Մարտին Շուլցը հուսով է, որ Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր կստորագրի մեկ այլ նախագահի ժամանակ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Վիլնյուսում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի այլ նախագահի դեպքում: Ընդ որում, նա չի բացառել, որ Եվրոպան կարող է վերանայել հարցի ֆինանսական կողմը. «Մենք դեռ կխոսենք այդ մասին»:
Նշվում է, որ Եվրոպայի Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն երեկ Վիլնյուսում հանդիպում են ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, սակայն դրանից հետո հրաժարվել են հանդես գալ մեկնաբանություններով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այլևս հույսեր չի կապում նրա հետ, որ Վիլնյուսում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև կստորագրվի Ասոցացման համաձայնագիր: Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի մարտի 29-ին: