Այսօր Եվրոպան վայելում է այն, ինչ ցանել է փետրվարին

Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքն ու դրա արդյունքները:

– Արդյունքների մասին արժի ավելի ուշ խոսել, իսկ ընդհանուր իրավիճակը շատ հստակ էր` մարտ ամսից խաղալով և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ ղեկավարության հետ, և անհարկի խաղալով, քանի որ, եթե պիտի Մաքսային միությանը միանայինք, ապա ինչո՞ւ ստիպեցին, որ Պուտինն այդքան զենք վաճառի Ադրբեջանին, և հրահրեցին Պուտինի չնախատեսված այցն Ադրբեջան: Եթե Սերժ Սարգսյանին հստակ պարզ էր, որ այս ճանապարհը ճիշտ էր, ապա նա այսպիսի քայլեր չէր անի:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագահն ինքն էլ չէր հասկանում` ինչ է անում, և միայն սեպտեմբերի 3-ին գլխի ընկավ, որ չի կարող Մաքսային միությունը մերժել, հակառակը` Մաքսային միությունը կարող է իրեն մերժել, և ինքը բոլոր սահմաններից այն կողմ կհայտնվի:

Կարդացեք նաև

Իսկ ԵՄ-ին այս տարի տված ամբողջ խոստումները, որ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու է, փաստորեն, նույնպես բացարձակ խաբեբայություն դուրս եկավ, որն, իհարկե, ըստ արժանվույնս գնահատվեց Եվրամիության ղեկավարության կողմից: Այսինքն, նախապես ասվեց, որ ՀՀ-ն Ասոցացման պայմանագիր ստորագրելու ի վիճակի չէ և դրան համապատասխան հետևանքները պետք է կրի, և ոչ թե` նախագահը, այլ` հայ ժողովուրդը: Այսինքն՝ այն, ինչ կարելի էր ազնիվ ճանապարհով անել, նախապես հայտարարել, որ ՄՄ անդամ ենք դառնալու, իսկ Ձեր (ԵՄ-ի) հետ էլ առավելագույն բարեկամության ուղին ենք բռնել, այդ դեպքում 2 կողմից էլ կստանար ազնիվ պատասխաներ: Դրա փոխարեն` նախագահը 2 կողմին էլ խաբեց, ասեց, որ` միայն Ձեր հետ ենք աշխատելու, և բնական է, որ այդ պտուղները պետք է ճաշակենք:

– Իրերի նման դրության դեպքում անձամբ Ս.Սարգսյանի մասնակցությունը Վիլնյուսյան գագաթաժողովին ինչպե՞ս եք գնահատում:

– Սարգսյանը գոնե պիտի փորձեր, անկասկած, մեղմել սպասվող հարվածները, սակայն Սերժ Սարգսյանն իր իմիջը բոլորովին կորցրել է Եվրոպայում: Այսօր ունենք խաթարված հարաբերություններ: Եվրոպան փետրվարին աջակցեց Սերժ Սարգսյանին, ով ահավոր ապերախտ գտնվեց այդ օգնության նկատմամբ, և այսօր Եվրոպան վայելում է այն, ինչ ցանել էր փետրվարին, իսկ Սերժ Սարգսյանը վայելում է իր փառավոր անկումը, իսկ այդ ամենի համար մեր ժողովուրդն է պատասխան տալիս:

– Ս. Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Եվրոպայի աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքում դրական կերպով անցան նախորդ 3 ընտրական գործընթացները ՀՀ-ում, եվրոպական աջակցությամբ բարեփոխումները շարունակվելու են, և շարունակվելու է եվրոպական մոդելով ՀՀ կառուցումը: Ինչպե՞ս կգնահատեք սա:

– Եվրոպան ճակատագրական սխալ արեց, երբ Ս.Սարգսյանի կողմից բառացիորեն կեղծված ընտրությունները հալած յուղի տեղ ընդունեց: Եվրոպան դեռ պատասխան է տալու դրա համար: Եվրոպայի դեմքին կա այդ խարանը, որ նա չկարողացավ ըստ արժանվույն գնահատել այն կեղծիքները, որ տեղի ունեցան և՛ փետրվարի ընտրությունների ժամանակ, և՛ հատկապես դրան նախորդող ժամանակաշրջանում:

Երբ Ս. Սարգսյանն իր լուրջ մրցակիցներին մեկ-մեկ վախեցնելով, սադրանքներով` դուրս թողեց ընտրություններից: Այսինքն՝ այն, ինչ կատարվեց Եվրոպայի կողմից, և՛ Եվրոպայի շահերին էր դեմ, և՛ ժողովրդավարության, և՛ հատկապես հայ ժողովրդի շահերին էր դեմ:

Եվ մի՞թե Եվրոպան հանկարծ կշարունակի սատարել այսպիսի կեղծ խաղաքարտերով խաղացողին, որի գործելաոճը խաղատնային է, այդ նույն ոճը տեղափոխել է քաղաքականություն, որը ես կոչում եմ ոչ թե ֆուտբոլային, այլ` խաղատնային քաղաքականություն: Ահա դրա արդյունքում էլ նա փորձում է շարունակել խաբել Եվրոպային: Ո՞ր 3 ընտրություններն են եղել թափանցիկ` ի՞ր, նախորդ խորհրդարանակա՞նը, թե՞ Մարտի 1-ը, այսինքն՝ 2008թ. փետրվարի 18-ը: Այդ բոլորն էլ խեղկատակային են, և դա քննարկելն անիմաստ է: Ու եթե այդ 3 ընտրությունները նա համարում է Եվրոպայի կողմից հաստատված, դա մեծ հայհոյանք է Եվրոպայի հասցեին: Իսկ դրանից հետո թե ինչ կարող է սպասել Եվրոպայից, մենք դա տեսնում ենք, ինքը երևի չի տեսնում: Դրանից հետո Եվրոպայից կարելի է սպասել այն վերաբերմունքը, ինչը որ առկա է վերջին մի քանի ամիսներին:

– Ս. Սարգսյանն իր ելույթում նաև նշել է, որ ակնկալում է ԵՄ-ի աջակցությունը Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի շրջափակման վերացման գործում: Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի հետ կապված սահմանի հարցը նախքան ՀՀ-ԵՄ հարաբերությունների այս վատթարացումն էլ չկար: Հիմա ինչո՞ւ պետք է Եվրոպան օգնի այդ հարցում:

– Եվրոպան չէր պատրաստվում այն ժամանակ սահմանի բացմանն ինչ-որ առանձնահատուկ օգնություն ցույց տալ, բացի հռետորաբանությունից: Այդ հարցը չափազանց հետաքրքրում էր ԱՄՆ-ին, ոչ թե Եվրոպային: Այդ հարցի այլ կերպ լուծումը շատ հետաքրքրում էր նաև Ռուսաստանին և սփյուռքին: Այսինքն՝ սփյուռքը համակարծիք է, որ չի կարելի նախապայմաններով սահմաններ բացել, սփյուռքի մեծ մասը նաև այն կարծիքին է, որ սահմաններն այսօր բացելը ժամանակավրեպ է, քանի որ Թուրքիան այն օգտագործում է զուտ իր շահերի համար, և, եթե նույնիսկ բացի սահմանը, ՀՀ-ի համար ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվում, որ ցանկացած պահի կարող է կրկին փակել և այնպիսի պահի փակել, որը Հայաստանի համար կարող է լինել ճակատագրական:

Այնպես որ, ինքնանպատակ սահմանի բացում պահանջելը նույնիսկ սխալ, հանցագործ քաղաքականություն է և շատ անլուրջ է: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների միջոցով սահմանը բացելուն, ապա դա հանցագործություն է ազգի և ազգի պատմության նկատմամբ, որովհետև ընդունել այսօրվա սահմանները` նախագահին ոչ մեկն իրավունք չի տվել: Դա հայ ժողովրդի իրավունքն է, և հայ ժողովուրդը դրան բացարձակապես դեմ է, և խոսել Ցեղասպանության վերանայման մասին, կամ պատմաբանների համատեղ աշխատանքի մասին, դա նույնպես նախագահին ոչ մեկը թույլ չի տվել: Թող փորձի դա անել, և կարժանանա այնպիսի պատասխանի, ինչպիսի ընդունելության արժանացավ 2009-ին Փարիզում: Տասնյակ այդպիսի ընդունելությունների նա կարժանանա Հայաստանում, ոչ միայն սփյուռքում: Այսինքն՝ արձանագրությունների շրջանակներում սահմանի բացումը բացառում ենք, իսկ սահմանը բացել, միայն Թուրքիայի խաղերից ելնելով, դա անլրջություն և անխոհեմություն կլինի: Բայց գտնում եմ, որ Թուրքիան սահմանը լիիրավ բացողը չէ, Թուրքիան կարող է ընդամենը պատրանքներ ստեղծել և այդպես շատ մեծ օգուտներ քաղել, որը լինելու է` ի վնաս ՀՀ շահի, ու Հայաստանը դաժանորեն կպատժվի, եթե նման անխոհեմ քայլ կատարի:

– Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է գալու Հայաստան: Ի՞նչ է սպասվում` Ձեր կարծիքով:

– Սարսափելի ուշացած այց է, փչացած հարաբերությունների միջոցով ինչ-որ բարակ թելի նման գցվեց ճանապարհ, Ադրբեջան կատարած նրա շռնդալից այցից հետո այսպիսի մի այց իր բարեկամական, ռազմավարական գործընկեր երկիր, ինչպե՞ս կարելի է գնահատել: Կարելի է գնահատել այնպես, ինչպես արդեն ասացի` ՀՀ նախագահը բացարձակ փչացրեց հարաբերությունները ՌԴ նախագահի, ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ, արժանացավ տարբեր տիպի պատիժների, Պուտինի կողմից բազմիցս արհամարհվեցին նրա ընդունելության ակտերը, մերժվեցին Պուտինի՝ ՀՀ նախատեսված բոլոր ճանապարհորդությունները:

Վերջապես Պուտինը կգա, ինչ-որ բան կտա, այսպես, շատ մեծ եղբոր պես փոքրիկ եղբոր ուսին կթփթփացնի, տետ-ա-տետ հանդիպման ժամանակ գուցե բացառիկ դիվանագիտական լեզվով մատ թափ կտա, ինչ-որ բաներ ՀՀ-ին անկասկած կտրամադրի, որ ժողովուրդը հասկանա, որ Ռուսաստանը, չնայած զայրացած է, բայց վիրավորված չէ: Այսինքն՝ ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ հարաբերություններ ստեղծվեցին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև: Սարսափելի բան: Հազիվ ձեռք էինք բերել անկախություն, հազիվ նախորդ իշխանության ժամանակ գցվել էին ինչ-որ չափով հորիզոնական հարաբերություններ:

Օսկանյան-Քոչարյան զույգը կարողանում էր ռուսական դիվանագիտության հետ վարվել հավասարը հավասարի պես, ճիշտ է՝ շատ մեծ զիջումներով: Ես չեմ մոռացել 100 մլն-ի դիմաց տված այն խոշոր ռազմավարական օբյեկտները, որոնք շատ ավելին արժեին, քան այդ 100 մլն դոլարը: Թեև 100 մլն-ն էլ այն ժամանակ այսօրվա երևի 1 մլրդ-ն էր: Այնուամենայնիվ, մեր սրտի մեջ կա ծանր քայլ, որ կարելի էր գուցե ավելի լավ շուկայական առևտուր անել ՌԴ-ի հետ, բայցգ Այնուամենայնիվ, ՀՀ դիվանագիտությունը բարձր մակարդակի վրա էր ՌԴ-ի հետ շփումների մեջ, ինչը տապալեց Էդվարդ Նալբանդյան «դիվանագետը»:

– ԵՀՄՖ-ն հայտարարեց, որ պայքար է սկսում ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ: Ի՞նչ է արվել մինչ օրս:

– Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը` թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար: Հ. Աբրահամյանին ուղղված հարցաշարը մենք կավելացնենք 1-2 հարցով և կուղղենք նախագահին, և կպահանջենք պատասխան: Զուգահեռաբար` մենք Համահայկական ազգային ճակատ ենք ստեղծել ֆորումի ժամանակ, որը կհավաքվի շաբաթ առ շաբաթ, և կփորձենք Համահայկական ազգային ճակատի միջոցով բոլոր հարցերի պատասխանները պահանջել՝ արդյունքում դնելով, իհարկե, իշխանությունների հրատապ հրաժարականի խնդիրը:

Այն, ինչ Լևոն Հայրապետյանը հայտարարեց մեր ֆորումի ժամանակ` իշխանափոխությունը պետք է տևի 20 րոպե, որ մեր թշնամիները չօգտվեն, մենք այդ հայտարարության կողմնակիցն ենք և կանցնենք պայքարի այդ ռեժիմին, եթե մեր հարցերին բավարար պատասխաններ չտան:

Տեսանյութեր

Լրահոս