Նախագահի լռությունը
Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է: Հարցը մի քանի տարվա պատմություն ունի: Կառավարության ու իշխանության տարբեր մակարդակներում այն քննարկվում էր տարիներ շարունակ: Այս փաստն իսկ ապացուցում է, որ խնդիրը բարդ է, և այդ հարցում միասնական կարծիք չկար: Չկար` անգամ իշխանության մաս կազմող մասնագետների մոտ:
Ու հանկարծ որոշվեց այն կիրառել միանգամից և արագ` 2014թ հունվարից: Հասարակությունը հստակ պատկերացում չունի ներդրվող համակարգի մասին: Քանի որ խնդրի շուրջ փորձագիտական «աղմուկ» է: Մի մասն այն համարում է քայլ առաջ, մյուսները` կործանարար: Ակնհայտ է միայն մի բան` այս բարեփոխումը վերաբերում է հասարակության հսկայական հատվածի: 1974թ. հետո ծնվածներն անխտիր ներառվելու են այս համակարգում, որովհետև այն օրենքով պարտադիր է հայտարարված:
Մեր մեծ ու ոչ այնքան մեծ իշխանավորները հնարավոր բոլոր առիթներով սիրում են խոսել ազգի երիտասարդության մասին: Խոսել` հնարավոր բարձր ու վսեմ ածականներ օգտագործելով: Երիտասարդությունը մեկ` «ազգի ծաղիկ» է հայտարարվում, մեկ` «ազգի ապագա», մեկ` ավելի սրսուռ մի բան: Հիմա հակառակի պես այդ երիտասարդները վրդովվել են: Նրանց մի մասն (անկեղծության համար ասենք` առավել ակտիվ ու առավել գրագետ մասը) բացատրություն ու պատասխան է պահանջում: Հատկապես որ, հնչող կարծիքները հակասական են ու սարսափազդու: Փորձագետների ու երիտասարդների դժգոհող հատվածը հավաստիացնում է, որ իշխանությունները հասարակությանը խաբում են: Խաբում են, կամ, մեղմ ասած, թյուրիմացության մեջ գցում:
Նրանք վստահաբար պնդում են, որ օրենքով պարտադրվող 5 տոկոսի փոխարեն` յուրաքանչյուր աշխատող ավելի շատ «կկորցնի»: Նվազագույնը` 6,5-7 տոկոս: Իսկ 500 հազարից բարձր աշխատողները, հնարավոր է, մուծեն 13 տոկոս: Հաջորդ սարսափելի պնդումն այն է, որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդը կենսաթոշակի անցնելիս` ավելի քիչ կստանա, քան այսօր գործող համակարգն է վճարում: Ասեք, որ դժվար է գլուխ հանել այս թնջուկից: Եվ ինչպես լինում է նման պարագաներին, պատասխանատու լրատվամիջոցներն իրար են անցել:
Համարյա ամեն օր հարցազրույցներ են հրապարակում: Հարցազրույց տվող տնտեսագետ ու այլ մասնագիտություն ունեցող չինովնիկները մի հանգի խոսում են բարդ-բարդ տերմիններով, անալոգիաթաթախ օրինակներով ու այլ անհասկանալի արտահայտություններով: Բայց նրանց մեղադրել պետք չէ: Մարդիկ քաղաքական գործիչներ չեն, հրապարակային ելույթներ համարյա չեն ունենում: Հետևաբար` պարզ մարդուն հասկանալի խոսք ասելու կուլտուրա չունեն:
Իսկ բացատրելու թեման ինքնին բարդ է: 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունված այս օրենքը դեռ ուժի մեջ չմտած` չորս լրացում ու փոփոխություն ունի: Բայց կառավարությունը մատը մատին չի խփել հասարակությանն այն ներկայացնելու համար: Հավանաբար, նրանց համար էլ է դժվար բացատրել այդ պարտադիր կնսաթոշակային կուտակման համակարգը: Բացատրել ու ասել` ի՞նչ են իրենցից ներկայացնում «ֆոնդ», «ֆոնդի կառավարիչ», «ակտիվություններ», «ռիսկեր» կոչվածը: Առավել բարդ է բացատրել նաև այն պատճառով, որ այդ ֆոնդ կոչվածն իրականում երեք հատ է: Դրանցից առաջինը կոչվում է` «Հավասարակշռված ֆոնդ»` հավանաբար այն պատճառով, որ մյուսներն անհավասարակշիռ են:
Երկրորդն օրենքում արձանագրված է «Պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ» տերմինով` հավանաբար այն պատճառով, որ մյուս երկուսը ոչինչ չեն պահպանում` կամ կոնսերվացնում: Երրորդ ֆոնդին օրենքը «Կայուն եկամտային ֆոնդ» խրոխտ անունն է տվել` հավանաբար այն պատճառով, որ սա` ի տարբերություն մյուսների, կայուն է և նույնիսկ ավելին` եկամուտ է խոստանում: Ես ինձ մաքսիմալիստ չեմ համարում: Հետևաբար` չեմ կարող պահանջել, որ այս տնտեսական, հասարակության հսկայական խավ ընդգրկող բարեփոխման տրամաբանությունը մեր չինովնիկները կարողանան բացատրել բնակչությանը:
Անգամ քաղաքական պաշտոն զբաղեցնելու պարագային նրանց մեծ մասը քաղաքական գործիչ չեն: Հետևաբար` հասարակությանը որևէ բան բացատրելը նրանց գործառույթների մեջ կարող է չընդգրկվել: Ուստի` դա քաղաքական գործիչների գործն է: Ի վերջո, քվեարկելուց առաջ խորհրդարանականների մեծ մասը ձևացրել է, որ հասկանում է, թե ինչ բարեփոխումների համար է քվեարկում: Ձևացրել է, որ տնտեսական բարեփոխման նախաձեռնող նախարարները կարողացել են իրենց բացատրել այս համակարգին անցնելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
Եթե անկեղծ լինենք` սա հատկապես ՀՀ նախագահի պարտականությունն է` հատուկ ուղերձով դիմել բնակչությանը, ներկայացնել իշխանությունների այսքան լայնամասշտաբ ձեռնարկի անհրաժեշտությունը: Բայց մեր նախագահն այս օրերին գերադասում է թանգարաններ ու նախարարություններ այցելել: Վաղը-մյուս օրը Վիլնյուս կգնա: Հետո Պուտինին կդիմավորի: Ու կճանապարհի: Ընդունեք, որ դա նման մասշտաբի բարեփոխման մասին հրապարակային ուղերձ-ելույթից հրաժարվելու բավարար առիթ չէ:
«168 ԺԱՄ»