Հայրս ինձ սովորեցրել է, որ մշտապես պետք է ձգտել առավելագույնին. Ռուբեն Վարդանյան
Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցում Ռուսաստանում հայտնի հայ գործարար, ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը պատմել է իր անձնական կյանքի մասին:
Արմատների մասին
Վաղ մանկության տարիներս գրեթե չեմ հիշում. միայն ինչ-ինչ դրվագներ։ Ես ուշ ծնված երեխա եմ, և մշտապես շրջապատված եղել եմ սիրով։ Այդ զգացողությունը շատ լավ եմ հիշում։ Հայրս ճարտարապետ է, սովորել է Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրայում։ Հենց այնտեղ էլ ծանոթացել է մորս հետ։
Մայրս 10 տարով երիտասարդ էր նրանից, սովորել է քիմիա-տեխնոլոգիականում։ Մի անգամ ֆիլմի նորամուտի ժամանակ հայրս եղել է հայ ընկերոջ հետ և տեղեկանալով մորս՝ իշխանական արմատների մասին (նրա արմատները հայ և վրացի իշխանների ընտանիքից են), հայրս ասել է, որ որմնադիր է։
Ցանկացել է ստուգել, թե արդյոք նա կսիրահարվի՞ պարզ մարդուն։ Սիրահարվել է։ Նրանք ծանոթությունից մի քանի ամիս անց գաղտնի ամուսնացել են ու Մոսկվայից տեղափոխվել Հայաստան։ Հայրս համարել է, որ դա է ճիշտը։ Նա սկզբունքային մարդ է, և անգամ կտրուկ, իմ պապը նույնպես:
Մանկության մասին
Իմ մանկությունն անցել է Երևանում, Թբիլիսիում և Մոսկվայում։ Դրանից մնացել է թեթև կյանքի տպավորությունը, թեև եղել են նաև խնդիրներ։ Օրինակ՝ դրամական։ Հայրս շատ էր ծախսում և գումարը մշտապես չէր բավականցնում։ Ընտանեկան բյուջեն պահում էր մայրիկը։ Հայրս ուսանողներից կաշառք չէր վերցնում և խիստ դիրքորոշում ուներ տվյալ հարցում։
Ինձ ազգականներն էին գումար տալիս, ես կուտակում էի դրանք ու գաղտնի տալիս էի հորս։ Հիշում եմ, որ 9-րդ դասարանում վիճեցի նրա հետ. ասացի, որ կաշառք եմ վերցնելու, հաջողակ եմ լինելու` ի տարբերություն նրա…: Մի խոսքով՝ տարբեր իրավիճակներ են եղել։ Ընդհանուր առմամբ, մանկությունից մնացել են մեծ սիրո ու վառ տպավորություններ։
Կրթության մասին
Դպրոցում ինձ նույնպես սիրում էին։ Խաղում էի ֆուտբոլի, բասկետբոլի հավաքականներում, ուրախների և հնարամիտների ակումբում։ Դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով և կատակով ասում էի, որ ծնողներիս համար խնայել եմ մի ամբողջ գումար, քանի որ այդ ժամանակ մեդալն «արժեր» 3000 ռուբլի։ Դա 1980-ականներն էին, երբ ծաղկում էր կոռուպցիան։
Ես երազում էի սովորել Մոսկվայի պետական համալսարանում (ՄՊՀ), սակայն ծնողներս թույլ չէին տալիս։ Միայն մորս ընկերուհին կարողացավ ընդունելության քննություններից ընդամենը երկու շաբաթ առաջ համոզել նրանց: Ես ընդունվեցի ՄՊՀ, սակայն առաջին կուրսից հետո ինձ, ինչպես և մյուս բոլոր տղաներին, զորակոչեցին բանակ։
Ինձ ուղարկեցին Ադրբեջան։ Այդ ժամանակ այնտեղ չկար հակամարտություն, սակայն Հայաստանի հետ հարաբերություններն լարվել էին արդեն։ Հետո ինձ մոտեցավ մի հայ զինվորական ու հարցրեց, թե արդյոք կցանկանա՞մ ծառայել Հայաստանում։ Ես դրական պատասխան տվեցի:
Դրա համար նա ինձնից պահանջեց 300 ռուբլի, ապա դա նվազեցրեց մինչև 50 ռուբլու: Սակայն ինձ մոտ միայն 27 ռուբլի կար: Զինվորականը դա հանդգնություն համարեց և հեռացավ: Ապա հետս գնացքով մեկնող տղաներն ինձ ասացին, որ գումար են պահել ծխախոտի համար, տվեցին ինձ, որ գնամ և ծառայեմ Հայաստանում։ Ես այդ 23 ռուբլին հիշեցի ողջ կյանքում։
Իմ բախտը բերել է խորհրդատուների հարցում, և դա իմ հաջողության հիմնական մասն է։ Իմ խորհրդատուները եղել են ոչ միայն հայրս, քույրս կամ դպրոցի ուսուցիչներս, այլև հայտնի մարդիկ՝ Եվգենի Պրիմակովն ու Լի Կուան Յուն, և նրանք, ովքեր ինձ շատ օգնեցին բիզնեսում, օրինակ Ռոն Ֆրիմանը:
Ընկերության մասին
Բնավորությամբ նման եմ մորս՝ թբիլիսյան մարդամոտությամբ, սակայն երբեմն կտրուկ եմ լինում, թեև ոչ այնքան, որքան հայրս. ամեն դեպքում ես ավելի հանդուրժող եմ։ Ունեմ մանկության, ուսանողական, բանակային ընկերներ։ Դժբախտաբար, մշտական ճամփորդությունների պատճառով շատ ժամանակ չեմ ունենում ընկերների և հարազատների համար։ Ոմանք նեղանում են իմ կողմից ուշադրության պակասից, և հարաբերությունները խզվում են:
Սիրո մասին
Ես վստահ էի, որ կամուսնանամ հայուհու հետ, քանի որ տարբեր մշակույթների մարդկանց մոտ կենցաղային մակարդակում կան մի շարք խնդիրներ, որոնք բարդացնում են կյանքը։ Ինձ հետ լինելը հեշտ չէ, հավանաբար, ես պահանջկոտ եմ` նաև իմ հանդեպ։ Հայրս ինձ սովորեցրել է, որ մշտապես պետք է ձգտել առավելագույնին։
Շատ չեմ սիրում գովել կամ շնորհակալություն շռայլել։ Կարծում եմ, եթե շիլան այրվել է, ապա պետք է հայտնել այդ մասին, իսկ եթե ոչ, ապա նորմալ է, և պետք չէ դրա համար առանձին «շնորհակալություն» հայտնել։ Կանայք, որոնք եղել են իմ կողքին, հասկացել են դա։
Վերոնիկան իմ առաջին սերը չէ։ Ես նրանից առաջ էլ լուրջ հարաբերություններ եմ ունեցել։ Բոլոր կանայք ինձ շատ բան են տվել։ Ես նույնպես փորձում եմ շատ տալ, և ոչ թե միայն ստանալ։
Զավեշտալի է, որ իմ ամուսնական պատմությունը գրեթե կրկնում է ծնողներիս ամուսնական պատմությունը։ Կնոջս հետ ծանոթացել եմ 20 տարի առաջ։ Հանդիպել ենք ընդամենը մեկ շաբաթ։ Երրորդ հանդիպումից հետո Վերոնիկային ասացի, որ հանդիպելու ժամանակ չունեմ նրա հետ:
Մի խոսքով՝ ցանկանում եմ, որ նա լինի իմ երեխաների մայրը։ Վերոնիկան համաձայնվեց։ Ինչպես ծնողներիս դեպքում էր, մենք նույնպես ամուսնացանք առանց ծնողների համաձայնության և առանց հայկական մեծ հարսանիքի։ Ծնողներս Վերոնիկայի հետ ծանոթացան ավելի ուշ:
Մենք նրա հետ նման ենք, սակայն միաժամանակ շատ տարբեր ենք։ Երբեմն ինձ թվում է, թե ծնողներս նրան ավելի շատ են սիրում, քան` ինձ։ Վերոնիկան իսկական կին է։ Նա եկավ մեր տուն, և փորձեց իմ հարազատներին ու մերձավորներին դարձնել իրենը, իսկ դա հեշտ չէ. ամեն օր պատահում էին ինչ-ինչ մանրուքներ:
Երբ ծնվեց մեր առաջին որդին, ես Վերոնիկային ասացի, որ հայկական ավանդույթի համաձայն, առաջնեկ որդու անունը տղամարդն ընտրում է անձամբ, և անգամ չի հարցնում կնոջը, քանի որ նա ժառանգորդ է: Սակայն ես ավելի դեմոկրատ մարդ եմ, և նրան առաջարկեցի ընտրության երեք տարբերակ` Լևոն, Աշոտ ու Դավիթ:
Նա խելացի է, չսկսեց վիճել և ընտրեց Դավթ անունը, ինչը նրան առավել մոտ էր:
Վերոնիկան ինձնից ավելի հաճախ է լինում Հայաստանում, նա այնտեղ ունի մի շարք նախագծեր։ Նա չի դարձել հայուհի և պահպանել է իր ինքնությունը։
Հաջողության մասին
Հաջողությունը, բնականաբար, փոխել է ինձ։ Ես հեշտ իրավիճակում չէի. 23 տարեկանում ես դարձա գործադիր տնօրեն և պետք է ղեկավարեի ընկերություն, կայացնեի ինքնուրույն որոշումներ։ Դա վիթխարի պատասխանատվություն էր, որին ամեն ոք չէ, որ պատրաստ է։
Իհարկե, երբ դու երիտասարդ ես, պետք է ապավինես քեզնից ավագների վրա և արժանանաս նրանց հարգանքին։ Քեզ հարգում են, կամ էլ ոչ, իսկ այն, որ քո պաշտոնը կոչվում է «գլխավոր գործադիր տնօրեն» չի հուզում ոչ ոքի: Ես չեմ ունեցել ո՛չ կապեր, ո՛չ կապիտալ։
Ես սկսել եմ զրոյից` և՛ ռուս հաճախորդների, և՛ աշխատակիցների, և՛ օտարերկրացիների հետ։ Հավանաբար, մարդիկ հավատացել են ինձ։ Վստահությունը սկզբունքային բան է աշխարհում։ Երբ մարդիկ վստահում են միմյանց, նրանք քիչ ժամանակ, ուժ ու միջոցներ են ծախսում սեփական անվտանգության համակարգերի կառուցման վրա:
Եվս մի կարևոր բան է պլանավորման հորիզոնն ու հետևողականությունը։ Քչերն են ունակ պլանավորել ապագան` տասնամյակների կտրվածքով։ Բարեբախտաբար, դա կարողանալը մշտապես եղել է իմ մրցակցային առավելությունը։ Չէ՞ որ մարդկանց 95 տոկոսը չի կարող ասել, թե իրեն ինչպես է տեսնում 20-30 տարի անց:
Ազատության մասին
Կա սոցիալական փոփոխությունների չորս մոդել՝ էվոլյուցիա, հեղափոխություն, բարեփոխում և ինկվիզիցիա։ Ես հակված եմ առաջինին, այն հնարավորություն է տալիս փոփոխությունների հասնել առանց կորուստների և հաշտեցնել տարբեր խմբերի շահերը։ Ես մշտապես փորձել եմ գտնել համագործակցության ուղին, և դրանով իսկ ինչ- որ բան փոխել համակարգում։ Այժմ համակարգն առավել հասկանալի է և ունի խաղի առավել հստակ կանոններ, քան` 20 տարի առաջ էր:
Ես հազվադեպ եմ մասնակցել հանրահավաքների։ Գնացել եմ օրինակ 1991 թվականին, երբ խռովություն էր, և նաև երեք տարի առաջ, երբ Չուլպան Խամատովան հանրահավաք էր կազմակերպել ընդդեմ այլատյացության։ Ես հարգում եմ այն մարդկանց, որոնք իրենց տեսակետն են հայտնում հանրահավաքների ժամանակ, սակայն չեմ սիրում զանգվածային միջոցառումներ, անգամ համերգների ժամանակ հարմարավետ չեմ զգում ինձ։
Թեև հիշում եմ 1988 թվականին Երևանում տեղի ունեցած հանրահավաքը, երբ «Թատերական» հրապարակ էր դուրս եկել 300.000 հայ, վերելքը ֆանտաստիկ էր։ Սակայն էմոցիոնալ այդ զարթոնքն արագորեն մարեց: Ես հասկացա, որ հանրահավաքները, ինքնին, անիմաստ են, համակարգի հետ պետք է պայքարել այլ կերպ։
Հեղափոխությունից հետո չեն հաղթում են ո՛չ կարմիրները, ո՛չ էլ սպիտակները, հաղթում են մոխրագույնները, այդպիսին է օրինաչափությունը։ Իսկ ինչպես գիտենք, մոխրագույններին փոխարինելու են գալիս սևերը։
Կարևորի մասին
Պետք է փորձել քեզ տեսնել սերնդի համատեքստում, որում դու հետք ես թողնում։ Ինձ մշտապես դուր է եկել անհնարինը հնարավոր դարձնելը, որովհետև մարդը պետք է ապրի վաղվա օրվա մասին մտածելով։
Ռուսաստանում բոլորն ապրում են օրով, սակայն նրանք, ովքեր իշխանության մեջ են, կարծես թե, մտածում են, որ ապրելու և իշխելու են հավերժ…: Նման հակասությունները, անհետևողականությունը լիովին զարմացնում են ինձ։
Հավատքի մասին
Ես Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամ եմ։ Բավական երկար ժամանակ նվիրում եմ հուշարձանների վերականգնմանը, այդ թվում՝ հոգևոր։ Չեմ կարող ասել, որ պարբերաբար եկեղեցի եմ գնում և արարողակարգի մասնակցում, սակայն անկեղծ հավատում եմ Աստծուն և հիմնարար արժեքներին…:
Վախի մասին
Ամենից ավելի վախենում եմ կորցնել ինքնահարգանքը։ Ինձ համար շատ լուրջ վախ է հասկանալ այն, որ արել եմ մի քայլ, ինչն ինքս համարում եմ անընդունելի։ Այդ վախի պատճառով ես հաճախ արել եմ ավելին, քան` պետք էր: Փորձելով վերաապահովագրել ինքնահարգանքը՝ ես երբեմն գործել եմ անգամ ի վնաս իմ բիզնեսի։
Փողի մասին
Երբ ավագ որդիս դարձավ 13 տարեկան, մենք Վերոնիկայի հետ որոշեցինք, որ մեր փողերը կծախսենք այնպիսի նախագծերի վրա, որոնք կօգնեն աշխարհը փոխել դեպի լավը։ Մեր երեխաները գիտեն, որ նրանց որևէ ժառանգություն չի մնալու։ Մենք նրանց կրթություն ենք տալիս, և կարծում ենք, որ ապագայում նրանք կկարողանան ապրել ինքնուրույն։ Բնականաբար, կա որևէ անշարժ գույք՝ ոչ ամենաշքեղը, որպեսզի նրանք ունենան ինչ-որ հիմք, սակայն միայն այդքանը։
Ես կատարելապես հանգիստ եմ վերաբերվում նյութական բարիքներին, անտարբեր եմ մեքենաների, ինքնաթիռների և հարստության այլ ատրիբուտների հանդեպ։ Միակ բանը, որի վրա ես գումարներ եմ ծախսում, գրքերն են ու բարեգործական նախագծերը։ Մենք դրանցից ունենք բավական շատ, և գլխավորն ավարտին հասցնելն է։
Երեխաների մասին
Չորսն էլ շատ տարբեր են, բոլորն էլ տաղանդավոր են՝ իմ հայրական աչքով։ Ցանկալի է, որ նրանք իրենց գտնեն այս աշխարհում, որպեսզի նրանք ունենան նպատակ։ Երբ ես 22 տարի առաջ մտա բոլորին անհայտ «Տրոյկա դիալոգ» ընկերություն` 10 անգամ ավելի ցածր աշխատավարձով, քան նախորդ աշխատավայրում էր, ես գիտեի, թե ինչի եմ ցանկանում հասնել ապագայում։ Եթե դու ունես նպատակ և հաջողությունը չափելու համակարգ, ապա ապրելն առավել հեշտ է։
Երեք բնութագրող բառ իր մասին
Առաջինը. Ես շատ շփվող եմ։ Ես անհավանական շատ կապեր ունեմ կատարելապես տարբեր շրջանակների, հաճախ անհամատեղելի մարդկանց հետ. կան նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, ինչպիսին որ Պրիմակովն է ու նրա մոտ ընկերները, ռուս և արևմտյան գործարարներ, մտավորականներ։ Չեմ կարող ասել, որ նրանք բոլորն ինձ համարում են «յուրային», սակայն այդ շրջանակներից յուրաքանչյուրն ընդունում է ինձ։
Երկրորդ. Ինձ համար շատ հետաքրքիր է ապրել, ես «քաղցած եմ» տարբեր նախագծերի հանդեպ, և հաճախ միանգամից անում եմ մի քանի բան։ Այդ պատճառով ես կարող եմ երբեմն նեղացնել իմ անուշադրությամբ և անմիջապես չնկատել: Սակայն շատ եմ ցավում դրա համար։
Երրորդ. Համառ եմ։ Երբեք չեմ մտածել, որ այդքան հետևողական կլինեմ իմ գործողություններում: