Վիլնյուսի համաժողովի մասնակիցներն ամփոփիչ հռչակագրում ողջունել են Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերության» Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքներով այսօր ընդունվել է ամփոփիչ հռչակագիր, որում ամբողջովին բացակայում է Ռուսաստանի մասին հիշատակումը, իսկ Ուկրաինայի վերաբերյալ նշված է, որ կողմերն ուշադրության են արժանացրել միմյանց դիրքորոշումները:

Կողմերը մտադիր են հաջորդ գագաթաժողովում դիտարկել հետագա հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել տնտեսական ինտեգրման համար: Վիլնյուսյան գագաթաժողովի մասնակիցները նաև գնահատել են 2011 թվականի սեպտեմբերին Վարշավայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից հետո այդ ծրագրում ընդգրկված երկրների ունեցած առաջընթացը:

Նրանք հաստատել են, որ կարևորում են «Արևելյան գործընկերությունը», որը հենված է փոխադարձ շահերի ու պարտավորությունների, ընդհանուր պատասխանատվության վրա: Նրանք ընդունել են, որ դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն ժողովրդավարության ճանապարհին ընկած առկա խնդիրներ լուծելու համար:

Դա մասնավորապես վերաբերում է դատական համակարգի անկախությանն ու արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին, պետական կառավարման ոլորտում բարեփոխումներ անելուն: Գագաթաժողովի մասնակիցները կարևորել են հակամարտությունների կարգավորումը, վստահության ու բարիդրացիական հարաբերությունների ձևավորումը, ինչը կարևորվել է տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական զարգացման ու համագործակցության տեսանկյունից:

Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Դրա հետ կապված՝ մասնակիցները ողջունել են Վիեննայում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը և նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս