
Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծում նվազագույնի է հասցվել իսլամի հիշատակումը

Ahram Online-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել են Սահմանադրության մշակման հանձնաժողովի անդամները, որում գերակշռում են Եգիպտոսում աշխարհիկ պետության կողմնակիցները:
Դա իր դերն է խաղացել Սահմանադրության նոր նախագիծը մշակելիս, և դրանում տեղ չեն գտել իսլամականների կողմից առաջ քաշված կրոնական ազատություններն ու շարիաթը: Հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են հանդիսացել իսլամականներ:
Դրանով իսկ Սահմանադրությունից հանվել է այսպես կոչված «իսլամական լեզուն», որը հիմնական օրենքում հայտնվել է նախորդ տարի՝ արդեն իսկ նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կառավարման ժամանակ: Նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Եգիպտոսում անցկացվելու է դեկտեմբերին, ինչը Մուրսիի գահընկեցությունից հետո քաղաքական անցումային շրջանում գտնվող Եգիպտոսի համար կդառնա կարևոր կետ: