
Մեղադրվում է ընկերոջ մորը ապտակելու, հայհոյելու և հոսանքահարելու մեջ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի ընկերոջ մորը էլեկտրահարելու և հարվածելու առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ք. Տատարոգուլոյին: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր ընկերոջ մոր՝ ծաղկավաճառ Ծ. Տոնոյանի հետ:
«Դրանից հետո վերջինիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքով հարվածել է ոտքին, ապտակել, ապա իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ էլեկտրահարիչ սարքով, էլեկտրահարել է Ծ. Տոնոյանին՝ միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 30 րոպե բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։
Բացի այդ, իր ընկեր Ս. Տոնոյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ դանակով, սպառնացել ու փորձել է հարվածել Ս.Տոնոյանին՝ միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ 20 րոպե բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատամամբ միջադեպի ողջ ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես Տոնոյանների, այնպես էլ՝ դիտողություն արած անցորդների հասցեին՝ խաթարելով բնակչության անդորրը»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Ըստ datalex-ի՝ քրեական գործին որպես ապացույց կցված են դանակ և էլեկտարահարիչ սարք: Քրեական գործը կքննի դատավոր Արմեն Խաչատրյանը: Ք. Տատարոգուլոն կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):