
Ճապոնիայում ստեղծվել է Ազգային անվտանգության խորհուրդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել երկրում Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ստեղծման մասին օրինագիծը: Միևնույն ժամանակ Ճապոնիայի վարչապետը ստացել է ավելի լայն լիազորություններ պաշտպանական քաղաքականության ոլորտում:
ԱԱԽ-ի կազմի մեջ են մտնելու վարչապետը, կառավարության աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը: Նրանք ձևակերպելու են երկրի արտաքին ու պաշտպանական քաղաքականությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարով: Մի քանի օր առաջ Ճապոնիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որն էականորեն ընդլայնում է կառավարության հնարավորությունները:
Ճապոնիայի ղեկավարության այս բոլոր նախաձեռնություններն իրականացվել են տարածաշրջանում լարվածության ֆոնին: Վերջին սրացումը կապված է Չինաստանի իշխանությունների գործողությունների հետ՝ կապված Արևելա-չինական ծովի ջրատարածության զգալի մասի վրա իր ՀՕՊ-ի նոր գոտին տարածելու հետ: