Բաժիններ՝

«Մեր ջանքերն ուղղված են մարդկանց մտածելակերպի փոփոխությանը»

Հարցազրույց «Նաիրի» կոնսորցիումի հիմնադիրներից` «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանի հետ

«Նաիրի» ՏՏ կոնսորցիումը նախաձեռնվել է մի խումբ ՏՏ ընկերությունների կողմից: Կոնսորցիումի նպատակն է` բարելավել Հայաստանի ՏՏ մակարդակը՝ ստեղծելով յուրօրինակ համագործակցության էկոհամակարգ արդյունաբերական ձեռնարկությունների, բուհերի և դպրոցների միջև: «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակվել է ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգ, որի համաձայն՝ հանրակրթական դպրոցներում առաջարկվում է ստեղծել «Նաիրի» լաբորատորիաներ, որտեղ դպրոցական տարիքի` 5-րդ դասարանից սկսած երեխաներին կսովորեցնեն ինժեներական հմտություններ: Ինչ է «Նաիրի» լաբը, ինչ է այն նախատեսում և ինչ գործունեություն է այն ծավալելու:

– «Նաիրի» լաբորատորիան «Նաիրի» կոնսորցիումի նախաձեռնությունն է, այն կրթական, հիմնականում` դպրոցներում ներդրվող կրթական լաբորատորիա է: «Նաիրի» կոնսորցիումն ինժեներական ոլորտում աշխատող ընկերությունների միավորում է: Նրանք միավորվել են ՏՏ կրթության հարցի շուրջ՝ նպատակ հետապնդելով բարելավել Հայաստանի ՏՏ ոլորտը կրթական բարեփոխումների միջոցով: Իրականացվում են տարբեր կրթական նախագծեր, որոնց շրջանակում ստեղծվում են նոր լուծումներ՝ ինչպես ծրագրային, այնպես էլ ապարատային:

– Ստեղծվո՞ւմ են, թե՞ հավաքվում են:

Կարդացեք նաև

– Այո հավաքվում են, մինի համակարգիչներ են ստեղծվում, որի օպերացիոն համակարգը հայկական է (խոսքն «Արաքս» օպերացիոն համակարգի մասին է.- Լ.Մ.), ծրագրերը հայկականացված կամ հայկական ծրագրեր են: «Նաիրի» լաբորատորիայի մեջ, բացի հայկական ծրագրային ապահովումից, լինելու են նաև հայկական սարքեր, օրինակ, այդ լաբորատորիայում կլինի 3D տպիչ, որը հնարավորություն է տալիս նոր 3D տպիչներ վերարտադրել: Այսինքն` այդ տպիչի միջոցով մենք հնարավորություն ենք ստանում հատուկ ծրագրի օգնությամբ տպագրել նոր 3D տպիչի մասերը և հավաքել բոլորովին նոր 3D տպիչներ:

Այս ամենի համար ներկա պահին մենք օգտագործում ենք ամերիկյան մի ծրագիր, սակայն հետագայում նպատակ ունենք ստեղծելու նաև հայկականը: Կարծում եմ՝ այս իմաստով հաջորդ մոդելը հայկական է լինելու: 3D տպիչների միջոցով 3D տպիչների բազմացումը հենց այս տպիչների առավելությունն է, որն էլ մեզ տպագրության համար անհրաժեշտ նյութերն ունենալու պարագայում հնարավորություն կտա բազմաթիվ նմանատիպ տպիչներ ստեղծել ու բաժանել բոլոր հանրակրթական դպրոցներին: Մենք այս լաբորատորիայի ստեղծման հիմքում շեշտը դնելու ենք «Պատրաստված է Հայաստանում» և «Ստեղծիր ինքդ» սկզբունքների վրա:

Այսինքն՝ այս կերպ աշխատելով, երեխաներն արդեն դպրոցական տարիքից կկարողանան աշխատել տարբեր գործիքներով, օրինակ, ֆրեզերային հաստոցի, 3D տպիչի, մինի համակարգիչների ստեղծման և այլ ուղղություններով: Այսինքն՝ նրանք կկարողանան ոչ միայն հասկանալ, թե ինչ կարող են անել այդ գործիքներով, այլ նաև մասնակցել դրա ստեղծմանը, իմանալ այն, թե ինչից է պատրաստված հեռախոսը, համակարգիչը, ինչ տեսք ունեն դրանք ներսից, դրանց դետալներին ծանոթանալ, և այլն:

Այսինքն՝ ներկայում հանրակրթական դպրոցներում ուսուցանվող «Տեխնոլոգիա» դասընթացի կամ «Աշխատանքային ուսուցում» առարկայի փոխարեն` կարող են դասն անցկացնել այդ «Նաիրի» կոչվող լաբորատորիաներում և ծանոթանալ ՏՏ ոլորտին՝ ծրագրավորմանը, ռոբոտաշինությանը և ընդհանրապես՝ էլեկտրոնիկային:

– Այսինքն՝ «Նաիրի» լաբորատորիայի միջոցով հնարավոր է ոչ միայն ծրագրավորում սովորել, այլև տեխնիկական լուրջ հմտություններ ձեռք բերել:

– Այո, այդպես է: Մեր նպատակը նաև այն է, որ յուրաքանչյուր երեխա, որ դուրս է գալիս ավագ դպրոցից, պատրաստ լինի աշխատանքի անցնելու համար: Իհարկե, նա կարող է նաև հեռավար կրթություն ստանալ՝ շարունակելով աշխատել ՏՏ ոլորտի ընկերությունում: Այսինքն՝ կես դրույքով սովորելը և կես դրույքով աշխատելն արդյունավետ չէ: Այժմյան բուհերում շրջանավարտների 60-80%-ն, ավարտելուց հետո, պատրաստ չի լինում աշխատելու, իսկ այս ծրագրի իրականացման դեպքում 3-5 տարվա ընթացքում կարող ենք մեծ փոփոխությունների հասնել: Այսինքն՝ դպրոցական այս դասընթացներն ավարտելուց հետո շրջանավարտը պատրաստ կլինի աշխատանքի անցնելու և իր հետագա ճանապարհն ընտրելու:

Հավատացած ենք, որ «Նաիրի» լաբի տարբեր ծրագրերի արդյունքում աշակերտը զուտ սպառողից կդառնա ստեղծագործող, գյուտարար, և այլն: Տվյալ երեխան արդեն սարքավորումներին, օրինակ, սմարթֆոնին կնայի ոչ թե` որպես ինչ-որ մակերես, որը փայլում է, ինչ-որ լավ բաներ է ցույց տալիս, այլ ինքը կիմանա, թե ինչպես է այն աշխատում, ինչպես է դա ստեղծվել: Կհասկանա, թե դրա մեջ ինչ է, ինքն ինչպես կարող է դա փոփոխել, նորը ստեղծել, և այլն: Այս ամենը մտածելակերպի փոփոխություն է առաջացնում:

Կարևոր է այն, որ դու ոչ միայն տեսականում սովորեցնում ես, այլև ցույց ես տալիս արտադրանք, օրինակ, մինի համակարգիչ կամ 3D տպիչ, որը ստեղծվել է Հայաստանում, և աշակերտը կարող է մասնակից լինել դրա ստեղծմանը, դա բոլորովին այլ բան է:

– Այսկերպ Դուք նաև երեխաների մտածելակերպը կարող եք փոխել և դեռևս դպրոցական տարիքից նրանց մոտ ստեղծագործական միտքը զարգացնել, այո՞:

– Ոչ միայն կարևոր է զարգացնել ստեղծագործական միտքը, այլև կարևոր է, որպեսզի նրանք հավատան, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել, որովհետև հենց իրենք սովորել են այնպիսի արտադրանքով և այնպիսի մեթոդով, որը ցույց է տալիս, որ դա հնարավոր է և, որ ամենակարևորն է՝ դա սեփական արտադրանք է:

– Մի բան է, երբ Հայաստանում խոսվում է ծրագրային ապահովման ոլորտի մասին, որը մեծ ծախսեր չի պահանջում, սակայն բոլորովին այլ բան է սարքերի արտադրությունը: Որքանո՞վ է իրատեսական ընդհանրապես սարքերի արտադրությունը Հայաստանում:

– Երբ ասում ենք՝ սարքերի արտադրություն, մենք կարող ենք ենթադրել դա, օրինակ, համակարգչային տպասալիկների հավաքում: Բոլոր մասերը չէ, որ Հայաստանում արտադրվում են: Օրինակ, միկրոչիպերը Հայաստանում չեն էլ արտադրվում, և չի էլ ենթադրվում, որ մենք մասսայական արտադրության համար հենց հայկականն ենք վերցնելու: Միկրոչիպերը կամ այդ նույն տպասալիկները կարող են արտադրվել այլ երկրներում, քանի որ դրանց արտադրությունը քիմիական ռեագենտներով է մշակվում և վնասակար է շրջակա միջավայրի համար:

Այժմյան փոքր Հայաստանում պետք էլ չէ, որ այդ արտադրությունը սկսվի. խոսքը ոչ թե դրա մասին է, այլ՝ այդ տեխնոլոգիան կրելու և ինչ-որ նոր բան ստեղծելու: Ամեն ինչի հիմքը մտածելակերպի և կրթության մեջ է, դրա համար մենք դնում ենք հիմքը՝ այդ ամենը փոխելու համար: Այդուամենայնիվ, ինչ վերաբերում է արտադրությանը, ապա արտադրություն ասելով` նկատի ունենք տեխնոլոգիաների ստեղծումը և վաճառքը:

– Նշեցիք, թե 3-5 տարի անց փոփոխություններ կլինեն: Խոսքն ի՞նչ փոփոխությունների մասին է, արդյո՞ք երեխան այս դասընթացն ավարտելով` համալսարան կընդունվի, ինքը կկարողանա՞ աշխատել:

– Չէ, անպայման չէ, որ համալսարան ընդունվի: Գաղափարը հենց այն է, որ նա կարող է աշխատելու հետ մեկտեղ` նաև հեռավար եղանակով սովորել բուհում ու դասավորել իր կյանքը, իսկ գործատուն կվճարի ուսման համար: Իհարկե, կլինեն նաև այնպիսիք, որոնք համալսարանում ստացիոնար կրթություն կստանան և կհասնեն ինչ-որ գիտական աստիճանի:

Սակայն այժմ խոսում ենք ոչ թե այդ 10 տոկոսի մասին, այլ գերակշիռ հատվածի, որոնք չեն գնում գիտության ուղղությամբ և որոնք ավելի ճիշտ են համարում դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի անցնելը: Եթե դիտարկենք ընկերությունների գործունեությունը, ապա դրանց գիտահետազոտական աշխատանքին մասնակցում տվյալ ընկերության աշխատակիցների 15%-ից ոչ ավելին, ովքեր ստեղծում են նոր լուծում: Իսկ մյուսներն արտադրական պրոցեսի աշխատակիցներ են, որոնց բուհում հինգ տարվա կրթությունը պետք չէ:

Օրինակ, երիտասարդը, որ նախընտրում է 20 տարեկանում աշխատել և ընտանիք կազմել, բոլոնյան համակարգի ներդրման պատճառով ստիպված է մինչև 28 տարեկանը սովորել, հետո գնալ և որպես սկսնակ` փորձաշրջան անցնել ինչ-որ ընկերությունում: Նրանց պետք է հնարավորություն տրվի և՛ ընտանիք ստեղծել, և՛ պահել այդ ընտանիքը. սա այն պատասխաններից մեկն է, թե ինչու պետք է ավագ դպրոցը տա մասնագիտական կրթություն:

– Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դպրոցներում ձեռնարկել է ռոբոտաշինության խմբակների ստեղծումը: Ձեր այս նախաձեռնությունը նմանատիպ լայնամասշտաբ ծրագի՞ր է լինելու, և որքանո՞վ են Ձեր ծրագրերը միմյանց խանգարում կամ օգնում: Եթե ռոբոտաշինության դեպքում հասկանալի է, թե ինչ են սովորելու աշակերտները, ապա «Նաիրի» լաբի պարագայում՝ գործ ունենք մի փոքր ավելի լայն հասկացության հետ: Կմանրամասնե՞ք, թե ինչ գիտելիքներ են աշակերտները ձեռք բերելու Ձեզ մոտ:

– Սկսենք նրանից, որ մենք ԻՏՁՄ-ի ռոբոտաշինության ծրագրի մի մասն ենք կազմում: Նշեմ, «Նաիրի» լաբի ծրագրերը մեր կողմից պատրաստվել և ադապտացվել են այդ ռոբոտների համար: Այսինքն՝ այս ամենը ոչ թե իրար խանգարում է, այլ հակառակը` օգնում: Օրինակ, նոյեմբերի 20-ին բազմաթիվ դպրոցների տրվեցին ռոբոտների կոնստրուկտորներ, որտեղ տեղադրված են մեր ծրագրերը: Բոլոր դպրոցներում ռոբոտների խմբակները դասավանդում են «Արաքս» հայկական օպերացիոն համակարգի «Աղվես» ծրագրով, այսինքն` մենք այս ամենի անբաժան մասն ենք, և սա համագործակցություն է: Նշեմ նաև, որ ԻՏՁՄ-ն «Նաիրի» կոնսորցիումի հիմնադիր անդամներից է:

– Ե՞րբ կսկսի գործել առաջին «Նաիրի» լաբորատորիան, և ո՞ր դպրոցում:

– Առաջին «Նաիրի» լաբը կբացվի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում, այնտեղ արդեն դասընթացներ են սկսվել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար: Նշեմ, որ ծրագրի որոշ բաղադրիչներ մենք արդեն կիրառում ենք, օրինակ, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում, Քաշաթաղի շրջանի Բերձոր բնակավայրում: Հետագայում «Նաիրի» լաբորատորիաները բիզնես-ծրագիր կդառնան և կառաջարկվեն այնպիսի երկրների, ինչպիսիք են Վրաստանը, Դուբայը… Իհարկե, հայկական շուկայից մենք շահույթ չենք սպասում, և լաբորատորիաները կտեղադրվեն ինքնարժեքին մոտ գումարով: Մեկ այլ հարց է, թե կրթօջախներն ինչպես կկարողանան սեփական բյուջեով կամ արտաբյուջետային միջոցներով պահել տվյալ խմբակները: Այսինքն` ծրագիրը կլինի անվճա՞ր, թե՞ վճարովի, հավանաբար, կորոշեն դպրոցները:

Մենք հույս ունենք «Նաիրի» լաբը տեղադրել Հայաստանի բոլոր կրթօջախներում, և այդպիսով, կարծում եմ` կկարողանանք նաև վերացնել Երևանի և շրջանների դպրոցների տարբերությունները ՏՏ առումով: Այս ամենն իրականացնելու համար միջոցներ են անհրաժեշտ, որոնք գումարներ են պահանջում, ուստի մենք ծրագրի ֆինանսավորման առաջարկ կներկայացնենք Կառավարությանը: Նշեմ, նաև, որ Կառավարությունը նախատեսել է 2016 թվականից առաջին դասարանցիներին տրամադրել համակարգիչներ, որի համար նախատեսում է հատկացնել 10 մլն դոլար:

Մինչդեռ, կարծում եմ, նման կարգի գումարն այդկերպ ծախսելու ՕԳԳ-ն շատ փոքր է, իսկ դա կարելի է շատ արդյունավետ ծախսել, օրինակ, հենց այս տեսակի լաբորատորիաներ ստեղծելով: Չէ՞ որ համակարգչի առջև առաջին դասարանի երեխան շատ քիչ կարող է նստել, ըստ առողջապահական և սանիտարական նորմերի` ճիշտ կլիներ այս համակարգիչները տրվեին 5-րդ դասարանից սկսած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս