
Անկախանալու դեպքում Շոտլանդիան կհայտնվի ԵՄ-ից դուրս. Իսպանիայի վարչապետ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հանդես է եկել Շոտլանդիային ԵՄ-ի կազմում ներառելու դեմ, եթե նրա բնակիչները քվեարկեն անկախության օգտին: Ռախոյը տվյալ հարցում հենվել է ԵՄ-ի կանոնների վրա, որոնց համաձայն, եթե ԵՄ-ի անդամ երկրներից մեկի մի մասը դառնում է անկախ, ապա նա հայտնվում է ԵՄ-ի սահմաններից դուրս:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն պլանավորված է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: Եթե նրա քաղաքացիները քվեարկեն Միացյալ թագավորությունից անջատվելու օգտին, ապա ԵՄ-ում Շոտլանդիային ընդունելու համար կպահանջվի միության բոլոր 28 երկրների համաձայնությունը:
Փորձագետների կարծիքով՝ Իսպանիայի վարչապետի այդ հայտարարությունը հանդիսանում է կողմնակի զգուշացում Կատալոնիա ինքնավար մարզին, ուր տեղի իշխանությունները ցանկանում են անցկացնել անկախության հանրաքվե: