«Երբ հավատում ես նրանց ստեղծարար ներուժին, նրանք սկսում են ուղղակի հրաշքներ գործել»
Շուրջ 25 տարի է` աստղագետ Ավետիք Գրիգորյանի ջանքերով գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում Երևանի երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Կրթօջախներում դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը` Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը:
Աստղագետը տարիներ շարունակ անվճար հիմունքներով փորձում է գիտելիքներ փոխանցել ապագա սերունդներին: Այս տարիների ընթացքում Ա. Գրիգորյանի արտադպրոցական պարապմունքներին հաճախած սաներից շատ-շատերն աշխարհի տարբեր երկրներում շարունակել են զբաղվել գիտությամբ և մեծ հաջողությունների հասնել՝ աշխատելով խոշորագույն ընկերություններում: Իր գիտելիքները փոխանցելու և դասընթացը շատերին հասանելի դարձնելու համար աստղագետը գիտահանրամատչելի գիրք էր գրել՝ «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք», որը, ըստ հեղինակի՝ երեխայի մոտ աշխարհայացք է ձևավորում: 5-6 տարի շարունակ աստղագետը փորձում էր միջոցներ գտնել գիրքը տպագրելու համար, և վերջապես երկար սպասվածն իրականություն դարձավ այս տարի: Այս տարի լրացավ նաև «Տիեզերք» ակումբի գործունեության 25-ամյակը:
Այս առիթով էլ զրուցեցինք ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար, «Դարերի խորքից` դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի հեղինակ Ավետիք Գրիգորյանի հետ:
– Հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ճանապարհին՝ ի՞նչ մտորումներ ունեք:
– Անցած ճանապարհը հետաքրքիր է նրանով, որ այն չի նմանվում ոչ մի նմանատիպ կրթական կառուցվածքի, որևէ կրթօջախի, որին կարծես թե պետք է նմանվեր: Այսինքն` իրավաբանորեն այն կոչվում է Կրթության և գիտության նախարարության Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակ, սակայն այն նման չէ արտադպրոցական որևէ մի խմբակի: Առաջին հայացքից այդպիսի խմբակներ շատ կան` և բնագիտական, և ոչ բնագիտական ուղղվածության, և այս խմբակում ոչ մի արտառոց բան չպետք է լիներ, սակայն ակումբի գործունեության 25 տարիներն արդեն իսկ խոսում են այն մասին, որ սա բացառիկ երևույթ է:
Բացի այդ՝ դրանում ներգրավվել են և ուսանողներ, և շատ այլ մարդիկ, և մեր ակումբի շրջանավարտներից շատերն այս դասընթացներն ավարտելուց հետո ևս միշտ կապված են մնացել խմբակին և նրա գործունեությանը: Խմբակը, կարելի է ասել, գործել է` որպես ակտիվ հասարակական կազմակերպություն, ավելի ակտիվ, քան այլ իրավաբանորեն գրանցված հասարակական կազմակերպությունները: Ակտիվ` թե կրթելու, թե կրթությանը նպաստելու, թե երեխաներին դեպի գիտություն ոգեկոչելու, ինչպես նաև` նրանց մեջ որոշակի շատ կարևոր մտածելակերպ մշակելու առումով, և այլն: Եթե դիտարկենք իր գործունեության բազմակողմանիությամբ, ապա այս կարգի խմբակ ստեղծելու ժամանակ մենք չգիտեինք, որ նման բան գոյություն չունի: Իսկ հետագայում, երբ փնտրեցինք նման խմբակներ, որոնց հետ ցանկանում էինք կապ հաստատել, տեսանք, որ ստեղծել ենք մի բան, որի նմանը չկա. Խորհրդային Միության սահմաններում, դրանից դուրս չգտանք նման խմբակ:
Հիմա էլ չենք գտնում այդպիսի խմբակ: Ճիշտ է՝ մեր ակումբը կոնկրետ թեմատիկա ունի` տիեզերագիտական թեմաները, բայց այն շատ ավելի լայն է` իր դիրքով, խորությամբ, գործունեությամբ, բազմակողմանիությամբ: Այն երեխաներին աշխարհայացք է տալիս և այս ամենով այնպիսի հիմքեր է դնում, որ, անկասկած, այդ երեխաները գնում և հասնում են մեծ հաջողությունների, իսկ հետագայում անպայման հետ նայելով` ասում են, թե որտեղից սկսվեց իրենց մեկնարկը՝ մատնանշելով մեր խմբակը: Այսինքն` մարդիկ, ասես, հոգեպես կապվում են այս խմբակի հետ, ամեն կերպ աջակցում են և դառնում են հովանավորներ: Կարծես թե նրանց ուղին սկսում է այս խմբակից, և այդ առումով` սա բացառիկ բան է, որը բարձրաձայնվեց նաև հոբելյանական միջոցառման ժամանակ, որտեղ խտացված կերպով ներկայացվեց այդ ամենը:
– Կարծես թե մեծ շուքով եք նշել այն, այնպես չէ՞:
– Այո, Տիեզերագիտական ակումբի 25-ամյակը հանդիսավորությամբ նշեցինք Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում, և քանի որ անցած ուղին և հաջողությունները մեծ էին, ըստ այդմ էլ՝ հանդիսությունն էր մեծ, մասնակիցներն էին շատ, մոտ 150-200 մարդ, որոնց կեսը կամ ավելին մեր խմբակի տարբեր սերունդների սաներն էին, որոնց մեջ անգամ 40-ն անց մարդիկ կան: Իհարկե, ներկա էին նաև մեծ թվով հետաքրքրասերներ:
– Այս տարիների ընթացքում Ձեր ձեռքբերումներից ո՞րը կառանձնացնեք: Արդյոք այն նպատակները, որոնք դրել էիք խմբակի ստեղծումը նախաձեռնելիս՝ արդարացա՞ն:
– Երևի թե՝ այո, ես միշտ անհամբեր սպասում էի, ասում էի, որ ուզում եմ, ի վերջո, տեսնել իմ հետևորդներին, այսինքն` իմ կողքին մարդիկ, որոնք գալիս են դեպի գիտություն և տեխնիկա, նվիրվում են այդ բնագավառներին, ու նաև մարդիկ, որոնք ցանկանում են այդ ամենն իրականացնել այստեղ` Հայաստանում: Ստացվեց այնպես, որ, իրոք, շատ կարևոր հաջողությունների հասած մարդիկ կան մեր շրջանավարտների մեջ, և այսօր արդեն (թեկուզ քիչ են, մոտ 200 հոգի, քանի որ երկու տարվա դասընթաց է, և երկու տարին մեկ եմ խումբ հավաքում) մեծ հաջողությունների հասած մարդկանց թիվն այստեղ աննախադեպ մեծ է, և նրանք, փաստորեն, այժմ իրենց գործունեությամբ և դիրքով Հայաստանում արդեն նկատելի շերտ, որակ են կազմում:
Մեր հոբելյանական հանդիսավոր միջոցառման ժամանակ իմ նպատակներից մեկն էլ այն էր, որ ցանկանում էի ցույց տալ, որ ընդհանրապես Հայաստանում կան մարդիկ, ովքեր անցել են այս դպրոցը և աշխատում ու վաստակում են Հայաստանում և շարունակում են իրենց գործունեությունը՝ առանց հրաժարվելու իրենց մասնագիտությունից և չգնալով ավելի եկամտաբեր բնագավառներ: Ես հաճախ եմ այդ օրինակները ցույց տալիս, որպեսզի նոր սերունդը ոգևորվի:
– Հետաքրքիր է, Ձեր շրջանավարտների մեծ մասը Հայաստանո՞ւմ է, թե՞ դրսում, ի՞նչ տվյալներ, արդյունք ունեք:
– Այո, նրանց մեծ մասը Հայաստանում է, իսկ նրանք, ովքեր դրսում են, ապա, որպես կանոն, այն բնագավառի մասնագետներն են, որը Հայաստանում զարգացնելը սկզբունքորեն անհնար կլիներ, համենայնդեպս` այս փուլում: Օրինակ, որոշակի բնագավառներում ցանկություն ունեցողը չի կարող մնալՀայաստանում, զբաղվել իր մասնագիտությամբ և առաջխաղացում ունենալ, նա պետք է անպայման գնա Ռուսաստան, Ամերիկա և այլ երկրներ և փորձի այդ միջազգային փորձն իր մեջ կուտակել և ինչ-որ ներդրում ունենալ այդ ոլորտում:
Եվ երբ այդ սովորողը գնում է Հայաստանից, մի կողմից` ցավ եմ ապրում՝ որպես հայ, իսկ մյուս կողմից էլ՝ ոգևորվում եմ, որ Հայաստանում չեղած բնագավառն ինչ-որ տեղ այս ուսանողները կարողանում են դրսում յուրացնել, և հույս կա, որ երբևիցե նրանք այդ ամենը կբերեն նաև Հայաստան: Նման բաներ արդեն եղել են, օրինակ, իմ աշակերտներից ոմանք այնպիսի բնագավառներից են նախագծեր բերել Հայաստան, որոնք Հայաստանում ժամանակին գրեթե չկային:
– Օրինակներ կնշե՞ք:
– Օրինակ` մաթեմատիկոս և ծրագրավորող Կարեն Իսպիրյանը, ով մինչ վերջերս ապրում էր Հարավային Կորեայի Սուվոն քաղաքում և աշխատում էր «Samsung Electronics» կորպորացիայում` որպես ծրագրային անվտանգության համակարգերի նախագծող-ճարտարագետ: Նա իմ առաջին սերնդի այն ներկայացուցիչներից է, ով այստեղ ավարտելով իմ դասընթացները՝ գնաց ՏՏ ոլորտ, խորացավ ծրագրավորման, մասնավորապես` ծածկագրման տեխնոլոգիաների մեջ և, ի վերջո, հրավիրվեց հարավկորեական խոշոր ընկերությունում աշխատելու, որտեղ մի քանի տարի աշխատելով` ղեկավարեց մասնագետների խումբ և շատ մեծ հաջողություններ ունեցավ: Իսկ ամենամեծ հաջողությունը համարում եմ այն, որ նա սկսեց նախագծեր բերել Հայաստան:
Նա մինչև հիմա էլ Կորեայից շարունակում է նախագծեր բերել: Այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում և կրկին փորձում է նախագծեր բերել Հայաստան: Իսկ դա նշանակում է՝ աշխատատեղեր և գիտատար բնագավառում աշխատող երիտասարդներ: Կամ, օրինակ, Տիգրան Շահվերդյանը, ով «Սելենոխոդ» լուսնագնացի նախագծի ծրագրերի ղեկավարն է և գիտական տնօրենը: Նա նշում է, որ հենց մեր ակումբի շնորհիվ իր մեջ մնաց սերը տիեզերագնացության հանդեպ և այդ ուղղությամբ շարունակելու համար: Մի խոսքով` մեր ակումբի սաները կրկին անկյունաքարային դիրքերում են նմանատիպ բնագավառներում: Նշեմ նաև, որ ակումբի շրջանավարտների մեջ կան նաև տեսաբաններ, օրինակ` Ամերիկայում բնակվող ֆիզիկոս տեսաբան Հրայր Մաթևոսյանը, կամ Հայկ Սարգսյանը, ով Հայաստանում է աշխատում:
Նա դոկտոր-պրոֆեսոր է և ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է: Նա իրականում շատ լավ օրինակ է մեր երիտասարդների համար, թե ինչպես կարող է մարդը Հայաստանում մնալ, աշխատել և մեծ հաջողությունների հասնել: Տեսական բնագավառում, իրոք, դա ավելի իրատեսական է, քան փորձարարական բնագավառում: Սակայն կան նաև տեսաբաններ, ովքեր գնացել են արտասահման և այնտեղ են հաջողությունների հասել՝ ստեղծելով իրենց ընկերությունները:
– Փաստորեն, Ձեր սաներն առաջատար դիրքերում են, երևի հենց դա էլ համարում եք Ձեր խմբակի կարևորագույն ձեռքբերումներից մեկը, այնպես չէ՞:
– Երբեմն այստեղ հարց է դրվում՝ արդյո՞ք այդ ամենը կարելի է վերագրել խմբակին: Նախ` ասեմ, որ այստեղ կարևոր է, որ աշակերտների ծնողներն են իրենց լավ դաստիարակել, երկրորդ՝ նրանք սովորել են կամ ֆիզմաթ դպրոցում, կամ «Քվանտ» վարժարանում և այլուր, ինչը ևս շատ կարևոր է: Բայց հարցը նաև նրանում է, որ՝ այո, նրանք իրենց առաջխաղացման մեջ, տարբեր մարդկանցից և կրթօջախներից բացի՝ տեսնում են նաև խմբակի կարևորությունը: Այստեղ պետք է նշել, որ խմբակը նրանց տվել է մի բան, որը բացառիկ է. դա ստեղծագործական ունակությունն է և ազատությունը, որը թույլ է տալիս զարգացնել այդ ունակությունը: Ստեղծագործական ազատության, մոտեցումների և մեթոդաբանական առումով՝ խմբակը զգալի իմպուլս է տալիս այդ երեխաներին, եթե նրանք այդ դպրոցն անցնում են:
– Ազատություն ասելով` ի՞նչ նկատի ունեք:
– Մի հետաքրքիր բան ասեմ. այն, ինչը, ես համարում եմ, որ կարելի է վստահել երեխային, որ նա կարող է այդպիսի հետազոտական աշխատանք կատարել և այլն, սովորաբար ոչ մի տնօրեն կամ ուսուցիչ չի պատկերացնում: Երբ մի անգամ Մոսկվայում գործուղման ժամանակ խոսում էի ինչ-որ տիեզերական նախագծի մասին, ուզում էի իմ երկու ուսանողներին էլ ներգրավել, հարցրեցի՝ իսկ ինչո՞ւ չեք ներգրավում նաև աշակերտներին, նրանք խիստ զարմացան:
Բայց երբ դու հավատում ես այդ երեխաների երևակայության ուժին, ստեղծագործական ներուժին և այդ հավատը ներշնչում ես նաև նրանց, նրանք ուղղակի ծաղկում են, նրանց աչքերը փայլում են, նրանք սկսում են ուղղակի հրաշքներ գործել: Դու իրենց առաջ դնում ես խնդիր, ասենք՝ ինչ-որ գյուտարարական, գիտական խնդիր, և այլն, իսկ ինքը սկսում է այնպիսի մտքեր գեներացնել, որ ինքն էլ իրենից չէր սպասում և չէր կարծում, որ կարող է այդպիսի մտքի թռիչք ունենալ: Կարծում եմ, որ այս հավատն է, որ օգնել է նրանց և ինձ` այդքան հաջողությունների հասնել: Ուղղակի պետք է հավատալ և օժանդակել և ճիշտ մեթոդով տանել նրանց` դեպի ստեղծագործական որոնումները: