
Բեռլուսկոնիին զրկել են խորհրդարանում իր տեղից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Սենատը երեկ քվեարկել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատգամավորական լիազորություններից զրկելու օգտին:
Խորհրդարանն աջակցություն է հայտնել ավելի վաղ դատարանի կայացրած որոշմանը, որով Բեռլուսկոնիին արգելվել է երկու տարվա ընթացքում զբաղեցնել պետական պաշտոններ՝ կապված մեքենայությունների գործի հետ:
Բեռլուսկոնին հայտարարել է, որ չնայած Սենատի որոշմանը՝ մտադիր չէ դադարեցնել իր քաղաքական գործունեություննը: Նա ընդգծել է, որ պարտադիր չէ լինել Սենատի անդամ՝ քաղաքական կուսակցություն գլխավորելու համար: Բեռլուսկոնին Սենատում քվեարկության օրը որակել է որպես «իտալական ժողովրդավարության սգո օր»:
Նշվում է, որ այս տարվա օգոստոսին Բեռլուսկոնիին մեղավոր ճանաչեցին նրա գլխավորած Mediaset հոլդինգի հարկային մեքենայությունների գործով, և 77-ամյա քաղաքական գործչին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ դա համաներմամբ կրճատվեց մինչև մեկ տարվա:
Քանի որ իտալական օրենսդրությունը նախատեսում է տարեց մարդկանց համար պատժի մեղմացում, ուստիև բանտային ազատազրկումը կարող է Բեռլուսկոնիի համար փոխարինվել հասարակական աշխատանքներով կամ տնային կալանքով:
Բեռլուսկոնին ներման խնդրանքով դիմել էր Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ իրեն հասարակական «նվաստացուցիչ» աշխատանքներից ազատելու համար, սակայն վերջինս մերժել էր նրան: