Երեսնակի օգտակար հատկությունները
Երեսնակը (Репейничек, репяшок) վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչև 120 սմ բարձրությամբ, ուղղահայաց ցողունով բազմամյա խոտաբույս է: Տերևներն ընդհատվող են, փետրաձև: Ծաղկաբույլը գագաթնային է, երկարավուն, պսակաթերթիկները՝ ոսկեդեղին, 4-5 մմ, հնգամաս: Ամբողջ բույսը պատված է աղվամազով: Պտուղներն անկանոն գնդիկներ են, մանր, կպչուն, 1-2 սերմիկով: Բույսը ծաղկում է ամռան ամիսներին, պտղակալում՝ աշնանը: Բազմանում է սերմերով: Լայնորեն հանդիպում է խոտհարքներում, թփուտներում, անտառների բացատներում, ճամփեզրերին:
Տարածված է հիմնականում Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Ստեփանավանի և այլ շրջաններում:
Բույսի վերգետնյա մասը հարուստ է դաբաղող նյութերով, պարունակում է հոտավետ յուղ, տանին, օրգանական թթուներ, սիլիկաթթու, ֆենոլային գլիկոզիդներ, ֆիտոստերիններ, դառը նյութեր, հանքային աղեր, ֆլավոնոիդներ, կումարին, ստերոիդ, սապոնիններ, քոլին, B խմբի վիտամիններ, վիտամիններ PP և K:
Արմատներում կան պիրոգալոլային խմբի դաբաղող նյութեր:
Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը հավաքում և խրձերով կախված վիճակում չորացնում են ստվերի տակ, ծաղկման շրջանում:
Դեղաբույսն ունի հին պատմություն: Բժիշկ Գալենը դեռևս մ.թ. 2-րդ դարում դեղաբույսը, այլ բույսերի հետ խառնած վիճակում, առաջարկել է «հող կամ կավ ուտող» հիվանդներին: Ըստ Ամիրդովլաթի՝ երեսնակն ունի ջերմությունն իջեցնող հատկություն: Չինաստանում այն օգտագործում են լյարդի, լեղապարկի հիվանդությունների, աֆտոզ ստոմատիտների, Ֆրանսիայում՝ կոկորդի բորբոքումների, ձայնալարերի ախտահարման, սալջարդերի և հոդախախտումների, Բուլղարիայում՝ լեղուղիների և լեղաքարային հիվանդության, ռևմատիզմի և մարսողության խանգարումների, մի շարք մաշկային ախտերի ժամանակ:
Գերմանիայում օգտագործում են լեղուղիների և միզուղիների հիվանդությունների բուժման նպատակով: Ավստրիայում նշանակում են նշիկների բորբոքումների, երակային սպազմի և չիբանի ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում վատ ախորժակի, տարբեր ծագման լուծերի, թոքաբորբերի, արյունահոսությունների և թութքի բուժման համար:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հայտնի է՝ որպես տրոֆիկ խոցերը, թարախակալած վերքերը, ջրգողությունն ու քլորոզը բուժող միջոց: Այլ ժողովուրդներ երեսնակն օգտագործում են պոդագրայի, գոտկացավերի, մաշկի քերծվածքների, միզաքարային դիաթեզի, ենթաստամոքսային գեղձի ախտահարման, նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի դեպքում: Դեղաբույսն ինչպես՝ առանձին, այնպես էլ՝ այլ դեղաբույսերի հետ համակցված, զգալի արդյունք է տալիս թոքաբորբերի, պլևրիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիայի, թոքաբորբի և բրոնխային ասթմայի ժամանակ: Գիտական բժշկության մեջ հիմնավորված է, որ այն կարգավորում է լյարդի խանգարված ֆունկցիաները և միաժամանակ՝ ունենում հակաբորբոքային ներգործություն:
Երեսնակը զուգակցում են այլ դեղաբույսերի՝ սրոհունդի, եզան լեզվի, անանուխի, երիցուկի, գետնաբաղեղի, եղեսպակի, մեղրածուծի, խնկեղեգի, հազարատերեփուկի հետ: Օգտագործվում է ջրաթուրմը, ինչպես նաև՝ չոր հումքը: Պետք է նշել, որ երեսնակի ոչ ճիշտ չափերի օգտագործումից հնարավոր են գլխացավերի, նողկանքի զգացման, փսխման, ինչպես նաև ալերգիկ վիճակի առաջացում: Օգտագործումից առաջ խորհուրդ է տրվում դիմել ֆիտոթերապևտին: