Շոտլանդիան կարող է Մեծ Բրիտանիայից իր անկախությունը հռչակել 2016 թվականի մարտի 24-ին
BBC News-ի փոխանցմամբ՝ Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից իր անկախությունը հռչակելու է 2016 թվականի մարտի 24-ին, եթե 2014 թվականի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվի դրան:
Անկախության հռչակման ժամկետը ներառվել է «Սպիտակ գրքում», որը հանդիսանում է Շոտլանդիայի կառավարության պաշտոնական փաստաթուղթ, որում շարադրված են շոտլանդական անկախ պետության կառուցման սկզբունքները: Գրքի հրապարակումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Գրքում նաև նշված է, որ անկախ Շոտլանդիայի խորհրդարանական առաջին ընտրությունները կարող են անցկացվել 2016 թվականի մայիսին:
Մարտի 24-ը բրիտանական կղզիներում նշվում է, որպես Գահերի միության օր: 1603 թվականի այդ օրը Շոտլանդիան ու Անգլիան միավորվել են դինաստիական ունիայում, որի շրջանակներում դարեր շարունակ ձևականորեն մնացել են որպես անկախ թագավորություններ: Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցկացվելու է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: