
Ամենակարեւորն այն է, որ լրագրողներին թույլ տան ազատ աշխատել, ոչ մի դեպքում նրանք չզգան վախ՝ իրենց գործն իրականացնելիս». Միկլոշ Հարաշտի

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով նախկին ներկայացուցիչ (2004-2010թթ) Միկլոշ Հարաշտին ԳԱԼԱ-ին տված բացառիկ հարցազրույցում իր տեսակետն է հայտնել տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ: ԵԱՀԿ-ն տարիներ շարունակ լրատվամիջոցների անկախ գործունեության ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել: Ամփոփելով արված աշխատանքի արդյունքները՝ Միկլոշ Հարաշտին ընդգծում է, որ իհարկե դրական դինամիկա նկատելի է Հարավային Կովկասում գործող լրատվամիջոցների գործունեության առումով: Դաշտը որոշակիորեն բարելավվել է, սակայն զուգահեռաբար նոր խնդիրներ են առաջանում: Մամուլի ազատության հարցերով նախկին ներկայացուցիչն ընդգծում է, որ ցավոք սրտի այդ առաջընթացը ակնհայտ ու հաստատուն չէ: Ցանկացած պահի երեք երկրներում էլ կարող է իրավիճակ փոխվել եւ շատ արագ նահանջ արձանագրվել: Միեւնույն ժամանակ Միկլոշ Հարաշտին չի ցանկանում համեմատել՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան… ո՞ր երկրում է ավելի բարվոք իրավիճակը, որտե՞ղ է խոսքի ազատության վիճակն ավելի կայուն:
«Կան բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք կազմել են ռեյտինգային աղյուսակ: Եթե խոսքի ազատության վիճակը վատթարանում է, կամ հակառակը՝ տեղի է ունենում առաջընթաց, դա արձանագրվում է: ԵԱՀԿ-ն երբեք այդպիսին չի եղել, որ համեմատի երկրներն իրար հետ:
Անձամբ իմ կարծիքով այսօր ամենալուրջ խնդիրն այն է, որ դեռեւս կան երկրներ, որտեղ առ այսօր լրագրողների հանդեպ բռնություն է կիրառվում: Կարող են թե առողջությանը, թե կյանքին վնաս հասցնել: Եվ դա անել առանց պատժվելու: Բարեբախտաբար Հայաստանը այդ երկրների թվին չի պատկանում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ինքնագրաքննությունը խնդիր չէ: Դրան կարելի է հասնել նաեւ այլ միջոցներով, ոչ միայն ֆիզիկական բռնությամբ: Կարելի է ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որտեղ դա տեղի է ունենում ինքնաբերաբար: Ամենակարեւորն այն է, որ լրագրողներին թույլ տան ազատ աշխատել, ոչ մի դեպքում նրանք չզգան վախ՝ իրենց գործն իրականացնելիս»,- ասում է Միկլոշ Հարաշտին:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով փորձագետներն ընդգծում են նաեւ, որ Հարավկովկասյան երկրներում լուրջ խնդիր է նաեւ թվայնացման անցնելու գործընթացը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: