկ արագացում կատարելուց հետո բնազդաբար ձեռքը տանում է դեպի փայծաղը։

Հին ժամանակներում նույնիսկ հեռացրել են սուրհանդակների փայծաղը, որպեսզի չխոչընդոտի նրանց արագ շարժմանը։

Հալենը և Արիստոտելը համարել են, որ փայծաղը դա երկրորդ լյարդն է, որի արտադրած սև մաղձի կուտակելու դեպքում մարդը դառնում է դյուրագրգիռ և անտրամադիր։ Հանճարեղ բժիշկների նման` ոչ այնքան հարգալից վերաբերմունքն ավելի քան երկու հազարամյակ գերիշխել է մարդկանց ուղեղներում. համարվել է, որ փայծաղի հեռացումը բացարձակապես չի ազդում մարդու առողջության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, եթե օրգանիզմում ցածր է արյան մակարդելիությունը։

Մինչև անցյալ դարի սկիզբը բազմաթիվ բժիշկներ համարել են, քանի որ փայծաղի հեռացումը չի հանգեցնում մարդու բնականոն կենսագործունեության զգալի խանգարումների, ապա այն կույր աղիի նման մի օրգան է։ Այդպես են համարել շատերը, սակայն ոչ հայ բժիշկները` Ամիրդովլաթ Ամասիացին բազմիցս գրել է, թե որ բույսերը կամ այլ դեղամիջոցները կարող են օգնել փայծաղի հիվանդությունների դեպքում։

Կարդացեք նաև

Ա. Ամասիացու խորհուրդները և ժամանակակից պատկերացումները

  • Օշինդրից պատրաստված օշարակը կօգնի լյարդի, ստամոքսի հիվանդությունների, փայծաղի ու լեղապարկի քարացածության դեպքում, որն առաջացել է ջերմությունից (Ա.Ա.)։

Օշինդրը (Artemisia absinthium) պարունակում է հակաբակտերիալ հատկություն ունեցող նյութ` կապիլլին։ Խոտի ջրային թուրմը (թեյը) նշանակում են ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի քրոնիկ հիվանդությունների դեպքում։

  • 1 թ/գ խոտը 40 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ, փայծաղի հիվանդությունների դեպքում։

Անիսոն. տարրալուծում է լեղին, բացում է լյարդի, փայծաղի, երիկամների խցանումները, չեզոքացնում է թունավոր դեղորայքի վնասակար ազդեցությունը, փափկեցնում է ուռուցքները (Ա.Ա.)։

  • 1 թ/գ սերմը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Ժամանակակից պատկերացմամբ` անիսոնի ջրային թուրմն ունի հակաբորբոքային, հանգստացնող, խորխաբեր հատկություն։ Կիրառվում է ստամոքսի և աղիների սպազմերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի և լյարդի արտազատող ֆունկցիաների խանգարման դեպքում։
Խավրծիլ. Փայծաղի ուռուցքի դեպքում կօգնի խավրծիլի, քացախի և մեղրի խառնուրդը, փորձված բան է (Ա.Ա.)։

Ժամանակակից պատկերացմամբ` պարունակում է պոլիֆենոլներ, կատեխիններ և այլն, ունի հակաուռուցքային, արյունաստեղծ, հականեխիչ և այլ օգտակար հատկություններ։

  • 0,2 գ չորացրած խոտի (ցողունի) փոշին խմեք 1 ճ/գ խնձորի քացախի, 1 թ/գ մեղրի և 100 մլ ջրի հետ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Շարունակեք 14 օր, կրկնեք 1 շաբաթից։
Եղինջ։ Երիկամի կամ փայծաղի հիվանդություն ունեցողը թող եղինջի սերմը քացախի ու մեղրի խառնուրդով խմի (Ա.Ա.)։

Ժամանակակից պատկերացմամբ` եղինջն ունի արյունարգել, արյունաստեղծ, աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթները վերականգնող, ճարպերի փոխանակումը կարգավորող, լեղամուղ, հակաբորբոքային հատկություններ։
Հարուստ է K վիտամինով, երկաթով, քլորոֆիլով և այլն։

  • 5 գ թարմ տերևը թրմեք 250 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 5 անգամ, 1 թ/գ խնձորի քացախի և կես թ/գ մեղրի հետ։

Եղերդակ. Հյութն ամրացնում է ստամոքսը, ներծծում է փայծաղի խցանումները և չափավորում արյան ջերմը (Ա.Ա.)։
Ժամանակակից պատկերացմամբ` արմատը (փոշին վաճառվում է դեղատներում) օգտակար է աղեստամոքսային համակարգին, լյարդին, փայծաղին, հանգստացնում է նյարդերը, իջեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ և այլն։ Բույսի հյութը խմում են սակավարյունության դեպքում.

  • Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
  • Արտադրվում է ոգեթուրմը. Խմեք 20-25 կաթիլ` օրը 3 անգամ։
  • Մանրացրեք, խառնեք բույսի վերգետնյա մասը և արմատը։ 10 գ հումքը 3 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, փայծաղի ուռուցքի դեպքում։ Թուրմը նաև մաքրում է փայծաղը և լյարդը, օգտագործվում է թունավորման դեպքում։
  • Բույսի տերևները 1 րոպեով ընկղմեք եռջրի մեջ, թրջոց դրեք այտուցվածության դեպքում։

Վարունգի սերմ. Հավաքել, երբ վարունգը լիովին հասունացել և դեղնել է։ Սերմերը հանում են լյարդի տաքությունը, բուժում են փայծաղի ուռուցքը և թոքերի խոցը (Ա.Ա.)։

  • 10 գ չորացրած սերմը 15 րոպե եփեք 500 մլ ջրում, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, գոլ վիճակում։

Կաղամբ. Դնում են վերքերի, չարորակ խոցերի վրա. այդ տեսակետից շատ օգտակար է։ Կաղամբից պատրաստված ջերմախյուսը կներծծի փայծաղի ուռուցքը։ Կանխում է չարորակ ուռուցքների տարածումը (Ա.Ա.)։ Ժամանակակից պատկերացմամբ` կաղամբը պարունակում է ինդոլային միացություններ, որոնք կանխարգելում են կանանց օրգանների հորմոնալ բնույթի ուռուցքների առաջացումը և զարգացումը։ 1952թ. կաղամբում հայտնաբերվեց ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերը (ulcus) բուժող նյութ, որը կոչվեց U վիտամին։

  • Խմեք կաղամբի թարմ գոլ հյութ` 100-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Ոսկեհազարուկ. Տարրալուծում է մաղձն ու լորձը։ Օգնում է խիթերի, փայծաղի խցանումների ու քարացման դեպքում։ Ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Այս բույսը վնաս է լյարդին։ Վնասակար ազդեցությունը վերացնում է եղերդակը (Ա.Ա.)։

  • Ժամանակակից պատկերացմամբ` թուրմը և եփուկը բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, կիրառվում են լյարդի, լեղապարկի, երիկամների հիվանդությունների բուժման համար, ունեն հականեխիչ հատկություն։ Բույսի պատրաստուկները կարգավորում են ողջ մարսողական համակարգի աշխատանքը։
  • Թուրմ. 10գ չոր խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք, հումքը մզեք։ Վերականգնեք հեղուկի նախնական ծավալը եռջրով։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Մշկընկույզ. Ամրացնում է ստամոքսը և փայծաղը, տաքացնում է դրանք ու նպաստում սննդի մարսմանը։ Հանգստացնում է փայծաղի ցավերը։ Կվերացնի սոխ ու սխտորի հոտը։ Ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է (Ա.Ա.)։
Նատրուն-սոդա. Ասում են, որ սա «հայկական բորակն» է։ Եթե ջերմախյուս պատրաստեն ու դնեն փայծաղի շրջանում, կվերացնի ուռուցքը (Ա.Ա.-133)։
Շաղաղուլ-Վայրի ստեպղին. Եթե տերևը եփեն ուլի մսի, քացախի ու աղի հետ, ապա կօգնի ստամոքսի, լյարդի ու փայծաղի հիվանդությունների դեպքում։ Վայրի գազարի ընդունման չափաբաժինը 6 գրամ է (Ա.Ա.)։

Ժամանակակից պատկերացմամբ` բույսի պտուղները պարունակում են մի քանի ֆուրոկումարինային միացություններ, որոնցից «պաստինացինը» կիրառվում է աղեստամոքսային համակարգում, երիկամներում և լեղուղիներում սպազմերի մեղմացման համար։

Պաստինացինն արտադրվում է դեղահաբերի ձևով։ Բուսաբանական գրականությունում նկարագրված է Pastinaca armena տեսակը։ Ստեպղինը կիրառվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։

Փայծաղը զտում է արյունը
Փայծաղը փուխր, սպունգանման մարմին է, որի հյուսվածքներով յուրաքանչյուր մեկ րոպեում անցնում է 200 մլ արյուն։ Փայծաղի հյուսվածքները կլանում են արյան հետ հոսող միկրոբները, թույները, ծերացած և վնասված բջիջները` արյան կարմիր գնդիկները։ Փայծաղը կլանում է ոչ միայն իրենց «դարն» ապրած էրիթրոցիտները, այլև պահեստավորում է առողջների մի մասը, որն անհրաժեշտության դեպքում մղվում է արյան հոսքի մեջ։

Կարևոր է հիշել, որ խնձորի քացախը մաքրում է արյունը տրոհված բջիջների «թափոններից» (տե՛ս, Ջ. Սահակյան, Խնձորի քացախը կանխարգելում է… «168 Ժամ», 10.10. 2013թ.)։

Փայծաղն արյունաստեղծ օրգան է
Փայծաղը սկսում է ձևավորվել հղիության 5-րդ շաբաթում, պտղի զարգացման նախնական շրջանում փայծաղը հանդես է գալիս` որպես արյունաստեղծ օրգաններից մեկը, իսկ հաջորդ փուլերում այդ ֆունկցիան սկսում է կատարել ոսկրածուծը։ Կան կաթնասուններ, որոնց փայծաղը ողջ կյանքի ընթացքում կատարում է արյունաստեղծ ֆունկցիա։

Մարդու փայծաղում անընդեջ հասունանում են արյան սպիտակ գնդիկներ, որոնց «պարտականություններից» մեկն է` վերականգնել սրտի վնասված հյուսվածքները։
Փայծաղի այդ ֆունկցիան վերջին տարիներին է հայտնաբերվել, իսկ գնդիկները կոչել են «մոնոցիտներ»։ Փայծաղում է «տնտեսվում» հեմոգլոբինի գոյացման համար անհրաժեշտ երկաթի զգալի մասը (տե՛ս Ջ. Սահակյան, Երկաթ` արյունաստեղծ… «168 Ժամ», 23.03.2013թ.)։

Փայծաղը վերահսկում է իմունային համակարգի գործունեությունը
Մարդու օրգանիզմի դիմադրողական համակարգում կան հումորալ (humor=հեղուկ) և բջջային իմունիտետները կարգավորող արյան հատուկ սպիտակուցներ, հակամարմիններ և բջիջներ, T-լիմֆոցիտներ, որոնց ձևավորման գործընթացին մասնակցում է նաև փայծաղը։

Կալիֆոռնիայի համալսարանի և Ճապոնիայի նյարդաբանական կենտրոնի գիտնականները, հայտնաբերել և առանձնացրել են փայծաղից հակամարմինների խումբ. գիտնականները կարծում են, որ այդ «հումքի» հիման վրա հնարավոր կլինի ստեղծել դեղորայք` մարդու համար մահացու հանդիսացող ուղեղի հիվանդություններից մեկի բուժման համար (երբ ուղեղի բջիջները սկսում են տրոհվել)։

Փայծաղի «զգացմունքային» ֆունկցիան
Հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեկան ապրումների կամ արտաքին էքստրեմալ ազդեցությունների դեպքում փայծաղը կծկվում է և դեպի արյունատար անոթներն է մղում իր մեջ պահեստավորված արյունը։

Հետևություն։ Փայծաղը լիմֆատիկ համակարգի ամենախոշոր օրգանն է, որն անմիջականորեն կապված է իմունային համակարգի հետ։ Էրիթրոցիտները և լեյկոցիտները գոյանում են ոսկրածուծի մեջ, իսկ իմունային բջիջներն արյան հոսքի հետ հայտնվում են փայծաղում, որտեղ ժամանակի ընթացքում վերջնականապես հասունանում են։

Ի՞նչ է սիրում փայծաղը
Փայծաղը կարող է մեծանալ ինֆեկցիայի կամ հարևան օրգանների` ենթաստամոքսային գեղձի և լյարդի հիվանդությունների պատճառով։ Երբեմն առանձին հատվածներ կարող են «մահանալ», սակայն նման ընթացքն ունի ինքնանորոգվելու միտում։

Հնարավոր է, որ առաջանա հեղուկով լցված բշտիկ. եթե դրա չափը 5-6 սմ-ից մեծ է, ապա կատարվում է վիրահատություն։ Փայծաղը շատ զգայուն է մեխանիկական ազդեցությունների հանդեպ, քանի որ արտաքին թաղանթը շատ բարակ և թույլ է. ուժեղ արյունահոսություն առաջանալու դեպքում միակ ճիշտ լուծումն օրգանի վնասված հատվածի անհապաղ հեռացումն է։

Փայծաղը սիրում է կարմիր գույնի մրգերի և բանջարեղենի` բազուկի, ելակի, խաղողի, կարմիր կաղամբի հյութերը.

Խմեք 100-ական մլ թարմ հյութ. առաջին 7 օրը` 3-ական անգամ, հաջորդ շաբաթը` 2-ական, իսկ վերջին 7 օրը` 1-ական անգամ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ (կամ հետո)։ Օգտակար են երկաթով հարուստ մրգերը` խնձորը, ծիրանը և այլն, նաև տավարի լյարդը։

Փայծաղը սիրում է ջերմություն. տաքացրեք դաստակները փոխադարձ շփումով, դրեք ձախ ձեռքը փայծաղի վրա, մի քանի րոպե անց կատարեք մերսում` ժամացույցի սլաքի, իսկ հետո` հակառակ ուղղությամբ (3-ական) րոպե։ Մոտ 10 րոպե տևողությամբ գործողությունն ավարտելուց հետո, մի քանի րոպե թեթևակի հարվածեք մատնաբարձիկներով, 7-11-րդ կողերը ծածկող մաշկի հատվածի վրա։

Փայծաղի առավել ակտիվ ժամերն են 10-12-ը, իսկ երեկոյան 22-24-ը փայծաղի հանգստանալու ժամանակն է։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում ակտիվ է նաև ենթաստամոքսային գեղձը։ Իհարկե, առանց փայծաղի կարելի է ապրել, սակայն դա ոչ բնականոն իրավիճակ է, որը պահանջում է հատուկ մոտեցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս