Զարուհի Փոստանջյան. Սերժ Սարգսյանը թաղեց ՀՀԿ-ն
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Վիլնյուսում գտնվող ՀՀ պատվիրակությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ մեկնել է ճամփորդության: «Ուղղակի ճամփորդություն է, որը ստանձնել են, գնացել են, ման կգան, միգուցե մի տեղ էլ կհաճախեն… չգիտեմ, իրենց պետք է ուղղել այդ հարցը»,- 168.am-ի հարցին ի պատասխան ասաց նա:
Հարցին, թե ո՞ւր կհաճախեն՝ կազինո՞, Փոստանջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, դուք իրենց հարցրեք՝ իրենք ավելի ճիշտ կպատասխանեն, իրենք, կարծում եմ՝ անկեղծ պարզաբանումներ կտրամադրեն»:
Զ. Փոստանջյանի կարծիքով՝ միանալով Մաքսային միությանը և մերժելով Ասոցացման համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը «թաղեց» Հանրապետական կուսակցությանը: «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը թաղեց ՀՀԿ-ն, այլ ոչ թե ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանությանը ձգտելու մեծ ցանկությունը: Ակնհայտ է, որ այն անձը և նրա թիմը, ով բռնազավթել է իշխանությունը՝ ոչ մարդու իրավունքների, ոչ ժողովրդավարության ջատագովը չէ, և սպասել նրանից որևէ լուրջ առաջընթաց, բարեփոխում ուղղակի ծիծաղել է, միամտություն է: Եկել է ժամանակը, որ հասնենք ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին դատապարտելուն»: